Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համաճարակաբանական հետազոտություններ, իրականացվել՝ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվող բակային համայցերի արդյունքում հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները հետեւյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ եւ հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական միտում:Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Ձեռնարկված համալիր կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:/NEWS.am/