Երևանում 17-ամյա ուսանողը դանակահարել է 51-ամյա տղամարդուն

Երևանում 17-ամյա ուսանողը դանակահարել է 51-ամյա տղամարդուն

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ոստիկանության ծառայողները բացահայտել են նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության բնակիչ, 51-ամյա Ա. Ս.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Ժամեր անց պարզվել է, թե ով է կասկածյալը և բացատրական աշխատանքների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատափորձագիտական, դատաբժշկական փորձաքննություններ:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Ա.-ն սովորում է Երևանում գործող ուսումնարաններից մեկի 3-րդ կուրսում, նա ստորագրությամբ բաց է թողնվել:shantnews.am