Հուլիսի 11-ին Նինոծմինդա քաղաքում «Ռաֆայել Ջավախ» մշակութային և կրթական կենտրոնի բակում տեղի ունեցավ Խաչքարի բացման պաշտոնական արարողությունը։
Խաչքարի օծման ոգեկոչման արարողությունը գլխավորել են Տեր Նշան քահանա Համայակյանը և Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:
Խաչքարը տեղադրվել է Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Խաչքարի ձեռագործ քանդակագործը Արա Ղարսլյանն է։
Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել մեծ թվով հյուրերի ներկայությամբ։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությունը և քաղաքի բնակիչները։
Ինչպես նշեց բարերար Արմեն Ղարսլյանը, այսօր շատ հայտնի օր է ինչպես մեր Ղարսլյանների, այնպես էլ քաղաքի բնակիչների համար։ Այս խաչքարը կանգնեցվել է ի պատիվ մեր նախնիների։ «Ես ուզում եմ, որ այս վայրը ծառայի որպես բնակիչների համար աղոթելու ևս մեկ վայր։ Սա ոչ միայն իմ պապիև տատի՝ Թևան և Արևակ Ղարսլյանների հիշատակին նվիրված խաչքար է, այլ նաև մեր բոլոր նախնիների համար, ովքեր եկել ու հիմնել են այս վայրը»։
Ինչպես մեկնաբանեց քանդակի հեղինակ Արա Ղարսլյանը, երեք մետրանոց բազալտե խաչքարը պատրաստվել է մեկ տարում։
«Ռաֆայել Ջավախ» մշակութային և կրթական կենտրոնի երեխաները համերգ էին պատրաստել, որտեղ ելույթ ունեցան պարով և երգով։