ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում լրատվամիջոցների դեմ գործերում ապահովել ամենաբարձր իրավական չափանիշները

ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում լրատվամիջոցների դեմ գործերում ապահովել ամենաբարձր իրավական չափանիշները

Եվրոպական միությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել ամենաբարձր իրավական չափանիշները լրատվամիջոցների սեփականատերերի դեմ գործերում։

Արձագանքելով Թբիլիսիի վերաքննիչ դատարանի՝ Վրաստանի հեռուստաալիքներից մեկի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի նկատմամբ մեղադրանքը բավարարելու, մասնավորապես՝ վերջինիս 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին որոշմանը՝ ԵՄ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է այս գործին։

«Եվրոպական միությունը առանձին դատական գործերի էությունը չի մեկնաբանում, սակայն մենք ևս մեկ անգամ նշում ենք, որ այս գործի առնչությամբ հարցեր են բարձրացվել, այդ թվում՝ հանրային պաշտպանի կողմից»,- ասվում է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Եվրոպական միությունը հավատարիմ է մնում Վրաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներն իրականություն դարձնելու համար երկրի բոլոր 12 առաջնահերթ խնդիրների լուծմանն աջակցելու գործին։

Այս առումով ԵՄ-ն հիշեցնում է, որ «ազատ, արհեստավարժ, բազմակարծ և անկախ մեդիա միջավայրի երաշխավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, մասնավորապես՝ լրատվամիջոցների սեփականատերերի դեմ հարուցված քրեական դատավարությունների՝ ամենաբարձր իրավական չափանիշներին համապատասախանության ապահովումն» ինքնին Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթություններից մեկն է։