ԵԺԿ-ն Եխ-ին առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի դեմ

ԵԺԿ-ն Եխ-ին առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի դեմ

Եվրախորհրդարանն այս շաբաթ կքննարկի Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և որոշ վրացի դատավորների դեմ անհատական ​​պատժամիջոցներ կիրառելու առաջարկով։

Բանաձեւն առաջարկել է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ): Խոսքը վերաբերում է Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության ոտնահարմանը։ Փաստաթղթից հատվածներ հրապարակում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։

«Հաշվի առնելով, որ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին խարխլում է երկրի ժողովրդավարական համակարգը, ինչպես նաև դատավորներին և դատախազներին, որոնք խանդավառությամբ կիրառում են ընտրովի արդարադատություն, նրանց նկատմամբ պետք է կիրառվեն նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ»,- ասված է բանաձևի նախագծում։

Բանաձևի հեղինակները թվարկում են Վրաստանում անցած տարվա ընթացքում լրատվամիջոցների ազատության ոլորտում տեղի ունեցած առանցքային իրադարձությունները՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում լրագրողների վրա հարձակումներ, ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքի գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալությունը, մամուլի ազատության ինդեքսում երկրի դիրքերի կորուստը և այլն։ Նրանք կոչ են անում վրացական իշխանություններին իրականացնել լրագրողների դեմ հանցագործությունների լիարժեք հետաքննություն։

Բանաձեւի այլ դրույթներ.

  • Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատ արձակելու կոչ, որպեսզի նա բուժվի արտերկրում
  • Վրաստանում քաղաքական բևեռացման մտահոգություններ
  • Դատապարտում «Վրացական երազանքի» բարձրաստիճան պաշտոնյաների հարձակումները Եվրախորհրդարանի անդամների վրա
  • Աջակցություն վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին։ Եվրոպական կառույցներին կոչ է արվում աշխատել, որպեսզի Վրաստանը ստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։

Բանաձեւի նախագծի տեքստը վերջնական չէ։ Հինգշաբթի՝ հունիսի 9-ին նշանակված քվեարկությունից առաջ այն կարող է փոփոխվել Եվրախորհրդարանում ներկայացված մյուս կուսակցությունների նախաձեռնությամբ։ Հայտնում է newsgeorgia-ն։