Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղի բնակիչները դժգոհում են, որ ամեն տարի Կախեթից իրենց գյուղով ոչխարներ են տեղափոխում, և ամեն անգամ գյուղում տարբեր խնդիրներ են առաջանում։
«Օրական միջինում անցնում է 2000 – 4000 ոչխարից բաղկացած 3-4 հոտ, որից հետո սեփականություն հանդիսացող վարելահողերը դառնում են անօգտագործելի։ Մեր մասնավոր հողերը դառնում են անպիտան, տեղափոխման ընթացքում ոչխարները արածում են: Փող ենք ծախսել, հողերը հերկել ենք։ Մենք ապրում ենք բարձրադիր վայրերում, որտեղ ութ ամիս ձմեռ է, զբաղվում ենք անասնապահությամբ։ Երկրորդ խնդիրն այն է, որ տեղափոխումն իրականացվում է գյուղով, փոշի է բարձրանում, անհնար է շնչել, դուրս գալ փողոց, շներն էլ հարձակվում են մարդկանց վրա։ Երկու տարի առաջ շունը կծեց ուսուցչուհուն։ Ի՞նչ անենք»,– դժգոհում են գյուղացիները։
Բնակիչների խոսքով՝ ոչխարների օրենքով սահմանված երթուղին անցնում է գյուղով, երթուղու մի մասն անցնում է նաև բնակիչների բակերով ու տների վրայով։ Սխալ արված գծանկարի պատճառով բնակիչները չեն կարողանում գրանցել տներն ու բակերը։
Այս խնդիրը լուծելու համար գյուղացիներն առաջարկում են փոխել երթուղին և ոչխարներին ուղղորդել այլ ճանապարհով, որը չի վնասի արոտավայրերին և գյուղին։
Սագարեջոյի ֆերմեր Գելա Կևլիշվիլին ասում է. «Այս ճանապարհով անցնում ենք արդեն ավելի քան 15 տարի։ Մեզ համար նույնպես շատ դժվար է։ Չգիտենք ինչ անենք, Հարկավոր են ցուցանակներ և հստակ նշված ճանապարհ՝ սովորական երթուղիով։ Մեզ համար էլ տհաճ է գյուղերով անցնելը, բայց ի՞նչ անենք, եթե երթուղին այսպիսին է: Թող այլ երթուղի տան, և մենք այդ ճանապարհով կգնանք»։
Նինոծմինդայի քաղաքապետարանում Տամբովկա գյուղի ներկայացուցիչ Մասիս Աղայանի խոսքով՝ բնակիչները ճիշտ են ասում, որ խնդրում են փոխել երթուղին և ոչխարներին ուղղորդել այլ ճանապարհով։
Ամեն գարուն Կախեթիից մինչև 280,000 գլուխ ոչխար բերում են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ամառային արոտավայրեր: Գործընթացը սովորաբար տևում է մինչև երեք շաբաթ: Կախեթիում ոչխարների ամառային արոտավայրեր տեղափոխելու սեզոնը բացվել է մայիսից։