Կաթնատու գյուղում ջրահեռացման համակարգ է կառուցվում

Կաթնատու գյուղում ջրահեռացման համակարգ է կառուցվում

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ իրականացնել։

Կաթնատու գյուղում դրենաժային համակարգի կառուցման համար հատկացվել է 12000 լարիի գումար։ Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացվում են մրցույթով։ Մրցույթի արդյունքում շահել է անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Ղումաշյանը։ Աշխատանքներն արդեն սկսվել են փոսերը փորված է, մնում է ավարտին հասցնել բետոնե սալերի տեղադրումը։

Փողոցում, որտեղ իրականացվում են ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքները, ապրող բնակիչներից ոմանք գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքներից, իսկ մյուս մասը մնացել է դժգոհ։ Բնակիչներից մեկի խոսքով՝ դրենաժային համակարգի առկայությունը շատ դրական է, քանի որ նման ենթակառուցվածքների բացակայության պատճառով ձնհալի և անձրևների ժամանակ ջուրը լցվում էր տեղի բնակիչների բակերը։ Մեկ այլ բնակչուհի, ով ապրում է փողոցի այն հատվածում, որտեղ ջրահեռացման փոս չկա, մեկնաբանեց, որ լավ է, որ փողոցի մյուս կողմում նման աշխատանքներ են կատարվում, բայց նա մտահոգություն հայտնեց, որ ջուրը դեռ հոսելու է բակեր և տներ այդ կողմում՝ անձրևների ժամանակ։

Նախագծով նախատեսվում է գյուղի կենտրոնական ճանապարհին կառուցել 94,5 մետր երկարությամբ ջրահեռացման փոս։

Radio NOR · Katnatu