ԱՄՆ-ում բժիշկներն իրականացրել են մարդու աչքի փոխպատվաստման առաջին դեպքը, հայտնում է Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնը:
«NYU Langone բժշկական կենտրոնի վիրաբույժների թիմը կատարել է աշխարհում առաջին ամբողջական աչքի և դեմքի մասնակի փոխպատվաստումը Արկանզասի 46-ամյա զինվորական վետերանի, ով աշխատանքի ընթացքում բարձր լարման էլեկտրական ցնցում է ստացել», – ասվում է բժշկական կենտրոնի հայտարարության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ հիվանդը պատահաբար հոսանքի լարերին դիպչելուց հետո կորցրել է ձախ աչքը, քիթը, շրթունքները, առջևի ատամները, ձախ այտի մի մասը և կզակը մինչև ոսկորը։ Նշվում է, որ վիրահատությունը, որն իրականացվել է 2023 թվականի մայիսի 27-ին, տևել է մոտ 21 ժամ, որին մասնակցել են ավելի քան 140 վիրաբույժներ, բուժքույրեր և այլ բուժաշխատողներ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ներկայումս անհայտ է, թե արդյոք հիվանդը կկարողանա տեսնել նոր աչքով, սակայն փոխպատվաստված օրգանը վիրահատությունից հետո «առողջության զարմանալի նշաններ» է ցույց տվել։ Նշվում է, որ վիրաբույժների ձեռքբերումը «նոր հնարավորություններ է բացում տեսողության բուժման հետագա առաջընթացի համար»: