Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Ախալքալաքում վիրուս է տարածված։ Ախտանիշները բոլորի մոտ գրեթե նույն են՝ թուլություն, հազ, կոկորդի ցավ։ Մասնագետները նշում են, որ տարածված վիրուսը մեծ հավանականությամբ կորոնավարակի շտամ կարող է լինել։ Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանն ասում է, որ վարակը շատ է տարածված, սակայն բարդ դեպքեր չեն գրանցվել։
«Դիմողներ կան, վիրուսի տարածվածություն կա, դա հնարավոր է լինի նաև covid-ի նոր շտամ, անցած տարի օգոստոսին ևս, եթե հիշում եք բռնկում էր, քանի որ ժողովուրդը գնաց հանգստանալու և վիրուսն այնտեղից բերեց։ Այդ ժամանակ կարող եմ ասել, որ կորոնավարկ էր, քանի որ թեստերի դրական պատասխանը դա էր ցույց տալիս։ Ոչ միայն կարանավիրուս է գալիս, այլև ցանկացած վիրուս։ Եղանակի տաք լինելը կապ չունի, մարդիկ վարակվում են օդակաթիլային ճանապարհով», – ասում է համաճարակաբանը։
Մասնագետը նշում է՝ Վրաստանում, այդ թվում՝ Ախալքալաքում սեզոնային հիվանդություններն ընդունված են տարվա 40-րդ շաբաթվանից, մինչև մյուս տարվա 20-րդ շաբաթը։
«Հազը վիրուսի ազդեցության բարդությունն է, որը շատ հաճախ է լինում այն մարդկանց շրջանում, ովքեր բուժում չեն ստանում, բրոնխներից վիրուսը շատ հեշտությամբ իջնում է թոքեր», – ասում է Գայանե Ֆիդանյանը։
Համաճարակաբանը խորհուրդ է տալիս հատկապես երեխաների դեպքում անպայման դիմել բժշկի, օգտագործել շատ հեղուկ (օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր, ոչ թե թեյ, սուրճ կամ հյութեր, այլ սեղանի հանքային ջուր), որը ցանկացած վիրուսի դեպքում մաքրման դեր է կատարում, և առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ չօգտագործել։
«Մոտենում է վիրուսների սեզոնը, մենք չենք կարող ասել ինչպիսի վիրուսներ և կորոնավարակի շտամ կարող է լինել, պետք է այնպես չանել, որ մարդկանց և հատկապես երեխաների օրգանիզմը հակաբիոտիկներվ լցված լինի և հետո անհրաժեշտության դեպքում հակաբիոտիկը ազդեցություն չունենա։ Իմ խորհուրդը բոլորին՝ ոչ մի դեպքում հակաբիոտիկ չխմել և անպայման դիմել բժշկի», – ասում է նա։
Վերջինս նշում է, որ տարածված փորլուծությունը, ինչպես նաև մարմնի բարձր ջերմաստիճանը հենց նոր վիրուսն է, որը տարածված է բնակչության շրջանում։
«Covid-ի ախտանիշները փոփոխության չեն ենթարկվել, նույնն է, շտամները նույնպես ինչքան էլ փոխվեն, ընդհանուր նշանները մնում են նույնը։ Խուճապի կարիք չկա, այս սեզոնը հանգիստ կանցնի», – հավելում է մասնագետը։
Սովորական, սեզոնային գրիպի դեմ պատվաստումը սկսվում է սեզոնից առաջ, կարելի է սկսել սեպտեմբերի վերջից։
«Եթե ճիշտ պատվաստվենք, և եթե մեր իմունիտետը նորմալ աշխատի, այդ երկու դեպքում պատվաստվածության պաշտպանվածությունը մինչև 90% և ավելի կլինի։ Գրիպի դեմ պատվաստումը չի կարելի թողնել հենց սեզոնին, կամ սեզոնի վերջում, քանի որ պատվաստանյութը մեկ ամիս աշխատում է և ձևավորում կայուն իմունիտետ, որը բավարար է ամբողջ սեզոնին վիրուսի դեմ պայքարելու համար»,- ասում է Գայանե Ֆիդանյանը։
Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը նույնպես հաստատում է, որ տարածված վիրուսը կարող է կորոնավարակի շտամ լինել։
«Ովքեր գնում են ծով հանգստանալու, հետ վերադառնալուց վիրուս են ունենում։ Ծովից հետո կորոնավարակով երկու դրական թեստ ենք բացահայտել։ Շեշտեմ, որ եթե շատ թեստավորում անենք, ապա դեպքերի քանակը կշատանա։ Հիմա կորոնավարակն ավելի շատ համարվում է սուր շնչառական ինֆեկցվիա», – ասում է Սիրանուշ Տոնականյանը։
Ոլորտի մասնագետները նշում են, որ Ախալքալաքում տարածված են նաև աղիքային հիվանդություննրեը։