Էրազմուս+. ԵՄ-ն 2024 թվականից կսկսի աջակցել Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդությանը

Էրազմուս+. ԵՄ-ն 2024 թվականից կսկսի աջակցել Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդությանը

Էրազմուս+. ԵՄ-ն 2024 թվականից կսկսի աջակցել Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդության եւ սպորտի ոլորտի կարողությունների զարգացմանն ուղղված գործողություններին

Եվրոպական հանձնաժողովն ընդունել է որոշում, որի համաձայն 2024 թվականից «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կմեկնարկեն երիտասարդության եւ սպորտի ոլորտներում կարողությունների զարգացման գործողություններ Արեւելյան գործընկերության երկրների համար:

Սա Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող կազմակերպություններին թույլ կտա մասնակցել «Էրազմուս+» ծրագրի երկրներում երիտասարդության եւ սպորտի ոլորտներում միջազգային համագործակցության նախագծերին:

Աջակցության համար կարող են դիմել այն ծրագրերը, որոնք ուղղված են նպաստելու ընդհանուր արժեքներին, անհատների բարեկեցությանը եւ ավելի համախմբված համայնքների զարգացմանը:

Նշված որոշման մասին հայտարարվել է հունիսի 16-ին Կիեւում՝ ուկրաինացի երիտասարդներին եւ Ուկրաինայի սպորտի ոլորտին ԵՄ աջակցության հայտարարելու շրջանակում։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը Կիեւ կատարած այցի ընթացքում Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարության հետ ստորագրել է Կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր։

Այն շարունակական համագործակցություն է նախատեսում նաեւ հաջորդ տարի՝ Եվրոպական համերաշխության կորպուսի ծրագրի շրջանակներում՝ աջակցելու նրանց, ում կյանքը խաթարել է Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, ինչպես նաեւ «EU4Youth» ծրագրի շրջանակներում, որն աջակցում է Ուկրաինայի երիտասարդների զբաղվածությանն ու ձեռներեցությանը:

Վրաստանում ԵՄ դեսպանն այցելել է 2024 թվականի սեպտեմբերին Թբիլիսիում բացվելիք ԱլԳ եվրոպական դպրոցի շինհրապարակ

Հունիսի 18-ին Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին եւ Վրաստանի կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին այցելել են Լիսի լճի մերձակայքում կառուցվող Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի շինհրապարակ:

Ակնկալվում է, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործող ԱլԳ եվրոպական դպրոցն իր դռները կբացի 2024 թվականի սեպտեմբերին: Նախատեսվում է, որ այն կառաջարկի երկու կրթական ուղղություն (վրացական եւ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիր), որոնք կունենան բազմամշակութային կրթության, լեզվի յուրացման եւ բարձրորակ ուսուցման եւ ուսումնառության ուղղվածություն։

26,090 քառակուսի մետր մակերեսով ուսումնական ավանը բաղկացած կլինի դպրոցական եւ հանրակացարանային շենքերից, ռեգբիի, բասկետբոլի եւ վոլեյբոլի խաղադաշտերից, գրադարանից եւ այլ ուսումնական շինություններից։ Դպրոցի ներքին եւ արտաքին ուսումնական տարածքների մեծ բազմազանությունը աշակերտների համար միասին սովորելու, ապրելու եւ խաղալու բազմաթիվ բացառիկ հնարավորություններ կապահովի։

Այս մայիսին Արեւելյան գործընկերության (ԱլԳ) եվրոպական դպրոցը, որի գործունեությունն առայժմ կազմակերպվում է Թբիլիսիի Նոր դպրոցի շրջանակներում, նշեց աշակերտների չորրորդ խմբի ավարտը: Դպրոցը բարձրորակ կրթություն է առաջարկում Արեւելյան գործընկերության վեց երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից աշակերտների համար՝ ընդլայնելով նրանց զբաղվածության հնարավորությունները եւ նպաստելով ԵՄ-ի ավելի լավ ըմբռնմանը:

2018 թվականին կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր, ընդհանուր առմամբ, 145 աշակերտ ստացել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող երկամյա լրիվ կրթաթոշակ՝ ՄԲ դիմպլոմային ծրագրի շրջանակում կրթություն ստանալու համար: Այս տարվա սեպտեմբերին ծրագրին կմիանա եւս 20 ուսանող՝ 2023-2025 ուսումնական տարիների համար։

Վրաստանն ու Եվրապական միությունն անցկացրել են մարդու իրավունքների շուրջ իրենց հերթական երկխոսությունը

Հունիսի 20-ին Եվրոպական միությունը եւ Վրաստանը Թբիլիսիում անցկացրին մարդու իրավունքների շուրջ իրենց ամենամյա երկխոսության 16-րդ փուլը:

Մասնակիցները մտքեր փոխանակեցին Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների խթանման եւ պաշտպանության ոլորտներում վերջին զարգացումների շուրջ։

Վերջին երկխոսությունը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսին: ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ հաջորդ երկխոսությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին Բրյուսելում:

ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն բացել են Մեջվրիսխեւի գյուղի ամբուլատորիայի վերանորոգված շենքը

Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ բացվել է Վրաստանի Շիդա Քարթլի շրջանի Մեջվրիսխեւի գյուղի ամբուլատորիայի վերանորոգված շենքը:

Ամբուլատորիան կենսականորեն անհրաժեշտ առողջապահական ծառայություններ է մատուցում Ցխինվալի շրջանի/Հարավային Օսիայի վարչական սահմանագծին հարող գյուղերում բնակվող ավելի քան 6,000 մարդկանց, այդ թվում՝ ավելի քան 1,000 երեխաների։

Վերանորոգման ծրագրի շրջանակում իրականացվել է սանտեխնիկայի, էլեկտրականության եւ ջեռուցման համակարգերի տեղադրում, ինչպես նաեւ ինտերիերի վերանախագծում եւ նոր բժշկական սարքավորումների ու կահույքի տեղադրում։

Բացի այդ, ամբուլատորիայի տարածքը վերանախագծվել է՝ այն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու նպատակով:

Մեջվրիսխեւի գյուղի ամբուլատորիայի վերանորոգումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Dialogue» ծրագրի շրջանակներում, որն ուղղված է հակամարտությունից տուժած տեղական համայնքների կյանքի եւ կենսապայմանների բարելավմանը:

ԵՄ-ն ողջունել է Վրաստանի նախագահի՝ ընդդիմադիր հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նիկա Գվարամիային ներում շնորհելու որոշումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ վրացական «Մտավարի» հեռուստաընկերության բանտարկության մեջ գտնվող գործադիր տնօրեն Նիկա Գվարամիային ներում շնորհելու որոշումը՝ այն որակելով որպես «էական քայլ դեպի Վրաստանում առկա բեւեռացման հաղթահարումը»։

Շառլ Միշելը ողջունել է նաեւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, որ Վրաստանը հետամուտ չի լինի ընդունելու օտարերկրյա գործակալների մասին օրենքը։

Միշելը նաեւ «դրական քայլ» է անվանել ապաօլիգարխիզացիայի մասին օրենքը երրորդ ընթերցմամբ չընդունելու Վրաստանի խորհրդարանի որոշումը։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ համակարգային մոտեցման վրա՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների հանգույն, որոնք արձանագրում են, որ առաջարկվող օրենքով նախատեսված «անհատական միջոցները» կարող են ծառայել որպես «հակաօլիգարխիկ ազդեցության համակարգի հավելում, այլ ոչ թե այլընտրանք»։

«Անցյալ տարի Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու Եվրոպական խորհրդի որոշումը դրական լիցք է ապահովում բարեփոխումների համար, որպեսզի երկիրն առաջ շարժվի իր եվրոպական ճանապարհով», – նշել է Միշելը՝ հավելելով. «Վրաստանի ապագան ԵՄ-ում է»:

Եվրոպական միությունը Վրաստանի քրեական ոստիկանության կենտրոնական վարչությանը տրամադրել է նորագույն տեխնոլոգիաներ՝ կիբեռհանցագործությունների դեմ պայքարելու համար

Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Վրաստանի ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության կենտրոնական վարչությանը պաշտոնապես փոխանցել է 219,244 ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր տեխնոլոգիական ծրագրային եւ ապարատային սարքավորումներ։

Այս հատուկ ծրագրային եւ ապարատային լուծումների միջոցով Վրաստանի իրավապահ մարմինները կկարողանան ավելի լավ վերլուծել եւ վերականգնել հանցագործության թվային ապացույցների քրեագիտական տվյալները, մշտադիտարկել կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ կիբերհարձակումներն ու հետագծել դրանք, իրականացնել համակարգչային, բջջային եւ ամպային քրեագիտական փորձաքննություն՝ տարբեր թվային սարքերից տվյալներ դուրս բերելու միջոցով:

Փոխանցված սարքավորումները հատկապես օգտակար կլինեն կազմակերպված հանցավորության, մանկական պոռնոգրաֆիայի, ֆիշինգի/չարամիտ ծրագրերի հետաքննության, տեղեկատվության ապօրինի գողության, ինտերնետային խարդախության տարբեր տեսակների եւ այլնի հետագծման համար:

Սարքավորումները ձեռք են բերվել ՄԱԿ-ի Ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS) կողմից՝ «Եվրոպական միությունը՝ Վրաստանում անվտանգության, հաշվետվողականության եւ հանցավորության դեմ պայքարի համար» (EU SAFE) նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է բարձրացնել Վրաստանի անվտանգության ոլորտի օգտավետությունը, արդյունավետությունը եւ հաշվետվողականությունը:

Վրաստանի վարչապետը երկրի եվրոպական ուղու վերաբերյալ քննարկում է ունեցել Բրյուսելում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 14-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ։

Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո Ղարիբաշվիլին Twitter-ում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Վրաստանի եվրոպական նկրտումներն հաստատուն են, քան երբեւէ. «Մենք հուսով ենք, որ Եվրոպական խորհուրդն այս տարի եւս մեկ պատմական որոշում կկայացնի՝ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելով Վրաստանին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Միշելին՝ Վրաստանի եվրոպական ապագային ցուցաբերած անձնական աջակցության համար»:

Վրաստանի բարեփոխումների ջանքերին ԵՄ-ի աջակցության թեման նաեւ Օլիվեր Վարհելիի հետ քննարկման առանցքում էր։

«Կոչ ենք անում արագացնել Խորհրդի կողմից սահմանված ԵՄ առաջնահերթությունների իրականացումը, որպեսզի Վրաստանը կարողանա առաջ շարժվել դեպի ԵՄ իր ճանապարհը», – գրել է հանձնակատար Վարհելին Twitter-ում՝ հավելելով. «Վրաստանի ապագան ԵՄ-ում է»։

«Թիմ Եվրոպա»-ն մեկնարկում է Վրաստանի զարգացման խոշոր նախաձեռնություններ

ԵՄ-ն եւ նրա անդամ պետությունների ներկայացուցիչները «Թիմ Եվրոպա»-ի շրջանակում Վրաստանում սկսել են զարգացման երկու նոր նախաձեռնություն: Դրանցից մեկն ուղղված է երկրի տարածքային համաչափ զարգացմանը, մյուսը՝ շրջակա միջավայրին եւ առողջապահությանը:

Նախաձեռնությունների շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 17-ին Արագվիում՝ Վրաստանում Չեխիայի դեսպանատան եւ Տեղական ակտիվ խմբի կողմից կազմակերպված փառատոնի ընթացքում։

«Համաչափ տարածքային զարգացում» նախաձեռնության նպատակն է օգնել հաղթահարել քաղաքային եւ գյուղական համայնքների միջեւ անջրպետը եւ ստեղծել նոր հնարավորություններ Վրաստանի բոլոր շրջանների բնակիչների համար։

«Էկոլոգիապես մաքուր եւ առողջ» նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել Վրաստանի բնությունը, բարելավել թափոնների կառավարման ծառայությունները եւ համայնքները դարձնել ավելի կանաչ:

EU4Culture-ը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների մրցույթ՝ Արեւելյան գործընկերության երկրների ոչ մայրաքաղաքային բնակավայրերում ապրող արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4Culture» («ԵՄ-ն՝ մշակույթի համար») ծրագիրը հայտարարում է իր շարժունակության դրամաշնորհների չորրորդ հայտամրցույթը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի ոչ մայրաքաղաքային բնակավայրերում ապրող արվեստագետներին ու մշակույթի ոլորտի մասնագետներին:

Հայտարմցույթը նպատակ ունի խթանել մշակույթի ոլորտի մասնագետների միջեւ միջմշակութային երկխոսությունը եւ գիտելիքի փոխանակումը։ Այն կաջակցի մի շարք գործողությունների, այդ թվում՝ աշխատանքային պրակտիկաներ, ճանաչողական այցեր, կոնֆերանսներ, մասնագիտական զարգացման հնարավորություններ եւ այլ երկրում անցկացվող տարբեր  նախաձեռնություններ։

Դիմելու իրավունք ունեն 18 տարին լրացած բոլոր արվեստագետներն ու մշակույթի ոլորտի մասնագետները, ովքեր բնակվում են վերոնշյալ երկրների ոչ մայրաքաղաքային բնակավայրերում։

Մրցույթը նախատեսված է չորս տեսակ շարժունակության գործողությունների ֆինանսավորման համար.

  • Կարճաժամկետ (5-10 օրացուցային օր)՝ մինչեւ 1,500 եվրո
  • Միջնաժամկետ (մինչեւ 5 շաբաթ)՝ մինչեւ 3,500 եվրո
  • Երկարաժամկետ (մինչեւ 12 շաբաթ)՝ մինչեւ 5,000 եվրո
  • Վիրտուալ (առցանց մասնակցություն)՝ մինչեւ 1,000 եվրո։

Շարժունակության ծրագրերը կարող են իրականացվել 2023 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում եւ եվրոպական այլ երկրներում:

«EU4Culture» շարժունակության դրամաշնորհների դիմորդները պետք է մշակեն իրենց կողմից առաջարկվող միջազգային շարժունակության գործողության ծրագիր եւ բյուջե ու այն ներկայացնեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալի (GAP) միջոցով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 25-ն է, ժամը՝ 15։00-ին (ԿԵԺ)։

«EU4Culture»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագիր է, որն աջակցում է Արեւելյան գործընկերության երկրների մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոչ մայրաքաղաքային բնակավայրերի վրա։ Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի, Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից: Իր ստեղծման օրվանից «EU4Culture»-ն իրականացրել է շարժունակության դրամաշնորհների երեք մրցույթ՝ աջակցելով 274 անհատների շարժունության ծրագրերին:

Հետաքրքրված անձինք կարող են նախապես գրանցվել՝ մասնակցելու «EU4Culture»-ի շարժունակության դրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներին:

EU4Digital-ը փնտրում է Կրթական տեխնոլոգիաների կենտրոնի գործընկերներ՝  Արեւելյան գործընկերության ՓՄՁ-ներին աջակցելու համար

EU4Digital-ի Կրթական տեխնոլոգիաների կենտրոնը (EdTech Hub) փնտրում է պոտենցիալ գործընկեր կազմակերպություններ, որոնք տրամադրում են էլեկտրոնային կոմերցիայի, թվային մարքեթինգի կամ բիզնես գործընթացների թվայնացման հետ կապված կրթական նյութեր։

Այս տարվա մարտ ամսին գործարկված EdTech Hub-ը կօգնի նպաստել ԱլԳ երկրների 1 միլիոն քաղաքացիների թվային հմտությունների զարգացմանը եւ աջակցել նշված երկրներում գործող 500 հազար ՓՄՁ-ների։

Այս ծրագրի շրջանակում կստեղծվի թվային ուսուցման հարթակ, որը կներառի օգտագործողին հարմար առցանց դասընթացներ՝ հարմարեցված Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարիքներին: EdTech Hub-ի առաջին դասընթացները նախատեսված են 2023 թվականի հուլիսին:

Եթե ձեր կազմակերպությունը ցանկանում է օգնել բարելավել ԱլԳ երկրներում գործող ՓՄՁ-ների թվային հմտությունները կամ աջակցություն է տրամադրում վերջիններիս, կարող եք կապ հաստատել «Կրթական տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրի հետ՝ գրելով eu4digital@lt.ey.com  էլեկտրոնային հասցեին։

Radio NOR · Էրազմուս+. ԵՄ-ն 2024 թվականից կսկսի աջակցել Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդությանը

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։