Ավելորդ քաշը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի կոգնիտիվ գործառույթների վրա․ հետազոտություն

Ավելորդ քաշը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի կոգնիտիվ գործառույթների վրա․ հետազոտություն

Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ գիրության և գլխուղեղի կոգնիտիվ գործառույթների թուլացման միջև կա կապ: Գիտական հոդվածը հրապարակվել է The Neuro կայքում։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1300 մարդ։ Գիտնականները վերլուծել են նրանց առողջության մասին տվյալները՝ ուշադրություն դարձնելով Ալցհեյմերի հիվանդության և գիրության զարգացմանը, ինչպես նաև գլխուղեղի գորշ նյութի կարողություններին:

Արդյունքում մասնագետները պարզել են, որ գիրությունը մարդու կարողությունների վրա ազդում է նույն կերպ, ինչպես Ալցհեյմերի հիվանդությունը. բուժառուների մոտ նկատվում է գորշ նյութի կեղևի բարակում: Սա, իր հերթին, կարող է նեյրոդեգեներատիվ խանգարման նշան լինել։

Այս կերպ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ գիրությունն ազդում է ոչ միայն սրտանոթային ու շնչառական համակարգերի և աղեստամոքսային տրակտի վրա, այլև գլխուղեղի։

Ինչպես նշել են գիտնականները, մեծ տարիքում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և թուլամտության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար մարդիկ պետք է ազատվեն ավելորդ քաշից։ Հակառակ դեպքում ծերունական դեմենցիայի վտանգը կարող է շատ բարձր լինել:

Tert.am