«1+4»-ի դիմորդների հետքննական տպավորություններն ու ակնկալիքները

«1+4»-ի դիմորդների հետքննական տպավորություններն ու ակնկալիքները

Հուլիսի 18-ին Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով Վրաստանի բարձրագույն կրթական հաստատություններ ընդունվել ցանկացող դիմորդները քննություն հանձնեցին: Ըստ Վրաստանի քննությունների ազգային կենտրոնի (NAEC)՝ քննությանը ներկայացել է գրանցվածների 88 տոկոսը:

Քննության ավարտից հետո դիմորդներն «Ալիք Մեդիա»-ին պատմել են իրենց տպավորությունների և ակնկալիքների մասին:

Մառնեուլիի մունիցիցպալիտետի Դամիագյուղից ապագա բանասեր Թամարա Սարգսյանը մի քիչ շփոթված, մի քիչ հուզված ասաց, որ սկզբում վախն ու հուզմունքն ավելի շատ էր, բայց աստիճանաբար ամեն ինչ սկսեց սովորական դառնալ, երբ տեսան հավաքված մարդկանց ու արդեն մտան քննության։

Թամարան քննությունը գնահատում է միջին բարդության. «Քանի դեռ պատասխանները չկան, հստակ ասել՝ բարդ էր, թե՝ ոչ, կդժվարանամ: Նախորդ տարիների թեստերին նմանություններ կային, չնայած համեմատել չեմ կարող, յուրաքանչյուր ուսունասիրածս թեստը տարբեր բարդության էր»:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոչիո (Կաջո) գյուղից Ռայա Բալասանյանն ասաց. «Հիմնականում առաջին տպավորությունը միշտ էլ բոլորի մոտ մի քիչ կասկածախառն է լինում… Ինքս առաջին անգամ եմ մասնակցել այդպիսի քննության և ինքս ինձ վրա շատ զարմացած էի, քանի որ իմ մեջ չկար ոչ վախ, ոչ լարվածություն, տրամադրվածությունս դեպի լավն էր առաջին իսկ հայացքից»:

Ռայայի գնահատմամբ՝ մաթեմատիկայի բաժնի թեստերը միջին բարդության էին, առավել դժվար հասանելի էր տրամաբանության բաժինը:

«Ակնկալիքս հիմնականում միայն ընդունվելս է, ինձ առաջին հայացքից թվում է` հաղթահարած կլինեմ քննությունը, սակայն մինչև պատասխանները չհրապարակվեն` ոչինչ պարզ չէ»,- ասաց Ռայան և հավելեց՝ ըստ շուրջբոլորը հնչած կարծիքների, ավելի շատ խանգարող հանգամանք է ժամանակի պակասը, որն ամենաշատն էր անհանգստություն պատճառում բոլորին:

Թբիլիսիի պետական գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար պայքարող Մառնեուլիի մունիցիպալիտետի Դամիա գյուղից Լուսինե Խաչատուրյանն ասաց՝ անհամբեր սպասում եմ արդյունքներին:

«Երբ հասկացա, որ մի քանի րոպեից սկսվելու է քննությունս, միանգամից անհանգստությունն ու հուզմունքը խառնվեցին իրար… Խաղաղվում էի, հետո՝ էլի նույն զգացողություններն էին ծնվում, մինչև որ մտա քննասենյակ ու խոր շունչ քաշեցի՝ ինքս ինձ հավատացնելով, որ ամեն ինչ լավ է լինելու»,- պատմեց Լուսինեն և հավելեց, որ հրահանգն ստանալուց հետո սկսել է աշխատել՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով թեստերին:

Ըստ Լուսինեի՝ կային հարցեր, որոնց շատ հեշտությամբ է պատասխանել, կային հարցեր՝ շատ դժվարությամբ. «Չգիտեմ, զգում եմ, որ Աստված ինձ հետ է, և բախտը նույնպես կժպտա ինձ։ Շատ նպատակներ ունեմ… առաջնայինը՝ հանձնել քննությունն ու ընդունվել Թբիլիսիի պետական գեղարվեստի ակադեմիա, հետո՝ մնացածը»:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղից Թբիլիսիի պետական համալսարան ընդունվել ցանկացող Ամիրան Ուստյանի խոսքով, առաջին տպավորություննները շատ դրական են: Ըստ նրա՝ իր պատկերացումներում քննությունն ավելի բարդ էր, իսկ իրականում շատ ավելի հեշտ էր:

Համեմատելով նախորդ տարիների թեստերի հետ՝ Ամիրանն ասաց. «Նախորդ տարիների թեստերն ավելի բարդ էին, քան այս տարվանը: Ինձ համար դժվար հաղթահարելի էր տրամաբանության բաժինը»:

Ամիրանը մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել, բայց ասաց. «Կընտրեմ կամ ծրագրավորում մասնագիտությունը, կամ` ատամնաբույժի:

«Առաջին տպավորությունս անբացատրելի էր. անհանգիստ էին բոլորը, դիմորդների բազմությունը մոտիվացնում էր մեզ»,- փոքր-ինչ լարված պատմեց Մառնեուլիի մունիցիպալիտետի Դամիա գյուղից ապագա կենսաբան Մերի Միսկարյանը:

Ըստ Մերիի՝ քննական թեստերը շատ հեշտ չէին, բայցև շատ դժվար էլ չէին. միջին բարդության էին, բայց մաթեմատիկական բաժինն ամենաբարդն էր։

«Որպես մասնագիտություն ընտրել եմ կենսաբանությունը, և եթե ամեն ինչ լավ ընթանա, կսովորեմ ընտրած մասնագիտությամբ։ Առաջնային եմ ընտրել Ջավախիշվիլիի համալսարանը»:

Հատկանշական է, որ «1+4»-ով դիմորդների թիվը տարեցտարի ավելանում է: Եթե 2010 թվականին վերոնշյալ ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություն են ընդունվել ազգությամբ հայ 124 և ազգությամբ ադրբեջանցի 175 ուսանող, ապա 2021-2022-ին ընդհանուր թիվը հասել է 1386-ի, նրանցից 429-ը հայ ուսանողներն են։

Հարկ է նշել, որ էթնիկ փոքրամասնությունները Վրաստանի պետական բուհեր ընդունվելու համար՝ օգտվելով արտոնություններից, 4 քննության փոխարեն մայրենի լեզվով միայն մեկն են հանձնում: 1 տարի վրացերենի նախապատրաստական կուրսն ուսումնասիրելուց հետո նրանք տեղափոխվում են բակալավրի առաջին կուրս:

Հիշեցնենք՝ «1+4» վրացերենի ծրագիրը գործում է 2010 թվականից և նախատեսված է միայն Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։

Aliq.ge