Նոր ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկը Նինոծմինդայի դպրոցներում\լուսանկար

Նոր ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկը Նինոծմինդայի դպրոցներում\լուսանկար

Սեպտեմբերի 15-ին Վրաստանի դպրոցներում սկսվեց նոր ուսումնական տարին։

Դպրոցական առաջին օրը բոլոր հանրակրթական դպրոցներում հնչեց Վրաստանի օրհներգը, բարձրացվեց դրոշը։ Դպրոցի տնօրենները շնորհավորեցին աշակերտներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ։

Նինոծմինդա քաղաքում ուսումնական տարվա սկիզբը զգացվել է վաղ առավոտից։ Քաղաքում ամենուր կհանդիպես ծաղիկներով դպրոցականների։ Այս տոնին դպրոցականներն ավանդաբար կրում են դպրոցական համազգեստ՝ սպիտակ և սև գույներով։ Սա հիմնականում վերաբերում է տարրական դասարանների երեխաներին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2023-2024 ուսումնական տարում կա 324 առաջին դասարանցի, ովքեր կստանան նոր դյուրակիր համակարգիչներ։ Դասղեկների համար նախատեսված են նաև նոութբուքեր։ Բացի այդ, դպրոցները ստացան նոր դասագրքեր։ Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում հաշվառված է 32 աշակերտ, թիվ 2 դպրոցում՝ 32 աշակերտ, թիվ 3 դպրոցում՝ 10 աշակերտ, թիվ 4 դպրոցում՝ 3 աշակերտ։ Սպասովկա գյուղի թիվ 2, Վլադիմիրովկա գյուղի դպրոցներում այս տարի առաջին դասարանցիներ չկան։

Այս տարի Նինոծմինդա քաղաքի դպրոցներում առաջինից վեցերորդ դասարանների աշակերտները պետք է կրեն կապույտ և սպիտակ համազգեստ, իսկ յոթերորդից տասներկուերորդ դասարանները՝ սև ու սպիտակ։

Նինոծմինդայում առանձնահատուկ շքեղությամբ են նշում և՛ վերջին զանգը, և՛ առաջին զանգը։ Առաջին դասարանցիների ծնողները հաճախ ստիպված են լինում սեղան գցել, քանի որ ընկերները, հարազատներն ու հարեւանները գալիս են շնորհավորելու առաջին զանգի կապակցությամբ: Շատերը դժգոհ են, բայց դեռ նշում են այս օրը

Հավելենք նաև, որ Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ՝ 2023-2024 ուսումնական տարում առաջին դասարանցի կարող են դառնալ այն երեխաները, ովքեր մինչև նոյեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան։

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա օրացույցն արդեն մշակվել է կրթության նախարարության կողմից։ Ուսումնական տարվա առաջին կիսամյակը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին և կտևի մինչև դեկտեմբերի 30-ը։ Ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 30-ից և կտևեն մինչև հունվարի 14-ը։ Երկրորդ կիսամյակը կսկսվի հունվարի 15-ին և կտևի մինչև հունիսի 15-ը, բացառությամբ 1-ին և 12-րդ դասարանների: Գարնանային արձակուրդը կտևի 1 շաբաթ՝ մարտի 8-ից 14-ը, Զատկի տոներին երեխաները նույնպես 4 օր անվճար կլինեն։