Վերին Լարսի անցակետում ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը դիմել է վրացական կողմին՝ Ռուսաստանի հետ լաստանավային անցակետ բացելու խնդրանքով, հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը։
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, դրա պատճառը Վերին Լարսի անցակետում գերբեռնվածությունն է, որը հաճախ մի քանի շաբաթով հետաձգում է տարանցիկ բեռների ստուգումը, ինչը էական մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։
«Վրաստանի տարանցիկ միջանցքը շարունակում է աշխատել գերբեռնված ռեժիմով։ Չնայած այն հանգամանքին, որ պետական համապատասխան գերատեսչությունները աշխատում են անընդհատ՝ 24 ժամ, բեռնահոսքերի կառավարումը շատ ավելի բարդ է։ Վերին Լարսի անցակետը Հայաստանի և Ռուսաստանի միջև կապող միակ ցամաքային կետն է, որտեղ գերծանրաբեռնվածության պատճառով տարանցիկ բեռների ստուգումը հաճախ հետաձգվում է մի քանի շաբաթով, ինչը ինչպես շուտ փչացող և պարենային ապրանքների, այնպես էլ առաջին անհրաժեշտության ապրանքների առումով էական մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։
Ելնելով այս խնդիրներից՝ ՀՀ կառավարությունը Վրաստանի կառավարությանը խնդրել է որպես Լարսի սահմանային անցակետի այլընտրանք դիտարկել նաև ծովային տրանսպորտը, որը կիրականացնի Հայաստանի տարանցիկ բեռները սննդամթերքի և փչացող ապրանքների մասով, ինչպես նաև հիմնական ապրանքների մասով:
Ծով ելք չունեցող Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար օգտագործում է Վրաստանի նավահանգիստները և իրականացնում միջազգային առևտուր։ Այս առումով հատկանշական է, որ Վրաստանը հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի միջազգային կոնվենցիայի անդամ։ Այս կոնվենցիայի համաձայն՝ դեպի ծով ելք չունեցող պետությունները պետք է ազատ ելք ունենան դեպի ծով և լինեն ափամերձ պետությունների հետ հավասար պայմաններով՝ դեպի ծով ազատ ելք օգտագործելու համար»,- ասված է հայտարարության մեջ: