Վրաստանը ԵՄ աջակցությամբ ՏՏ էկոհամակարգի զարգացման ծրագիր կմեկնարկի

Վրաստանը ԵՄ աջակցությամբ ՏՏ էկոհամակարգի զարգացման ծրագիր կմեկնարկի

Վրաստանի ավելի քան 1,300 քաղաքացիներ կանցնեն համաշխարհային շուկայում պահանջված եւ բարձր վարձատրվող մասնագիտությունների ուսուցում, այդ թվում՝ ծրագրավորման, նախագծերի կառավարման, դիզայնի եւ այլն:

Դա հնարավոր կլինի ՏՏ էկոհամակարգի զարգացման համապարփակ պլանի՝ «Do IT with the EU» նախաձեռնության շնորհիվ, որն այս սեպտեմբերին կգործարկեն Վրաստանի նորարարությունների եւ տեխնոլոգիաների գործակալությունն (GITA) ու Եվրոպական միությունը: Վերջերս GITA-ի եւ ԵՄ-ի կողմից ստորագրվել է այս ուղղությամբ համագործակցության համաձայնագիրը:

Ծրագրի նպատակն է վերափոխել ՏՏ ոլորտը Վրաստանում՝ ներդնելով համաշխարհային մակարդակի չափանիշներ, կատարելագործելով Վրաստանի քաղաքացիների հմտությունները եւ ստեղծելով բացառիկ զբաղվածության հեռանկարներ նրանց համար: Մեծ ուշադրություն է դարձվելու ՏՏ ոլորտում կանանց առաջխաղացմանը։

«ՏՏ էկոհամակարգի զարգացման ծրագիրը հեղափոխական թռիչք է դեպի Վրաստանի ՏՏ ոլորտի ապագա։ Այս ծրագիրը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը` հնարավորություններ ընձեռելով նորարարներին եւ ձեռներեցներին համագործակցելու միջազգային ՏՏ ընկերությունների հետ՝ ի վերջո ամրապնդելով Վրաստանի մրցակցային առավելությունը տարածաշրջանում»,- ասել է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչը:

«Culture Moves Europe». Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան ներկայացնող դիմորդներն ընտրվել են անհատական շարժունակության ծրագրին մասնակցելու համար

«Culture Moves Europe» ծրագրի հայտարարած ճամփորդական դրամաշնորհների առաջին մրցույթի շրջանակներում ընտրվել են մեկ հայաստանցի, 23 վրաստանցի եւ 107 ուկրաինացի դիմորդներ՝ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից մեկ այլ երկիր ճամփորդելու եւ այնտեղ իրենց մշակութային շարժունության նախագծերն իրականացնելու համար: Ընտրված ուկրաինական նախագծերից չորսը վիրտուալ են:

Այս մրցույթի շրջանակներում ընտրվել են ընդհանուր առմամբ 1,800 դիմորդներ 40 երկրներից: Շահառուների ընդհանուր թիվը համեմատաբար համադրելի է տվյալ երկրի բնակչության թվին:

Շահառուներն ընտրել են 38 երկրներ, որտեղ իրականացնելու են իրենց նախագծերը, իսկ ճամփորդության առավել հանդիպող ուղղություններն են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան եւ Նիդեռլանդները:

Ամենատարածված ոլորտներն են տեսողական (34,15%) ու կատարողական արվեստը (24,72%) եւ երաժշտությունը (20,97%):

Արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար անհատական շարժունակության դրամաշնորհների նոր մրցույթը կհայտարարվի 2023 թվականի հոկտեմբերին։

«Culture Moves Europe» ծրագիրը շարժունակության դրամաշնորհներ է տրամադրում «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից բոլոր 40 երկրների արվեստագետներին ու մշակութային գործիչներին։ Ծրագիրն ուղղված է ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի, նորաձեւության դիզայնի, գրական թարգմանության, երաժշտության, վիզուալ արվեստի եւ կատարողական արվեստի ոլորտներին։ Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից ֆինանսավորվող «Culture Moves Europe» ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի կողմից։

Եվրոպական խորհուրդը երկարաձգել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի մանդատը

Եվրոպական միության խորհուրդը ս.թ. հունիսի 20-ին ընդունել է որոշում, որով մինչեւ 2024 թվականի օգոստոսի 31-ը երկարաձգել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի մանդատը:

Այս պաշտոնը ներկայում զբաղեցնում է էստոնացի դիվանագետ Տոյվո Կլաարը։

Նա Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ին։ Նրա նպատակն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, մասնավորապես, Վրաստանում ճգնաժամի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ խրախուսել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի եւ, անհրաժեշտության դեպքում, հարեւան երկրների հետ տարածաշրջանային համագործակցությունը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչների թեկնածությունն առաջարկում է Բարձր ներկայացուցիչը՝ խթանելու ԵՄ քաղաքականությունն ու շահերը կոնկրետ տարածաշրջաններում եւ երկրներում, ինչպես նաեւ ապահովելու ԵՄ-ի ակտիվ քաղաքական ներկայությունն այդ ասպարեզներում:

ԵՄ-ն բարձր է գնահատել Վրաստանի կողմից ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ պլանի ընդունումը

Նախորդ շաբաթ Վրաստանը ներկայացրել է իր առաջին Ցածր արտանետումներով զարգացման մինչեւ 2050 թվականի երկարաժամկետ ռազմավարությունը (Lt-LEDS), որը պատրաստվել է Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ:

Lt-LEDS-ը հիմք է ստեղծում Վրաստանի ածխածնապես չեզոք ապագայի համար եւ կարեւոր նշանակություն կունենա Կլիմայի գործողությունների 2023-2025 թվականների ազգային ծրագրի թարմացման համար՝ կայուն եւ ցածր արտանետումներով աճի ճանապարհային քարտեզ ուրվագծելով որոշակի ոլորտներում, ներառյալ էներգետիկան, շինարարությունը, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, թափոնները, հողօգտագործումը եւ անտառային տնտեսությունը:

Lt-LEDS-ը հավատարիմ է Փարիզի համաձայնագրի հիմնական սկզբունքներին եւ համահունչ է Վրաստանի կարիքներին:

Կառավարության, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների հետ սերտորեն համագործակցելով՝ ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն իրենց տարածաշրջանային «EU4Climate» ծրագրի միջոցով տրամադրել են տեխնիկական աջակցություն, խորհրդատվություն եւ փորձագիտական աջակցություն՝ Վրաստանի պատմության մեջ առաջին ԵՄ անդամ երկրների լավագույն փորձին համապատասխան Lt-LEDS-ի մշակման համար:

«Եվրոպական միությունը բարձր է գնահատում Վրաստանի կողմից երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության ընդունումը: Մենք հպարտ ենք, որ աջակցել ենք Վրաստանին ածխածնապես չեզոք եւ խելացի տեխնոլոգիաների զարգացման իր տեսլականը ձեւավորելու հարցում եւ ակնկալում ենք շարունակական համագործակցություն դրա իրականացման գործում», – ասել է Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին:

Վրաստան․ ՄԱԶԾ-ն եւ ԵՄ-ն փողոցային արվեստի վարպետության դաս էին կազմակերպել Լագոդեխի եւ Կաբալի երեխաների համար

Հուլիսի 12-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Լագոդեխի քաղաքապետարանի հետ համատեղ փողոցային արվեստի վարպետության դաս էր կազմակերպել Լագոդեխի եւ Կաբալի երեխաների համար:

Վրացի նկարիչ Գեորգե Գամեզի ղեկավարությամբ այս միջոցառումը համախմբել էր ավելի քան 70 երեխաների եւ դեռահասների՝ խորամուխ լինելու փողոցային արվեստի եւ գրաֆիտիի աշխարհ:

Դպրոցականներն արվեստի միջոցով արտահայտեցին հավասարության, ներառականության, արդարության, անկախ կյանքի, վստահության եւ արժանապատվության արժեքների վերաբերյալ իրենց տեսակետները։

Այս վարպետության դասը կազմակերպվել էր «HumanRights4All» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով նպաստել այնպիսի հասարակության ձեւավորմանը, որտեղ բոլորի իրավունքները հարգված են եւ պաշտպանված:

Եվրոպական միության աջակցությամբ Սվանեթում անցկացվել է արշավային փառատոն

Հուլիսի 20-22-ը Սվանեթի զբոսաշրջային ուղղությունների կառավարման կազմակերպությունը միջազգային արշավային փառատոն էր կազմակերպել Սվանեթի շրջանի Մեստիա բնակավայրում:

Սվանեթի արշավային փառատոնը կազմակերպվել էր Եվրոպական միության, Շվեդիայի եւ Ավստրիայի աջակցությամբ՝ որպես «GRETA» ծրագրի շրջանակներում՝ HIGHLANDER SVANETI x GEORGIA-ի եւ ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական անվտանգության ծրագրի հետ միասին:

Փառատոնը ծառայում է որպես բնության պահպանման ջանքերի եւ էկոտուրիզմի ջատագովության հարթակ եւ նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, խրախուսել ակտիվ հանգիստը եւ պահպանել բնության գեղեցկությունը:

Փառատոնի մասնակիցները եւ հյուրերը նաեւ հնարավորություն ունեցան մասնակցելու մի շարք լրացուցիչ միջոցառումների. խոհարարության վարպետության դասեր, սննդի համտեսներ, տեղական ձեռագործ աշխատանքների սեմինարներ, ուսումնական պարապմունքներ, տարբեր թեմատիկ քննարկումներ եւ տեղական ֆոլկլորային ներկայացումներով շլացուցիչ երեկոներ:

Ընդունվում են հայտեր ԵՄ ֆինանսավորմամբ քաղաքացիական հասարակության կրթաթոշակների 2023 թվականի ծրագրի համար. վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող իր կրթաթոշակային ծրագրի հերթական փուլը։

Կրթաթոշակները կաջակցեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող քաղաքացիական հասարակության ակտիվիստներին կամ քաղաքացիական մտածողությամբ կանանց եւ տղամարդկանց, ովքեր խորը նվիրվածություն են դրսեւորում իրենց համայնքներում դրական սոցիալական փոփոխություններ առաջ մղելու գործին։

Այս վերջին կոչի շրջանակում հատուկ շեշտադրում է արվում ՔՀԿ-ների հաշվետվողականության եւ նրանց համախոհների հետ կապի բարելավման վրա: Դա կարող է լինել, օրինակ, թվային լուծումների օգտագործումը ՔՀԿ-ների գործունեության ընդլայնված մոնիտորինգի/գնահատման, ՔՀԿ-ների հետ կապված տվյալների հավաքագրման եւ բացահայտման կամ ՔՀԿ-ների համար բարելավված կառավարման համակարգերի գնահատման եւ ջատագովության հարցերում:

Ընտրված թեկնածուներին կտրամադրվի անհատական ուսուցում եւ հրահանգում, 5,000 եվրո գումար՝ համապատասխան գործունեություն ծավալելու համար, ինչպես նաեւ կապերի ընդլայնման հնարավորություններ:

Սույն կոչի շրջանակներում տրամադրվում են երկու տեսակի կրթաթոշակներ՝ «Համայնքային ակտիվության կրթաթոշակներ» եւ «Քաղաքացիական թվային կրթաթոշակներ» (նախատեսված են հատուկ ՏՏ մասնագետների համար, ինչպիսիք են ծրագրային ապահովման ինժեներները, տվյալագետները, դիզայներները, ովքեր տեխնոլոգիաներն օգտագործում են հօգուտ համայնքի):

Սույն հրավերը բաց է Արեւելյան գործընկերության երկրների 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար, ովքեր վարժ տիրապետում են անգլերեն լեզվին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 4-ն է:

Հուլիսի 26-ին նախատեսվում է տեղեկատվական վեբինար պոտենցիալ դիմորդների համար: Ծրագրի եւ դիմումի գործընթացի, ինչպես նաեւ կրթաթոշակի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք գրանցվել վեբինարին:

Վրաստանում լույս է տեսել գենդերային հավասարության մասին «Խիզախ փոքրիկ սրտեր» մանկական գիրքը

Եվրամիության աջակցությամբ Վրաստանում լույս է տեսել «Խիզախ փոքրիկ սրտեր. հույսի եւ բարության պատմություններ» հեքիաթների գիրքը, որը երեխաներին պատմում է գենդերային հավասարության մասին:

Գրքում ներկայացված են հինգ հեքիաթներ, որոնք գրվել են Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների հեղինակների կողմից: Արմեն Օհանյանը (Հայաստան), Աֆսանա Յուսիֆովան (Ադրբեջան), Մինդիա Արաբուլին (Վրաստան), Պաուլա Էրիզանուն (Մոլդովա) եւ Նատալյա Տրոխիմը (Ուկրաինա) գրել են պատմություններ, որոնք մարտահրավեր են նետում ավանդական գենդերային դերերին եւ անդրադառնում այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են գենդերային կարծրատիպերը, մարդու իրավունքները, խտրականությունը, դրական ծնողավարությունը եւ երեխաների խնամքին տղամարդկանց մասնակցությունը։

Նկարազարդումները նույնպես արվել են ԱլԳ երկրները ներկայացնող նկարիչների՝ Հարություն Թումաղյանի, Սվետլանա Պարֆենյուկի, Սեւինչ Գուլիեւայի, Մարի Կախուրիշվիլիի եւ Եվհենյա Պոլոսինայի կողմից: Գիրքն ու դրա շապիկը ձեւավորել է Խաթիա Չիտորելիձեն։

Գիրքը ստեղծվել է «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի եւ բռնության» ծրագրի շրջանակներում՝ վրացական «Խնամենք միասին» ՀԿ-ի հետ համատեղ: Օգտագործելով պատմասացության ուժը՝ այս նախաձեռնությունը ձգտում է նպաստել Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ավելի հավասար եւ ներառական հասարակության ձեւավորմանը:

«Արդի ժամանակները պահանջում են արդիական պատմություններ: Մեր ժամանակների հերոսուհիները չեն սպասում, որ իրենց փրկի արքայազնը, նրանք քաջ են ու վճռական եւ իրենք են որոշում իրենց ճակատագիրը: Իսկ մեր ժամանակների հերոսները, ի տարբերություն բարձր ամրոցներում ապրող հանրահայտ արքայազների, կարեկցող են ու երազկոտ»,- ասում է «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Օլգա Օսաուլենկոն՝ հավելելով. «Հեքիաթների այս ժողովածուն առաջարկում է այլ հայացք կանանց եւ տղամարդկանց, աղջիկների եւ տղաների դերերին եւ հանդիսանում է տարածաշրջանի այն նախաձեռնություններից մեկը, որը վերաիմաստավորում է այն դերերն ու վարքագիծը, որոնք հասարակությունն ակնկալում է մեզանից: Մենք հպարտ ենք, որ ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց հզորացման կառույցը (ՄԱԿ-Կանայք) եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող համատեղ ծրագրի միջոցով հնարավորություն են ունեցել աջակցելու այս կարեւոր ժողովածուի հրատարակմանը»:

«Խիզախ փոքրիկ սրտեր» հեքիաթների գիրքը հասանելի է անգլերեն, վրացերեն եւ հեղինակների մայրենի լեզուներով բնօրինակ տեքստերի ժողովածուի տարբերակներով:

Գիրքն անվճար կտարածվի Վրաստանի ողջ տարածքում։ Գրքի օրինակներ են ստացել նաեւ Թբիլիսիի քաղաքային գրադարաններն ու հանրակրթական դպրոցները՝ այն հասանելի դարձնելով պատանի ընթերցողներին:

Radio NOR · Do IT with the EU. Վրաստանը ԵՄ աջակցությամբ ՏՏ էկոհամակարգի զարգացման ծրագիր կմեկնարկի

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։