Ուժեղ ռուբլին բացասական գործոն է դարձել որոշ երկրների տնտեսությունների համար

Ուժեղ ռուբլին բացասական գործոն է դարձել որոշ երկրների  տնտեսությունների համար

Դոլարի նկատմամբ ռուբլու ամրապնդումը ապրիլ-հունիս ամիսներին բացասաբար է ազդել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ազգային արժույթների վրա եւ կարող է «շոշափելի ու ոչ միանշանակ հետեւանքներ» ունենալ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի տնտեսությունների համար, զգուշացրել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները։ Տարածաշրջանի տնտեսությունների վիճակի վերանայման ժամանակ փորձագետները մատնանշել են հարեւան երկրներում գնաճի արագացման եւ Ռուսաստանից ապրանքների գնումների կրճատման ռիսկերը:

«Տենգեն տարեսկզբից ռուբլու նկատմամբ թուլացել է ավելի քան 30 տոկոսով։ Թուլացման զգալի մասը տեղի է ունեցել հունիսին։ Նման միտում է նկատվում նաեւ Ղրղըզստանում, որտեղ հունիսի սկզբից սոմը մեկ դոլարի դիմաց կազմում է մոտ 79,5, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 14 տոկոսով։ Բելառուսական ռուբլին ռուսականի նկատմամբ հունիսին թուլացել է 17 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ գրեթե 40 տոկոսով։ Հայկական դրամը տարեսկզբից աճել է 20 տոկոսով»,- ասում է ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը։

Եվրասիական տարածաշրջանի երկրների ազգային արժույթների նկատելի թուլացումը ռուբլու նկատմամբ իսկապես տիպական չէ, ասում է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների «Ռենեսանս կապիտալ»-ի տնտեսագետ Սոֆյա Դոնեցը. « Նման ժամանակներ եղել են, բայց այշմ շեղումների մասշտաբը բացառիկ է, որոշ զույգերի համար դա երկարաժամկետ միտման մինչեւ 20 տոկոսն է կազմում: Իսկ հիմա ամեն ինչ ավելի շատ կապված է այն բանի հետ, որ ռուբլին գերարժեւորված է hard currencies-ի (կոշտ արժույթներ, դոլար եւ եվրո) համեմատությամբ»։

Ռուսաստանի հարեւանների մեծ մասի արժույթներն ավանդաբար տատանվում են ռուբլու հետ, բայց դա այլեւս գոյություն չունի, քանի որ ռուբլին այժմ սահմանափակ փոխարկելի արժույթ է, ասում է, Արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի (FPRI, Ֆիլադելֆիա) անդամ Մաքսիմիլիան Հեսը: Սա, մասնավորապես, նշանակում է, որ ռուսական արտահանումը ԵԱՏՄ երկրներ եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրներ կդառնա ավելի քիչ մրցունակ։ «Կասկածում եմ, որ մեծ տարբերություններ կլինեն [ԵԱՏՄ երկրների արժույթների նկատմամբ ռուբլու ամրապնդման] ազդեցության մեջ մաքոքային առեւտրի եւ արդյունաբերական առեւտրի վրա, առաջիններն ավելի մեծ ազդեցություն կունենան։ Միաժամանակ, հնարավոր է, որ Չինաստանից ավելի շատ ապրանքներ գան Ռուսաստան՝ Կենտրոնական Ասիայի երկրների միջոցով»,- հնարավոր է համարում Հեսը։

ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նաեւ նշում են, որ ռուբլու նկատմամբ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի ազգային արժույթների թուլացումը կարող է հանգեցնել Ռուսաստանից ապրանքների ներմուծման ծավալների նվազման։ «Մյուս կողմից, այդ երկրներից Ռուսաստան մատակարարվող ապրանքները կդառնան ավելի մրցունակ գնային առումով, ինչը կաջակցի արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտահանողներին»,- կարծում են փորձագետները։

Բացի այդ, ինչպես նշվում է ԵԱԶԲ-ի վերլուծության մեջ, ռուբլու նկատմամբ ԵԱՏՄ երկրների արժույթների թուլացումը կարող է գնաճ հրահրող լրացուցիչ գործոն դառնալ։ Տարածաշրջանի երկրներում, բացառությամբ Ռուսաստանի, արդեն իսկ արագանում է գների աճը, օրինակ՝ Ղազախստանում հունիսին գնաճը տարեկան 14-ից հասել է 14,5 տոկոսի, Բելառուսում՝ մինչեւ 17,6 տոկոսի։ Հայաստանում գների աճը տարեկան կտրվածքով հասել է 10,3 տոկոսի

Գնաճային շոկը, եթե այդպիսին լինի, կլինի կարճաժամկետ, եւ գնաճամետ գործոնները չպետք չէ ուռճացնել, կարծում է Դոնեցը: Նրա խոսքով, հարեւան երկրների ազգային արժույթների թերագնահատված լինելը առավելություններ ունի, մասնավորապես, գնաճային ռիսկերի նվազեցումը, հատկապես այն երկրների համար, որտեղ մեծ մասնաբաժին ունի Ռուսաստանից ներկրումը։ Այլ առավելությունների թվում է նաեւ Ռուսաստանում աշխատող միգրանտներից իրենց հայրենիք դրամական փոխանցումների աճը: «Փոխարժեքի տարբերության պատճառով տրանսֆերտների ծավալն աճում է, ինչը չի եղել մյուս ճգնաժամերի դեպքում։ Սա նպաստում է սպառմանը այս տնտեսություններում»,- ասում է Դոնեցը:

«Վատ կողմը տեղական արտադրողների մրցունակության նվազումն է, ինչը կարող է ազդել տնտեսական գործունեության վրա։ Բայց էֆեկտը դժվար թե աղետալի լինի»,- ամփոփում է տնտեսագետը։

«Տնտեսական ցնցումների ժամանակ փոխարժեքների ապասինխրոնիզացիան խնդիրներ է ստեղծում արտաքին առեւտրի համար եւ ազդում միջազգային առեւտրային ապրանքների մրցունակության վրա»,- ասում է ՌԳԱ ԱԿԻ տնօրեն Ալեքսանդր Շիրովը՝ Եվրասիական տարածաշրջանի երկրների համար հետեւանքների մասին: Նա նշում է, որ բելառուսական ռուբլին եւ հայկական դրամը խիստ գերարժեւորված են դոլարի նկատմամբ։ «Եվ դա խնդիր է Բելառուսի եւ Հայաստանի համար, քանի որ նրանք կորցնում են եկամտի մի մասը, որը կարող էին ստանալ, այդ թվում՝ իրենց տարածքներով Ռուսաստան զուգահեռ ներմուծման միջոցով»,- նշում է նա։

Ռուբլու նկատմամբ ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների թուլացումը ընդհանուր առմամբ դրական է այդ տարածաշրջաններից Ռուսաստան ավանդական մատակարարումների համար, ասում է Դոնեցը։ «ԱՊՀ երկրներից Ռուսաստան ավանդական ներմուծման ծավալը բավականին զգալի է, սակայն դրա կառուցվածքը դեռեւս տեղաշարժված է դեպի հումք, սննդամթերք, սպառողական ապրանքներ, այլ ոչ թե դեպի բարձր տեխնոլոգիաներ։ Այսպիսով, այս երկրներից ապրանքների ներմուծման աճը կարող է դրականորեն ազդել ռուսական ներմուծման ցուցանիշների վրա, մեծացնել այն, բայց միայն պարենային եւ սպառողական ապրանքների մասով, իսկ բարձր տեխնոլոգիաների ներմուծման հետ կապված խնդիրները չեն կարող լուծվել այդ կերպ»,- նշում է նա։

Նրա խոսքով, բելառուսական ռուբլու, ղազախական տենգեի, հայկական դրամի եւ ղրղըզական սոմի թուլությունը կարող է շահավետ լինել նրանց համար, ովքեր մտածում են ներդրումներ կատարել այդ արժույթներում։ «Նրանք դեռեւս ունեն ռուբլու նկատմամբ ամրապնդվելու ներուժ։ Սա նշանակում է, որ մինչեւ մեկ տարվա հորիզոնում եվրասիական տարածքի երկրների արժույթները դիվերսիֆիկացիայի տեսանկյունից գրավիչ տեսք ունեն»,- եզրափակում է Դոնեցը։