Վրաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը հասանելի է դարձել տղաների համար։ Սա վերաբերում է 10-12 տարեկան տղաներին։ Նրանց պատվաստումը ներառվել է պատվաստումների ազգային օրացույցում։
Առողջապահության նախարարի համապատասխան հրամանն այսօր հրապարակվել է Օրենսդիր տեղեկագրում, իսկ փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել։
Փոփոխության համաձայն՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) դեմ պատվաստումն իրականացվում է 10-12 տարեկան աղջիկների և տղաների մոտ՝ երկու անգամ, իսկ պատվաստումների միջև նվազագույն ընդմիջումը 6 ամիս է։
Հիշեցնենք, որ Վրաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը ներառվել է պատվաստումների ազգային ծրագրում 2019 թվականից։
Իսկ 2022 թվականին ՄՊՎ-ի դեմ չպատվաստված 13-18 տարեկան աղջիկներին իմունականխարգելման պետական ծրագրի լրացուցիչ միջոցառումների շրջանակներում հնարավորություն է տրվել ստանալ նշված պատվաստումը։ 2023 թվականին կատարված փոփոխությամբ պատվաստումների վերին շեմը բարձրացվել է մինչև 26 տարի։
Նոր փոփոխությամբ 10-11-12 տարեկան տղաների համար պատվաստումը հասանելի դարձավ պատվաստումների ժամանակացույցի շրջանակներում։
Մարդու պապիլոմավիրուսը առաջացնում է մաշկի և լորձաթաղանթների վարակ: Սա վերարտադրողական համակարգի ամենատարածված վարակն է, որը բազմաթիվ հիվանդությունների պատճառ է հանդիսանում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Մարդու պապիլոմավիրուսը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է և շատ տարածված է: