Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները հերքել են գիտական տվյալները, որոնք ցույց են տալիս, որ կարմիր միս ուտելն օրգանիզմում համակարգային բորբոքում է առաջացնում և մեծացնում է քրոնիկական հիվանդությունների վտանգը: Հետազոտությունը, որը կարող է հանգեցնել առողջ սնվելու ուղեցույցների վերանայմանը, հրապարակվել է The American Journal of Clinical Nutrition ամսագրում:
Բորբոքումը ռիսկի գործոն է բազմաթիվ քրոնիկ, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների համար: Ժամանակակից առաջարկությունները խորհուրդ են տալիս մարդկանց սահմանափակել կարմիր մսի օգտագործումը, քանի որ այն կապված է աճող համակարգային բորբոքման հետ: Բայց այս կարծիքը հիմնականում հիմնված է հին հրապարակումների վրա, որոնց եզրակացությունները միշտ չէ, որ հաստատվել են նոր ուսումնասիրություններում։
Նոր աշխատանքում գիտնականները վերլուծել են մոտավորապես չորս հազար տարեց մարդկանցից ստացված տվյալները, որոնք մասնակցել են MESA-ի աթերոսկլերոզի հետազոտությանը: Նրանք պարզել են, որ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) ճշգրտելուց հետո կարմիր մսի (տավարի, խոզի կամ ոչխարի) օգտագործումը ուղղակիորեն կապված չէ արյան մեջ պարունակվող բորբոքման որևէ կենսամարկերի հետ: Առանձնահատուկ հետաքրքրություն էր կարմիր մսի օգտագործման և C-ռեակտիվ սպիտակուցի (CRP) միջև կապի բացակայությունը, որը բորբոքման հիմնական մարկեր է:
Եզրակացությունը ճիշտ էր ինչպես չմշակված մսի, այնպես էլ վերամշակված մթերքների համար, ինչպիսին երշիկն է: Սա թույլ է տալիս ենթադրել, որ բորբոքման շարժիչ ուժ կարող է լինել մարմնի քաշը, այլ ոչ թե կարմիր միսը։
«Կարմիր միսը տարածված է, հասանելի և համեղ, և նրա տեղը մեր սննդակարգում մշակութային խոր արմատներ ունի: Հաշվի առնելով դա՝ դրա գործածումը նվազեցնելու վերաբերյալ առաջարկությունները պետք է հաստատվեն համոզիչ գիտական տվյալներով, որոնք դեռևս գոյություն չունեն»,- եզրափակել են գիտնականները։