Փոգա գյուղի բարբառի և գյուղի անվան ծագման մասին

Փոգա գյուղի բարբառի և գյուղի անվան ծագման մասին

Փոգա գյուղը գտնվում է պատմական Ջավախքում` ներկայիս Վրաստանի Նինոծմինդայի շրջանում։ Փոգայի հյուսիսային կողմում ծփում է Փարվանա լիճը, իսկ հարավային մասում գտնվում է Գանձա գյուղը` Վահան Տերյանի ծննդավայրը։

Փոգայի բնակիչները խոսում են մի յուրահատուկ բարբառով, որը խիստ տարբերվում է Ջավախքի հայ ազգաբնակչության բարբառից։ Այն դեպքում, երբ Ջավախահայերը հիմնականում խոսում են Արևմտյան Հայաստանի Կարնո բարբառով, փոգացիները խոսում են արևելահայերեն «ում» բարբառաճյուղի «ըմ» ենթաճյուղով, այսինքն բայի ներկա ժամանակը կազմվում է ոչ թե «կ» տառի հավելումով` «կեթրամ, կխոսիմ, կըսեմ», ինչպես արևմտահյերենի, մասնավորապես Ախալքալակի և Գանձայի բարբառների դեպքում, այլ` արևելահայերենի ձևով` «էրթըմ եմ, խոսըմ եմ, ըսըմ եմ»։

Այս փաստը առիթ էր տալիս իմ Գրիգոր Մարկոսյանին, ով փայլուն հայագետ է, – պնդելու, որ փոգացիները արևմտահայեր չեն ու 19-րդ դարի 30-ական թվականներին մյուս ջավախահայերի հետ միասին չեն գաղթել Արևմտյան Հայաստանից· փոգացիները տեղաբնիկներ են։ Այս բանի հաստատումն է նաև այն պատմական տեղեկությունը, որ Նունե կույսը Հայաստանից փախչելիս, մի գիշեր հանգրվանել է Փարվանա լճի ափին, Փոգա գյուղում` հովիվների մոտ, որոնք ազգությամբ հայ էին և խոսում էին հայերեն։

Փոգայում եղել են նաև Արդահանից գաղթած ընտանիքներ, ինչի հետևանքով արևմտահայերենի ու արևելահայերենի խառնուրդից ստացվել է մի յուրահատուկ բարբառ։ Ըստ Գրիգոր Մարկոսյանի, Փոգայի բարբառում արևմտահայերենի առկայության ապացույցն է բացառական հոլովը, որը կազմվում է արևմտահայերենին բնորոշ ձևով` «տնեն, քաղաքեն, աշխարհեն և այլն»։ Փոգա անվան առաջացման շուրջ բազում հակասական կարծիքներ կան, որոնց շուրջ մենք չենք ծավալվի, այլ կնշենք միայն մի փաստ, որ Փոգա անունը երկար ժամանակ գրվել է Փոկա ձևով, այն դեպքում, երբ ռուսերենով գրվել ու գրվում է Пога։

Երջանկահիշատակ Գրիգոր Հովհաննիսյանի բացատրությամբ, դրա պատճառն այն է, որ Ջավախքի վարչական կենտրոնները եղել են Ախալքալակում, Գանձայում և Բոգդանովկայում, որտեղի բնակիչները, լինելով արևմտյան Հայաստանից ներգաղթածներ, «գ» տառը տառադարձել են «կ» և փաստաթղթերում գրել` «Փոկա»։ Ինչպես ամբողջ Ջավախքի, այնպես էլ հատկապես Փոգայի վերաբերյալ պատմական, և ազգագրական տեղեկությունները և ուսումնասիրությունները շատ աղքատիկ են։ Այդ բանը հավանաբար պայմանավորված է Հայաստանի`հարևան «եղբայրական» վրաց ժողովրդին չնեղացնելու մտայնությամբ։

Փոգան հարուստ է ոչ միայն ճարտարապետական հնագույն հուշարձաններով, այլևս ազգագրական ոչ նյութական հարուստ ժառանգությամբ, որը տարեց տարի, մոռացության է մատնվում, հատկապես վերջին տասնամյակում, երբ Վրաստանը ուժգին կերպով իրականացնում է հայերի «ինտեգրացման» քաղաքականությունը։ Չնայած բնակլիմայական խիստ պայմաններին (Փոգան գտնվում է ծովի մակերևույթից 2200 մետր բարձրության վրա), Փոգացիները աչքի են ընկնում կենսուրախությամբ, սրամտությամբ, ամեն ինչ հումորի վերածելու սովորությամբ և հյուրասիրությամբ։ Փոգացիները նաեւ հանդուրժող չեն սուտը, կեղծիքը։

Փոգացիների վրա մնացել է կռվարարի պիտակը, այո Փոգացիները նաեւ կռվարար են, տաքարյուն, բայց ոչ անտեղի, հիշեցնեմ թե ինչու են Փոգացիները կռվարար: Հարևան գյուղերից շատերը մինչ օրս, ասում, Փոգացիները արնախում են, ասեմ ինչու։ Փոգա գյուղի միջով է անցնում կենտրոնական ճանապարհը, որը գնում է դեպի Թիֆլիս մայրաքաղաք։

Փոգա գյուղի երկարությունը, մայրուղին, որը անցնում է Փոգայի միջով համարյա 2 կ/մ է, երբ թուրք հեծյալները անցնելուց են եղել գյուղի մեջով, Փոգացիները թույլ չեն տվել, միշտ դաժան ծեծի ենթարկելով ստիպել են, Փոգայի մեջով անցնելիս, իջնել ձիուց, ձիու սանձը պահած քայլելով անցնել գյուղի միջով, գյուղից դուրս գալուց հետո նոր նստել են ձիերը ու հեռացել, առաջ գնալով ամեն տեղ հայտարարել են, որ Փոգացիները արնախում են: Այո Փոգացիները նաև պատժել գիտեն։

Նյութը տրամադրել է Պարույր Մադոյանը

Նյութում տեղ գտած հեղինակի մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել NOR ռադիոկայանի տեսակետների հետ։