Հատվածներ Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպից, կարդում է NOR ռադիոկայանի լրագրող եւ հաղորդավար Մարտին Արոյանը:
«Քանի որ նոր ձայնագրությունների շարք եմ սկսել, մի քանի բառով ներկայացնեմ, թե ինչպես որոշեցի։
Գրականություն կարդում ու ասմունքում եմ շուտվանից։ Գուցե այդ հետաքրքրության պատճառն է մասնագիտությունը։ Մյուս կողմից՝ գրական գործերի ընթերցումն ինձ օգնում է արտահայտել զգացածը:
Մեկը, ում անունը նախընտրում եմ գաղտնի պահել, մի անգամ լսելով ինձ, ասաց, որ մեծ մեղք եմ գործում, որ չեմ ձայնագրում ու հրապարակում ընթերցանությունս։ Ամեն ինչ սկսվեց հենց դրանից…
Ինչ վերաբերում է ընտրածս թեմաներին՝ բարեկամներիցս մեկը, որ լսել էր ասմունքներիցս մի քանիսը, նկատեց, որ հաճախ ընտրում եմ սիրո եւ հրաժեշտի թեմաները, դա ինձ համար դրդապատճառ դարձավ՝ ընտրելու մեկ այլ թեմայով գործ:
Հոկտեմբերի 16 -ն էր՝ 2022 թվականը, դրսում ամպամած էր, ու ողջ օրվա ընթացքում անձրեւում էր՝ Ջավախքի աշնանային եղանակին համահունչ: Ամբողջ օրը տանը համակարգչի դիմաց ուսումնասիրելով տարբեր գրողների՝ վերջապես գտա: Նստեցի մեքենան ու շտապեցի քաղաք (Նինոծմինդա)։
Աշխատանքային օր չէր, ռադիոտան դուռը փակ էր, և բանալին վերցնելու համար անհրաժեշտ եղավ գնալ տնօրենի տուն…
Ձայնագրության ընթացքում անձրեւում էր, եւ միտք ծագեց՝ ձայնագրել անձրեւի ձայնը, ամպի գոռգոռոցը եւ միացնել Տիգրան Մանսուրյանի «Հին օրերի երգը» երաժշտությունը: Այդպես հնարավորինս բնական ստացվեց։
Կարդացի հատվածներ ժամանակակից գրող, հրապարակախոս Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպից։
Հույս ունեմ, որ կարողացա ինչ-որ չափով հեղինակի խոսքը, մտքերը հասցնել ունկնդրողներին: Աֆյանը հարցազրույցներից մեկում ասում է, որ պատերազմի ժամանակ ապրող կամ ապրած բոլոր մարդիկ էլ հերոս են: Ես մտածում եմ, որ պատերազմները վերջ չունեն եւ մենք բոլորս էլ դրա մասնակիցներն ենք՝ մեկը կռվելով, մեկը սպասելով, մյուսը վախենալով, էն մեկն էլ սիրելով:
Վեպից վերցված հատվածը նվիրվում է բոլոր հերոսներին…»
Նյութի հեղինակ՝ Մարտին Արոյան
Նյութում տեղ գտած հեղինակի մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել NOR ռադիոկայանի տեսակետների հետ։