Նիհարելու ժամանակ մի քանի հիմնական սխալներ

Նիհարելու ժամանակ մի քանի հիմնական սխալներ

Շատ մարդիկ, ովքեր փորձում են նիհարել, թույլ են տալիս մի շարք սխալներ, որոնք ոչ միայն խանգարում են այս գործընթացին, այլև նպաստում են քաշի ավելացմանը: Իսկ դրանցից ամենատարածվածը սննդակարգի չափազանց խիստ սահմանափակումներն են, «Իզվեստիային» ասել է էնդոկրինոլոգ, դիետոլոգ, բ.գ.թ. Օքսանա Միխալևան:

«Առաջին սխալը, որը կարող է հանգեցնել քաշի զգալի  ավելացման, սննդակարգի խիստ սահմանափակումներն են: Այսինքն՝ սա այն իրավիճակն է, երբ մարդն ուզում է արագ նիհարել ու խիստ դիետա է պահում՝ շատ քիչ կալորիաներ սպառելով։ Այս մոտեցումը հանգեցնում է նյութափոխանակության նվազման և մկանային զանգվածի կորստի, հատկապես, եթե սպիտակուցային սնունդը քիչ է: Իսկ այն բանից հետո, երբ մարդը վերադառնում է նորմալ սննդակարգի, նույնիսկ եթե ոչ ավելորդ, նա կարող է զգալի քանակությամբ ճարպային զանգված ձեռք բերել։ Հաճախ մարդիկ, ովքեր սկսում են նիհարել 60-70 կգ-ից, մի քանի տարի հետո ավելանում են մինչև 100 կգ կամ ավելի»,- ասել է Միխալևան։

Երկրորդ սխալը, ըստ նրա, ալկոհոլի չարաշահումն է դիետայի ժամանակ։ Սննդաբանը նշել է, որ ալկոհոլի հաճախակի օգտագործումը (շաբաթը մեկ անգամից ավելի) հանգեցնում է ավելորդ կալորիաների։ Բացի դրանից, ալկոհոլը հաճախ համալրվում է բարձր կալորիականությամբ նախուտեստներով:

«Երրորդ սխալը նիհարելն է, այսպես կոչված, մոնոդիետաներով, որոնք առաջարկում են ուտել միայն մեկ մթերք։ Օրինակ՝ միայն կեֆիր, ձու կամ միս։ Իրականում մոնոդիետաները հանգեցնում են օրգանիզմում սննդանյութերի անհավասարակշռության: Արդյունքում խախտվում է նյութափոխանակությունը և առաջանում է որոշակի նյութերի ընդգծված դեֆիցիտ։ Իսկ նման դիետան ավարտելուց հետո, որը, որպես կանոն, երկար չի տևում, քաշի ավելացում տեղի է ունենում կայծակնային արագությամբ»,- հավելել է Միխալեւան։

Մյուս տարածված սխալը, որը նշել է դիետոլոգը, ֆիզիկական ակտիվությանը բավարար ուշադրություն չդարձնելն է կամ ընդհանրապես չզբաղվելը։ Սա նաև հանգեցնում է մկանային զանգվածի կորստի՝ սննդակարգի և նյութափոխանակության նվազման պատճառով։

«Բացի դրանից, կարևոր է խուսափել այն իրավիճակներից, երբ օրվա ընթացքում քիչ սնունդ է լինում: Օրինակ, հաճախ է պատահում, որ մարդը ցերեկը չի ուտում կամ շատ քիչ է ուտում, իսկ երեկոյան ընթրում է առատ: Նման սննդակարգով նիհարելը շատ դժվար է, ուստի ավելի լավ է սնունդը հավասարաչափ բաշխել օրվա ընթացքում»,- եզրափակել է մասնագետը։