Թուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման թուրքական գրասենյակը (AFAD):

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ առնվազն 3 մարդ զոհվել է, 213 հոգի վնասվածքներով հոսպիտալացվել են։ Նրա խոսքով, երեք ավերված շինությունների փլատակների մեջ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։

Սոյլուն հավելել է, որ 6,4 մագնիտուդով երկրաշարժին, որի էպիկենտրոնը գտնվում էր Դեֆնե շրջանում, հաջորդել է 26 հետցնցում։

6,4 մագնիտուդով առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 20:04-ին, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով՝ 20:07-ին։

Երկրաշարժի օջախները գտնվել են համապատասխանաբար Դեֆնե եւ Սամանդաղ շրջաններում։

Առաջին երկրաշարժի աղբյուրը գտնվել է 16,7 կմ խորության վրա, երկրորդը՝ 7 կմ։

Երկրաշարժը զգացվել է հարևան նահանգներում, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Պաղեստինում և Իսրայելում։

Սիրիայում երկրաշարժի արձագանքները զգացել են Իդլիբի, Հալեպի, Համայի, Աֆրինի, Աազազի, Ջերաբլուսի, Էլ Բաբի և Թել Աբյադի բնակիչները։ Մարդիկ խուճապահար վազել են փողոցներ՝ վախենալով իրենց կյանքի համար։ Որոշ շենքեր ավերվել են։

Լիբանանում երկրաշարժը զգացվել է ողջ երկրում, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութում։ Շատերը խուճապահար դուրս են վազել փողոց։

AFAD-ը քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռու մնալ առափնյա գծից՝ ծովի մակարդակը 50 սանտիմետրով բարձրանալու վտանգի պատճառով։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը բնակիչներին հորդորել է չմոտենալ վնասված շենքերին։

Հաղորդվում է, որ Իսկենդերուն քաղաքում դատարկ եռահարկ շենք է փլուզվել: Եվս երկու շենք է ավերվել նահանգի վարչական կենտրոնում՝ Անթաքիայում։