Վրաստան. սկսնակ սոցիալական ձեռնարկությունների համար դրամաշնորհային մրցույթն առաջարկում է 14,000 եվրո յուրաքանչյուր ծրագրի համար

Վրաստան. սկսնակ սոցիալական ձեռնարկությունների համար դրամաշնորհային մրցույթն առաջարկում է 14,000 եվրո յուրաքանչյուր ծրագրի համար

Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը (CSRDG) հրավիրում է նախաձեռնող խմբերին և սկսնակ սոցիալական ձեռնարկություններին մասնակցելու դրամաշնորհային մրցույթին։

Հայտամրցույթը նպատակ ունի աջակցել նախաձեռնող խմբերին և սկսնակ սոցիալական ձեռնարկություններին` ստանալու լրացուցիչ ֆինանսավորում իրենց գաղափարները նորարարական և կայուն ուղիներով իրականացնելու համար:

Հայցվող դրամաշնորհի չափը չպետք է գերազանցի 14,000 եվրոն:

Հայցվող միջոցների առնվազն 10%-ը պետք է համաֆինանսավորվի դիմորդի կողմից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետնը դեկտեմբերի 8-ն է։

Հայտը պետք է ներկայացվի վրացերեն լեզվով։

Նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 13-ը միացիր Կարիերայի համաշխարհային ամսվա միջոցառումներին

Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ գործող Կարիերայի ուղղորդման միջգործակալական աշխատանքային խումբը կազմակերպում է առաջին Կարիերայի համաշխարհային ամիսը:

Նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում միջազգային գործակալությունները կանցկացնեն մի շարք գլոբալ և տարածաշրջանային միջոցառումներ` համագործակցելով ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների կարիերայի զարգացման ոլորտում գործող ազգային, տարածաշրջանային և համաշխարհային ասոցիացիաների հետ։

Համաշխարհային և տարածաշրջանային հիմնական գործընկերների թվում են Քարիեր Լաբ Հայաստանը և Ուկրաինայի կարիերայի ուղղորդման և կրթական խորհրդատվության ասոցիացիան:

«Կարիերայի ուղղորդումը գնալով ավելի կարևոր է դառնում՝ նպաստելու արժանապատիվ աշխատանքի և ապրուստի միջոցների հասանելիության ապահովման ջանքերին: Աշխատաշուկայում պահանջվող հմտությունների և վերապատրաստման ջանքերի ապահովման, ինչպես նաև մասնագիտական շարժունակության խթանման գործում նրա դերը առանցքային գործոն կլինի տնտեսության վերականգնման գործընթացում»,- ասվում է «Կարիերայի համաշխարհային ամիս» միջոցառման էջում:

Եվրամիությունը և ՎԶԵԲը աջակցում են Վրաստանի կապիտալի շուկայում 80 միլիոն ԱՄՆ դոլարի կանաչ պարտատոմսերի թողարկմանը

Եվրոպական միությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել են առաջին հաղթողին, որը դրամաշնորհ կստանա կապիտալի շուկայի աջակցության իրենց ծրագրի միջոցով։

Georgia Renewable Power Operations-ի (GRPO) թողարկած 80 միլիոն ԱՄՆ դոլարի կանաչ պարտատոմսերի տեղաբաշխումը կդառնա Վրաստանի կապիտալ շուկայում իրականացված խոշորագույն գործարքը։ Բացի այդ, սա նաև երկրում կանաչ պարտատոմսերի թողարկման առաջին դեպքն է։

Ընկերությունը Եվրոպական միությունից կստանա թողարկման հետ կապված վճարների համաֆինանսավորման ներդրում, իսկ աջակցության մեխանիզմը կիրականացվի ՎԶԵԲ-ի կողմից:

«Կարծում եմ, որ ծրագիրը կդառնա երկրում կանաչ և կայուն պարտատոմսերի թողարկման կատալիզատոր և կխրախուսի վերականգնվող էներգիա արտադրողներին իրենց գործունեությունը համապատասխանեցնել բնապահպանական, սոցիալական և կառավարման բարձր չափանիշներին: Մենք չափազանց հպարտ ենք, որ այս հարցում առաջամարտիկներ ենք և նպաստում ենք Վրաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը»,- նշել է GRPOի ֆինանսական տնօրեն Նուկա Մշվիդոբաձեն:

ԵՄի կողմից ֆինանսավորվող Կապիտալի շուկայի աջակցության ծրագիրն ուղղված է Վրաստանում կապիտալի շուկայի զարգացմանը՝ կրթական գործունեության իրականացման, ինչպես նաև աջակցության մեխանիզմի գործադրման միջոցով:

Արեւելյան գործընկերություն. մեկնարկում է «EU4Digital» ծրագրի երկրորդ փուլը

2022թ. հոկտեմբերին պաշտոնապես մեկնարկեց «EU4Digital» ծրագրի երկրորդ փուլը։

«EU4Digital»-ի նպատակն է տարածել միասնական թվային շուկայի առավելությունները դեպի Արեւելյան գործընկերության երկրներ և հանդիսանում է նշված երկրներում թվային փոխակերպմանը աջակցելուն ուղղված ԵՄ դրոշակակիր տարածաշրջանային ծրագրի՝ «EU4Digital» նախաձեռնության կենտրոնական ծրագիրը։

Հետագա երեք տարիների ընթացքում «EU4Digital» ծրագրի 2-րդ փուլը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել վեց հիմնական ուղղությունների վրա՝ «Հեռահաղորդակցության կանոններ», «Էլեկտրոնային վստահության և միջսահմանային թվային ծառայություններ», «Էլեկտրոնային առևտուր», «ՏՀՏ նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր», «Էլեկտրոնային առողջապահություն» և «Թվային հմտություններ»:

«EU4Digital» ծրագրի վերագործարկման առթիվ «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպել է երկու առցանց միջոցառում՝ Արեւելյան գործընկերության թվային համաժողովը՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին, և EU4Digital-ի II փուլի պաշտոնական մեկնարկն ու Ղեկավար կոմիտեի նիստը՝ հոկտեմբերի 25-ին:

Համաժողովն առցանց կարգով համախմբել է ավելի քան 200 շահագրգիռ կողմերի ու գործընկերների ԵՄ-ից և Արեւելյան գործընկերության երկրներից: Քննարկումները վերաբերել են մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև դիմակայուն և կայուն պետական կառավարում, տնտեսություն ու հասարակության կառուցելու հարցերում թվային տեխնոլոգիաների դերին։

ԵՄ-ն և ՅՈՒՆԻԴՈ-ն պատշաճ արտադրական գործունեության (GMP) վերապատրաստում են անցկացնում Վրաստանի դեղարտադրողների համար

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՅՈՒՆԻԴՈ) Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ վերջերս Վրաստանի դեղագործական կլաստերի համար ինտերակտիվ շրջայց էր կազմակերպել Թբիլիսիում գտնվող GM Pharma դեղագործական գործարանում:

Շրջայցը կազմակերպվել էր «Պատշաճ արտադրական գործունեություն» (GMP) ուսումնական ծրագրի շրջանակներում, իսկ GM Pharma-ի ընտրությունը պայմանավորված էր հանգամանքով, որ այն իր գործունեությունն արդեն իսկ համապատասխանեցրել է GMP պահանջներին: Այս տարվա սկզբին ՅՈՒՆԻԴՈ-ն Եվրամիության աջակցությամբ մի շարք դասընթացներ է անցկացրել Վրաստանի դեղագործական կլաստերի անդամների համար՝ բարելավելով որակի պահանջներին համապատասխանելու նրանց կարողությունը:

Վրաստանի դեղագործական կլաստերը, որը միավորում է բակտերիոֆագների և բուսական դեղամիջոցների արտադրողներին, ինչպես նաև աջակից հաստատություններին, նպատակ ունի բարձրացնել արտադրողների մրցունակությունը, վաճառքի ծավալները և նոր շուկաների հասանելիությունը՝ միջազգայնորեն ճանաչված որակի չափանիշների ներդրման միջոցով։

Շրջայցը կազմակերպվել էր «EU4Georgia՝ Նորարարական գործողություններ Վրաստանում մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և ունի 6 միլիոն եվրո բյուջե:

ԵՄ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է անում լրատվամիջոցների սեփականատերերի դեմ գործերում ապահովել ամենաբարձր իրավական չափանիշները

Եվրոպական միությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել ամենաբարձր իրավական չափանիշները լրատվամիջոցների սեփականատերերի դեմ գործերում։

Արձագանքելով Թբիլիսիի վերաքննիչ դատարանի՝ Վրաստանի հեռուստաալիքներից մեկի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի նկատմամբ մեղադրանքը բավարարելու, մասնավորապես՝ վերջինիս 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին որոշմանը՝ ԵՄ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է այս գործին։

«Եվրոպական միությունը առանձին դատական գործերի էությունը չի մեկնաբանում, սակայն մենք ևս մեկ անգամ նշում ենք, որ այս գործի առնչությամբ հարցեր են բարձրացվել, այդ թվում՝ հանրային պաշտպանի կողմից»,- ասվում է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Եվրոպական միությունը հավատարիմ է մնում Վրաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներն իրականություն դարձնելու համար երկրի բոլոր 12 առաջնահերթ խնդիրների լուծմանն աջակցելու գործին։

Այս առումով ԵՄ-ն հիշեցնում է, որ «ազատ, արհեստավարժ, բազմակարծ և անկախ մեդիա միջավայրի երաշխավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, մասնավորապես՝ լրատվամիջոցների սեփականատերերի դեմ հարուցված քրեական դատավարությունների՝ ամենաբարձր իրավական չափանիշներին համապատասախանության ապահովումն» ինքնին Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթություններից մեկն է։

Դեդաենա այգում թվով չորրորդ անգամ անցկացվեց «Բացառիկ վրացական համ» գյուղատնտեսական շուկան

Դեդաենա այգում թվով չորրորդ անգամ անցկացվեց «Բացառիկ վրացական համ» գյուղատնտեսական շուկան։ Ֆերմերների տոնավաճառների այս շարքն իրականացվել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) կողմից՝ Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ:

Գյուղատնտեսական շուկայի մասնակիցները եկել էին Վրաստանի տարբեր շրջաններից և ներկայացնում էին իրենց տեղական արտադրանքը։ Երկօրյա միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին շուրջ 50 արտադրողներ՝ վաճառելով վրացական պանիր, մսամթերք, մեղր, գինի, թեյ և այլ ապրանքներ։

Գյուղատնտեսական շուկային մասնակցում էին նաև ՖԱՕ-ի՝ կին կաթնամթերք արտադրողներին աջակցող ծրագրի շահառուները: Բոլոր մասնակիցները ՖԱՕ-ի կողմից անցել են սննդի անվտանգության և բիզնեսի կառավարման վերապատրաստում: Նրանցից ոմանք նաև ֆինանսական աջակցություն են ստացել ՖԱՕ-ից՝ ԵՄ աջակցությամբ՝ սարքավորումների կամ տարածքների բարելավման համար:

2022 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել «Բացառիկ վրացական համ» շարքի ևս երկու միջոցառում։

Գյուղատնտեսական շուկան իրականացվում է ՖԱՕ-ի կողմից՝ Եվրամիության «EU4Business» նախաձեռնության «Նորարարական գործողություններ Վրաստանում մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման համար» ծրագրի և այլ հովանավորների աջակցությամբ: Նախաձեռնության նպատակն է աջակցել վրաստանցի ձեռներեցներին իրավական միջավայրի բարելավման և ֆինանսավորման հասանելիության հարցերում՝ միաժամանակ ամրապնդելով նրանց կապերը Եվրոպական միության հետ:

Աջարիայից 24 կին մասնակցել են գաստրոնոմիական զբոսաշրջության մասին դասընթացի

Աջարիայի բարձր լեռնային շրջաններում բնակվող 24 կին մասնակցել են գաստրոնոմիական զբոսաշրջության մասին դասընթացի։

«Աջարիայի լեռնային շրջաններում կանանց կողմից գաստրոնոմիական զբոսաշրջության խթանման միջոցով կանանց ձեռնարկատիրական հնարավորությունների զարգացում» ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): Այն իրականացվել է Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) կողմից, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում շրջակա միջավայրի պաշտպանության և կայուն զարգացման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն է։

Դասընթացը ներառում էր ինտերակտիվ ուսուցում, ճանաչողական այցեր և գործնական սեմինարներ:

Դասընթացի ավարտին մասնակիցները մրցույթի համար ներկայացրին իրենց փորձնական գաղափարները։ Վեց լավագույն ծրագրերը ստացան դրամաշնորհներ՝ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։

ԵՄ Խորհրդի նախագահությունը և Եվրոպական խորհրդարանը պայմանավորվել են ժամանակավորապես չընդունել Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված տարածքներում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը

Նոյեմբերի 10-ին ԵՄ Խորհրդի նախագահությունը և Եվրախորհրդարանը նախնական համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված տարածքներում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը չընդունելու վերաբերյալ։ Համաձայնեցված տեքստը ենթակա է հաստատման Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից:

Այս որոշումն ուղղված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի և օկուպացված շրջանների բնակիչներին ՌԴ անձնագրեր տրամադրելու պրակտիկայի դեմ։ Այն նաև արձագանք է 2008 թվականին Աբխազիայի և Հարավային Օսիայի վրացական տարածքների անկախությունը ճանաչելու Ռուսաստանի միակողմանի որոշմանը:

Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում կամ Վրաստանից անջատված տարածքներում, ինչպես նաև այդ տարածաշրջաններում բնակվող անձանց տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը չեն ընդունվի որպես վիզա ստանալու կամ Շենգենյան սահմանները հատելու համար վավեր ճամփորդական փաստաթղթեր:

Նշված տարածաշրջաններում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերն այլևս չեն ճանաչվում կամ գտնվում են չճանաչման գործընթացում ԵՄ անդամ երկրների կողմից։ Այս որոշումը, հետևաբար, ուղղված է ԵՄ-ի ընդհանուր մոտեցման ձևավորմանը և արտաքին սահմանի պատշաճ գործառնության ապահովմանը։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · 14,000 եվրո յուրաքանչյուր ծրագրի համար