Ծխախոտից տարեկան 5500-ից ավելի մահվան դեպք է գրանցվում

Ծխախոտից տարեկան 5500-ից ավելի մահվան դեպք է գրանցվում

Ծխախոտի օգտագործումը Հայաստանում մնում է «համաճարակ», որի ռիսկով պայմանավորված տարեկան 5500-ից ավելի մահվան դեպք է գրանցվում:

2024 թվականից ուժի մեջ կմտնի ծխախոտի օգտագործման նվացեցմանն ուղղված հերթական միջոցառումը` ծխախոտի միատեսակ/պարզ փաթեթավորման կարգը:

Նպատակն է պարզ փաթեթավորմամբ, փաթեթավորման վրա լոգոների, գույների, ապրանքանիշի պատկերների կամ գովազդային տեղեկատվության արգելքի միջոցով նվազեցնել ծխողների թիվը:

Փորձի փոխանակման նպատակով` Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի, ԱՀԿ-ի ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության հետ համագործակցությամբ այսօր Երևանում անցկացվել է ԵԱՏՄ երկրների համար տեխնիկական սեմինար:

Եվրասիական տնտեսական միության երկրներում գործում է ծխախոտի փաթեթավորման և մակնշման միատեսակ կարգ, ուստի այդ կարգավորման համար նույնպես անրաժեշտ է միասնական դիրքորոշում:

«Միջոցառումների արդյունքում ակնկալում ենք 5-10 տարի հետո փոխել ծխողների վիճակագրությունը մեր երկրում: Նոր տեխնոլոգիաներն ու մարքեթինգային հնարքները արտադրանքը գրավիչ են դարձնում սպառողների համար, ուստի, մեզ լրացուցիչ գործիքներ են պետք, որպեսզի էական վարքաբանական փոփոխություն բերենք բնակչության շրջանում` զերծ պահելով երեխաների վնասական սովորություններից»,-ողջունելով հյուրերին նշել է Լենա Նանուշյանը:

Նա կոչ է արել մյուս երկրների գործընկերներին ակտիվ աշխատել կարգավորման ներդրման ուղղությամբ` ի շահ հանրային առողջության:

«Միատեսակ փաթեթավորման կարգավորումն առանցքային նշանակություն ունի երիտասարդության առողջության և բարեկեցության պահպանման համար: Մենք կարող ենք հետ պահել երիտասարդներին ծխելուց՝ սովորություն, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ նրանց կյանքի վրա», – նշել է Մարթե Էվերարդը, ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում։

Իսրայելի, Սլովենիայի, Վրաստանի փորձագետները ներկայացրել են պարզ փաթեթավորման ներդրման իրենց փորձը, արդյունքները, քննարկվել են հետագա քայլերը: