Վրաստանի չորս խոշոր քաղաքներում 10 օրվա ընթացքում ավելի քան 300 վարորդ տուգանվել է ավտոմեքենաների տեսանելի արտանետումների համար, ասվում է Վրաստանի բնական պաշարների նախարարության հաղորդագրության մեջ։
Երկրի չորս քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում, սեպտեմբերի 4-ից Վրաստանի ճանապարհներին մեքենաներից աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ վերահսկողությունը սկսվել է։
Բնական պաշարների նախարարության տվյալներով՝ մինչև սեպտեմբերի 15-ը տուգանք է նշանակվել 322 վարորդի։
Ամենաշատ տուգանքները ստացել են Թբիլիսիում մեքենաների սեփականատերերը: Վրաստանի մայրաքաղաքում, որտեղ գրանցված է մոտ մեկ միլիոն ավտոմեքենա, 160 տուգանք է նշանակվել։ Քութայիսիում տուգանքների թիվը կազմել է 78, Բաթումում՝ 58, Ռուսթավիում՝ 26։
Պատգամավորների կողմից ընդունված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ անհատ խախտողն առաջին անգամ կտուգանվի 100 լարիով (38 դոլար), իսկ 30 օրվա ընթացքում արձանագրված կրկնակի խախտման համար՝ 300 լարիով (115 դոլար)։ Եթե 15 օր հետո խախտումը կրկին հայտնաբերվի, ապա տուգանքը կկազմի 600 լարի (մոտ 230 դոլար)։
Իրավաբանական անձը առաջին անգամ կտուգանվի 500 լարիով (192 դոլար), կրկնակի խախտման համար՝ 1500 լարիով (575 դոլար), երրորդ անգամ՝ 3 հազար լարիով (ավելի քան 1150 դոլար)։
Եթե տուգանքը վճարվի 10 օրվա ընթացքում, ապա դրա չափը կկրճատվի 20%-ով։
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու և վնասակար նյութերի ավելցուկ հայտնաբերելու դեպքում սեփականատերը, ով համաձայն չէ զննման արդյունքների հետ, իրավունք ունի պահանջել, որ մեքենան հանձնվի մոտակա տեխզննման կետ, որտեղ այն կվերստուգվի։ Եթե արդյունքները հաստատվեն, ապա տրված տուգանքը կմնա ուժի մեջ։ Եթե արդյունքները տարբեր լինեն, այսինքն՝ տրանսպորտային միջոցի տեխզննման կենտրոնը խախտումներ չհայտնաբերի, տուգանքը կչեղարկվի։