ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ միասին, օրինագիծ է ներկայացրել, որը կոչվում է «Հայերին ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու» ակտ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագծին կից ներկայացված պարզաբանող տեքստում նշվում է, որ օրենսդրությունը պատասխանն է Ադրբեջանի կառավարության գործողություններին, և դրանով նախատեսվում է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ «կանխելով անվտանգության լրացուցիչ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը և կոչ անելով լրացուցիչ պատասխանատվություն սահմանել հայերի դեմ կատարված ենթադրյալ վայրագությունների համար»։
«Մասնավորապես, օրինագիծը չեղյալ կհայտարարի Ազատության աջակցության ակտի 907-րդ ենթաբաժնից հրաժարվելու լիազորությունը, որն արգելում է Ադրբեջանի կառավարությանը ցուցաբերվող օգնության մեծ մասը: Այն նաև թույլ կտա Հայաստանին արտաքին ռազմական ֆինանսավորում տրամադրել, ռազմավարություն մշակել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, և պատժամիջոցներ կկիրառի Ալիևի վարչակարգի նկատմամբ՝ հայերի դեմ նրա գործողությունների համար», – նշված է տեքստում։
Օրինագծում մանրամասնորեն ներկայացվում են 2020 թ․-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարբեր բնակավայրերի դեմ իրականացված բազմաթիվ հարձակումները, Լաչինի միջանցքի շրջափակման առաջացրած աղետալի հետևանքները։
Օրինագիծը նաև դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, թույլ տալ հումանիտար կազմակերպությունների մուտքը տարածաշրջան, ինչպես նաև ազատել բոլոր հայ ռազմագերիներին։
Փաստաթղթով արտոնվում է․
– ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը 2024 ֆինանսական տարվա համար հատկացնել 30 000 000 ԱՄՆ դոլար՝ մարդասիրական օգնություն տրամադրելու 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի, 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տուժած խմբերին։
– 2024 ֆինանսական տարվա համար Պետքարտուղարությանը հատկացնել 10 000 000 ԱՄՆ դոլար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերի աջակցության համար։ Ըստ օրինագծի տեքստի՝ սա պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխան անկախությանը, ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքներին, բարձրացնի ԱՄՆ-Հայաստան փոխգործակցության մակարդակը և վերապատրաստի հայկական ուժերին հետագա միջազգային խաղաղապահ գործողությունների համար։
– Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտին աջակցության նպատակով 2024-ից մինչև 2026 ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար հատկացնել 650 000 000 ԱՄՆ դոլար՝ Հայաստանի և Վրաստանի էլեկտրական ցանցերի սինքրոնիզացման աշխատանքների համար։
– 2024-ից մինչև 2028 ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար հատկացնել 50 000 000 ԱՄՆ դոլար՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը խթանող գործունեության համար:
Օրինագծի ընդունման դեպքում, դրա ընդունման օրվանից հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի, պաշտպանական արդյունաբերության նախարարի, պետական սահմանային ծառայության ղեկավարի, արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի և այլ պաշտոնյաների նկատմամբ։
Բոբ Մենենդեսն օրինագիծը ներկայացնելիս նշել է, որ «երկկուսակցական այս բանաձևն ամրապնդում է հավաքական աջակցությունը հայերին և ուղերձ հղում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ ԱՄՆ-ն ձեռքերը ծալած չի նստի, մինչ Ալիևի վարչակարգը սովի մատնելու և ռազմական գործողությունների դաժան արշավներ է իրականացնում»։