Նինոծմինդայի երիտասարդներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ակտիվորեն մասնակցում են բյուջետավորման գործընթացներին և քարոզում են իրենց համար կարևոր թեմաներ։ Այս անգամ թեման 2023 թվականի բյուջեում տեղացի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակների ընդգրկումն էր։
Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի կողմից իրականացվող «Համատեղ բյուջետավորում հանուն քաղաքացիների շահերի» ծրագրի շրջանակներում երիտասարդները քննարկում են Նինոծմինդայի մունիցիպալիտետում առկա խնդիրները և դրանց լուծման մեթոդները։ Նրանք ցանկանում են այդ խնդիրների լուծմանը հասնել տեղական իշխանությունների հետ համագործակցության միջոցով։
Այս նախագծի շրջանակում արդեն տեղի է ունեցել հանդիպում-քննարկում քաղաքապետի հետ երիտասարդական նախաձեռնությունների վերաբերյալ։ Այսօր նմանատիպ հանդիպում տեղի ունեցավ երիտասարդների հետ՝ կրթության թեմայով։ Նինոծմինդայի երիտասարդությունը ցանկանում է, որ քաղաքապետարանը հաշվի առնի իրենց շահերը և հաջորդ տարվա բյուջե մտցնի կոնկրետ նախագծեր։
Այսօր քննարկմանը քննարկվել է վրացական բուհերում սովորող տեղացի ուսանողների կրթաթոշակների թեման։ Քննարկմանը մասնակցում էին Նինոծմինդայի ուսանողներ և դիմորդներ, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։ Նրանք քննարկել են քաղաքապետարանի կողմից տրվող կրթաթոշակների կարևորությունը։
Ի՞նչ էին խնդրում ուսանողները:
Ուսանողների կարծիքով՝ քաղաքապետարանի ֆինանսավորումը լավ լուծում կլիներ, քանի որ տեղացի շատ ուսանողներ և դիմորդներ բախվում են տնտեսական խնդիրների, ինչը հաճախ անհնարին է դարձնում ուսման և բնակարանների վարձի վճարումը։
Երիտասարդները նույնպես կարծում են, որ սա լավ մոտիվացիա կարող է լինել իրենց համար։ Քանի որ կան դիմորդներ, ովքեր մեկնում են արտասահման սովորելու, և, ըստ նրանց, լրացուցիչ ֆինանսավորումը կարող է խթան հանդիսանալ նրանց՝ մնալու և սովորելու Վրաստանում, ինչպես նաև բարձր ակադեմիական առաջադիմություն ունենալ բուհերում։
Ի՞նչ է նրանց առաջարկել քաղաքապետը.
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, լսելով երիտասարդների նախաձեռնությունը, այն լրացրեց սեփական պատկերացումներով և քննարկման մասնակիցներին հրավիրեց դիմում ներկայացնել քաղաքապետարան, որտեղ մանրամասն կներկայացվի նրանց գաղափարը՝ ներառյալ. հետաքրքրված երիտասարդների ստորագրությունները։
Երիտասարդ ուսանողները պետք է հայտ ներկայացնեն մինչև սեպտեմբերի 13-ը՝ հանդիպումներին քննարկելու համար։ Ըստ քաղաքապետի, գաղափարները պետք է դիտարկեն նաև համապատասխան անձինք (քաղաքապետարանի կրթության վարչություն) և, հաշվի առնելով հաջորդ տարվա բյուջեն, անցնեն դրա իրականացմանը։
«Ես շատ ուրախ կլինեմ, եթե մեր գաղափարը դիտարկվի և ներառվի բյուջեում, և մենք էլ մեր հերթին կանենք հնարավոր ամեն ինչ դրա համար»։ ասում է մասնակիցներից մեկը՝ Էլիզաբեթ Սարաուլին։
Նշենք, որ երիտասարդներն այժմ ստորագրահավաք են անում՝ դիմում ներկայացնելու քաղաքապետարան՝ հետագա քննարկման համար։ Նրանք խնդրում են Նինոմինդայի մունիցիպալիտետի բնակչությանը օգնել ստորագրահավաքին, որը հաստատում է իրենց հետաքրքրությունն այս հարցում։ Դրա համար նրանք խնդրում են կապ հաստատել իրենց կամ Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի Նինոծմինդայի մասնաճյուղի հետ:
Ավելին մեր աուդիո նյութում։