ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը նախօրեին գրանցվել էր Վրաստանի խորհրդարանի բյուրոյի կողմից։
Բորելի խոսքով՝ օրենքի նախագիծը մտահոգություն է առաջացնում։ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության մեկնաբանությունում ԵՄ բարձր ներկայացուցիչը հավելել է, որ քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և լրատվամիջոցների ազատության ապահովումը Եվրոպական հանձնաժողովի 12 առաջարկությունների մի մասն են, որոնց Վրաստանը պետք է կատարի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
«Ժողովրդի ուժի» կողմից խորհրդարանում ներկայացված ՀԿ-ների օրինագիծը մտահոգության տեղիք է տալիս։ Քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը և ԶԼՄ-ների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքում են: Այն նաև ԵՄ անդամակցության գործընթացի բանալին է և 12 առաջնահերթությունների մաս:
Միջազգային իրավունքի համաձայն՝ պետությունները պարտավոր են հարգել, պաշտպանել և խթանել քաղաքացիական հասարակության համար ապահով և աջակցող միջավայրը, ինչպես նաև արտահայտվելու և լրատվամիջոցների ազատությունը:
Մարդու իրավունքների միջազգային իրավունքը և չափորոշիչները ընդունում են, որ ռեսուրսների հասանելիությունը, ներառյալ ֆինանսավորումը, միավորումների ազատության անբաժանելի բաղադրիչն է, որն ամրագրված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 22-րդ հոդվածում, որին Վրաստանը կողմ է: Ներքին և միջազգային ֆինանսավորման հասանելիությունը չպետք է սահմանափակվի, այլ պետք է հեշտացվի, քանի որ դա անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության գոյության և կարևոր աշխատանքի համար»,- ասել է Բորելը։