Գորելովկայում կաթի գների իջեցման դեմ բողոքի ակցիային տեղի կաթնամթերքի արտադրամասերի ներկայացուցիչները չեն ներկայացել։
«Եթե չունեն այդքան նամուս թող ամեն ինչ պետականորեն լինի»,-ասում է բնակիչներից մեկը։
Ինչպես նշում են բնակիչները տեղում եղել են մարդիկ, ովքեր առաջարկել են կաթը իրենց հանձնել, իրենք պատրաստ են գնել 1.80 լարիով։
Այսօր՝ ապրիլի 3 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկայի գյուղական համայնքի 5 գյուղերի բնակիչներ հավաքվել էին Գորելովկա գյուղի կենտրոնում բողոքելու կաթի գների նվազման դեմ: Կաթնամթերքի տեղական արտադրամասերը ապրիլի մեկով նվազեցրել են կաթի գները, նախկին 1.80 լարիի փոխարեն իջեցնելով 1.60 լարի, ինչն էլ բնակիչների մոտ դժգոհություն է առաջացրել։
Նինոծմինդայի շրջանում հիմնական եկամտի աղբյուր է հանդիսանում անասնապահությունը, սակայն այսօրվա դրությամբ բնակիչները չեն կարողանում իրենց գյուղատնտեսական ապրանքը իրացնել հարմար գներով:
Բնակիչներից՝ Շաքրո Մկրտչյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց.
«Ասում են պանիրը էժանացել է, պանիրը մի ձև կարող է էժանանալ, փոշին բերում խառնում են կաթը փչացնում են, որակազրկում են, մեր կաթը մեջը կորչում է, դրա համար պանիրը չի վաճառվում։ Մի խառնեք, ընտիր առնում եք ընտիրը պատրաստեք։ Մեզնից առնում եք 1 մանեթի, 100 մանեթի վաճառեք։ Մեր կաթը տանում խառնում են փոշուն փչացնում են պանիրն էլ չի ծախվում։ Բոլոր տեսակի ապրանքները հիմա թանկացել են, մենք էլ գյուղի մարդ ենք, զգում ենք, որ կաթը ջրից էժան է։ Մենք ինչպես ապրենք։ Խոտը բարձրացել է մինչև 10 լարի, էլ կովը ում համար պահենք, մեզ էլ հացի փող չի մնում։ Կաթի գինը գնալով էժանանում է եւ դա գյուղացուն ձեռընտու չէ»:
Գորելովկայի թեմի բնակիչները որոշել են կաթը չհանձնել այնքան ժամանակ մինչև իրենց ուզած գինը չլինի։
Սպասովկայի բնակիչներից մեկը ասաց. «Կաթի գինը էժանացել է 20 թեթրիով եւ դա նշանակում է, որ մենք աշխատում ենք կաթը գնողների համար: Մեր գյուղի բնակիչները նույնպես հրաժարվում են վաճառել կաթը մինչեւ գինը չբարձրանա»:
Վերոնշյալ հարցի շուրջ զրուցել ենք նաեւ Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ՝ Մնացական Բաբաջանյանի հետ: Ներկայացուցիչը նշեց.
«Համաձայնության են եկել, որ 1.80 լարիից պակաս չպետք է լինի կաթի գինը։ Բարձր գնով կաթ գնողներ շատ կան, կտան նրանց»։
Ինչպես նշում են բնակիչները տեղում ևս եղել են մարդիկ, ովքեր առաջարկել են կաթը իրենց հանձնել, իրենք պատրաստ են գնել 1.80 լարիով։
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Օրեր առաջ այս թեմային անդրադարձել էին նաեւ NOR ռադիոկայանի հաղորդավարները՝ որին բազմաթիվ արձագանքներ եղան բնակիչների կողմից: