
Սեպտեմբերից Նինոծմինդայի մունիցիպալիտետում մասամբ սկսվում է բերքահավաքը։ Սակայն դրան նախորդում է երկար ու աշխատատար գործընթաց՝ հողի մշակում, կարտոֆիլի ցանքս, պարարտացում և ոռոգում։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Այս տարի, սակայն, գյուղացիները մի շարք խնդիրների առաջ են կանգնել։ Առատ անձրևների հետևանքով բերքի մի մասը փչացել է, նվազել է կարտոֆիլի շուկայական գինը, իսկ վառելիքի և գյուղատնտեսական աշխատանքների թանկացումը ավելացրել է ծախսերը։Բացի այդ, գյուղացիները դժվարանում են իրացնել ստացված բերքը։
Այսօր սեպտեմբերի 25-ին NOR ռադիոկայանի լրագրողները եղան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղում, որտեղ այս օրերին ինտենսիվորեն ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը։
Տեղում զրուցեցինք գյուղի բնակիչների հետ։ Նրանց խոսքով՝ կարտոֆիլի բերքահավաքն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ սկսվել է։ Անձրևներից առաջ գյուղացիները հասցրել են քանդել մի քանի արտ։ Բերքից հիմնականում դժգոհ չեն, սակայն այս տարի առատ տեղումները բացասաբար են անդրադարձել կարտոֆիլի որակի վրա․ բերքի մի մասը փտել է։
Գյուղացիները նշում են նաև, որ կարտոֆիլի գինը գնալով նվազում է։ Եթե անցած շաբաթ այն վաճառել են մոտ 90 թեթրիով, ապա այժմ գինը նվազել է, և դեռևս հստակ չէ, թե ինչ արժեքով կկարողանան իրացնել բերքը։
Մեծ Գոնդուրայի բնակիչ Հակոբ Արզումցյանը նշեց, որ ունի մշտական գնորդներ, որոնք գալիս են գյուղ և գնում իր բերքը։ Նրա խոսքով՝ վերջին անգամ գնորդները նշել են, որ այս տարի կարտոֆիլի բերքը նախորդ տարիների համեմատ նվազել է։
«Ոչ մի տարի էլ բերքից բողոք չունեմ։ Աշխատում ենք, որ ընտանիքը պահենք։ Եթե տեխնիկան չլիներ, շատ ավելի դժվար կլիներ։ Եթե չունես ջրելու, ցանելու և մշակելու տեխնիկա, ապա շատ դժվար է կարտոֆիլ մշակելը»,- ասաց Հակոբ Արզրումցյանը։
Նրա խոսքով՝ կարտոֆիլի բերքահավաքի համար աշխատող բրիգադները ստանում են 80-90 լարի։
Մեկ այլ բնակիչ՝ Համբարյան Կարապետն էլ նշեց, որ բերքից առանձնապես դժգոհ չեն, սակայն հիմնական խնդիրը բերքն իրացնելն է։
«Բերքից դժգոհ չենք, վաճառելուց ենք դժգոհում։ Չենք կարողանում վաճառել։ 40-50 կոպեկով տալիս ենք, իսկ դրա դիմաց 2-3 մանեթով պոմիդոր ենք գնում»,- նշեց բնակիչը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին կարտոֆիլի ցանքատարածությունները նույնպես նվազել են։
Մեր հարցին, թե արդյոք այս պայմաններում ձեռնտո՞ւ է կարտոֆիլ մշակելը, գյուղացին պատասխանեց, որ այն ձեռնտու է հիմնականում այն դեպքում, երբ գյուղացին ունի անհրաժեշտ տեխնիկան։
«Հիմա ավելի քիչ ենք ցանում, որովհետև ծերացել ենք։ Նախկինում մեկ հեկտար էինք ցանում, հիմա՝ 70 սոտ։ Ձեռնտու է այն ժամանակ, երբ տեխնիկա ունես՝ մշակելու, ցանելու համար։ Տրանսպորտի ծախսերը շատ են, պետք է վարել, ցանել։ Այս պահին էլ վառելիքը թանկացել է, արդեն 4 լարի է։ Հնարավոր է՝ մյուս տարի էլ թանկանա։ Դա ազդում է ժողովրդի վրա, իսկ գյուղացուն էլ ձեռնտու չի»,- նշեց նա։
Մանրամասները աուդիոնյութում․
Մեծ Գոնդուրայի մեկ այլ բնակիչ՝ Թելման Շիրինյանը, նույնպես անդրադարձավ եղանակային պայմաններին։ Նրա խոսքով՝ այս տարի եղանակն այնքան էլ բարենպաստ չի եղել․ առատ անձրևները բացասաբար են անդրադարձել կարտոֆիլի բերքի վրա։
«Այս տարի այդքան էլ բարենպաստ չէր եղանակը, ավելի անձրևային էր, որն էլ իր հերթին վատ է անդրադարձել կարտոֆիլի բերքին։ Մեծ մասը փտած է։ Երբ վաճառողները գալիս են և տեսնում են ցեխոտ կարտոֆիլը, ավելի ցածր գին են առաջարկում։ Չոր տարին ավելի լավ է, քան նման անձրևային եղանակը։ 90 թեթրիից իջեցնում են մինչև 50 թեթրի»,- ասաց Թելման Շիրինյանը։
Նրա խոսքով՝ գյուղացու աշխատանքը մեծ ռիսկերի հետ է կապված։
«Գյուղացու գործը 50-50 է։ Ցանում ես, մշակում ես, պարարտանյութ ես տալիս, վերջում հաշվում ես՝ որ ոչինչ չկա»,- նշեց Թելման Շիրինյանը։
Մանրամասները աուդիոնյութում․
Այսպիսով, Մեծ Գոնդուրայի բնակիչների համար կարտոֆիլի բերքահավաքի շրջանը սկսվել է, սակայն այս տարի հիմնական խնդիրներն են առատ անձրևների հետևանքով բերքի մի մասի փչանալը, կարտոֆիլի շուկայական գնի նվազումը, վառելիքի և գյուղատնտեսական աշխատանքների թանկացումը, ինչպես նաև բերքն իրացնելու դժվարությունները։
Բերքի փչանալու խնդրի մասին մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Հեշտիա գյուղի բնակիչ Գայանե Մարիկյանը։ Նրա խոսքով՝ Հեշտիա գյուղում կարտոֆիլի բերքի զգալի մասը փչացել և հոտել է։
«Մեր գյուղում կարտոֆիլի մեծ տոկոսը հոտած է։ Եթե վառելիքի գինը կրկին բարձրանա, գյուղացին այլևս ընդհանրապես չի կարողանա վարել և ցանել։ Ինչպես Թումանյանն է ասել՝ գյուղացու հացը կախված է երկնքից»։
Մանրամասները տեսանյութում․

