Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտարարում է, որ արդեն պայմանագրեր են կնքվել արտասահմանյան կլինիկաների հետ, որոնք բուժում են ուռուցքային հիվանդություններով երեխաներին։
Ինչպես նշել է նախարարը, երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի դիմումներ ստանալ։
«Ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող երեխաների հետ կապված պայմանագրերն արդեն կնքվել են ընտրված կլինիկաների հետ։ Երկուշաբթի օրվանից մենք կկարողանանք ընդունել հայտերը և կազմակերպել գործընթացը։ Հատուկ կոլեգիայի միջոցով կքննարկվի՝ երեխան բուժվելու է Վրաստանում, թե՞ հնարավոր կլինի նրան արտասահմանյան կլինիկա ուղարկել։ Որոշում կկայացվի, թե որ գործընթացն է ավելի ցանկալի հիվանդությունը բուժելու համար»,- ասաց նախարարը։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ուռուցքաբանական ախտորոշմամբ բոլոր երեխաները հնարավորություն կունենան ախտորոշվել և պետական ֆինանսավորմամբ բուժվել Թուրքիայի, Իսրայելի և Իսպանիայի առաջատար կլինիկաներում։