Ավստրալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է անտառային հրդեհների ազդեցությունը կլիմայի և բնապահպանության վրա համաշխարհային մասշտաբով: Նրանց հաշվարկներով՝ ամեն տարի հրդեհը այրում է 3,98 միլիոն քառակուսի կմ Երկրի վրա, որը գերազանցում է Հնդկաստանի տարածքը (3,2 մլն քառ. կմ): Հետազոտությունը հրապարակվել է Annual Review of Environment and Resources (ARER) գիտական ամսագրում:
Խումբն ապացույցներ է գտել, որ հրդեհները սկսվում են անսպասելի վայրերում և անսովոր ժամանակներում: Հրդեհների ձևերի այս փոփոխությունները սպառնում են մարդկանց կյանքին և փոխում էկոհամակարգերը:
Արբանյակային տվյալների համաձայն՝ հրդեհների սեզոնի տարեկան տևողությունը 1979-ից մինչև 2020 թվականն աճել է 14 օրով, իսկ գիշերը տեղի ունեցող հրդեհների թիվը 2003-ից մինչև 2020 թվականն աճել է 7,2%-ով:
Գիտնականներն ասում են, որ գյուղատնտեսության համար անտառահատումները մեծ ազդեցություն ունեն անտառային հրդեհների հաճախականության և ուժգնության վրա: Բացի այդ, մարդիկ ամբողջ աշխարհում տարածում են ինվազիվ (օտար) բույսերի տեսակներ, որոնք խիստ դյուրավառ են:
Միացյալ Նահանգների արևմուտքում գտնվող անտառներում և թավուտներում վերջերս նկատվել է խոշոր հրդեհների չափի և հաճախականության աճ: Միևնույն ժամանակ Աֆրիկայի և Բրազիլիայի խոտածածկ տարածքներն ու սավաննաները սկսել են ավելի քիչ այրվել:
Հետազոտողներն առաջարկում են հրդեհի վնասը նվազեցնելու մեթոդներ: Դրանք ներառում են հրդեհաշիջման գոտիների նախագծում, կրակի օգտագործման հարմարեցում էկոհամակարգերի և վտանգված տեսակների պաշտպանության համար, ռեսուրսների տրամադրում անտառային հրդեհներից խոցելի համայնքներին և այլ լուծումներ: news.am