Օգտակար է իմանալ․ Ինչու են մարդիկ աշնանն ավելի շատ շոկոլադ ուտում

Օգտակար է իմանալ․ Ինչու են մարդիկ աշնանն ավելի շատ շոկոլադ ուտում

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ շոկոլադը վնասակար չէ ատամներին, ավելին՝ այն դանդաղեցնում է կարիեսի առաջացումը։

«Իհարկե, խոսքը բնական, դառը շոկոլադի մասին է ( 60% և բարձր կակաոյի պարունակությամբ), որտեղ շաքարի պարունակությունը ցածր է: Նաև չպետք է մոռանալ շոկոլադ ուտելուց հետո բերանի ողողման մասին՝ թթվայնության բարձրացումից խուսափելու համար:

Դառը շոկոլադը համարվում է ամենաօգտակարը, քանի որ պարունակում է նվազագույն քանակի շաքար և չի պարունակում սերուցք կամ կաթ, այն հագեցնող է և չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը:

Շոկոլադն ունի նաև աֆրոդիզիակի հատկություն, նպաստում է սեռական ցանկության բարձրացմանը, ինչպես նաև տրամադրությունը բարձրացնելու հատկություն ունի. օրգանիզմում արտադրվում են երջանկության հորմոններ՝ սերոտոնին և էնդորֆիններ, որոնք հանում են հոգեբանական ճնշվածությունն ու ցավի զգացողությունը», – նշել է բժիշկը՝ հավելելով, որ տարվա այս եղանակին շոկոլադը դեպրեսիայից խուսափելու միջոց կարող է լինել, ինչով էլ պայմանավորված է այն փաստը, որ տարվա կտրվածքով ամենաշատն աշնանն են մարդիկ շոկոլադ օգտագործում։

Դառը շոկոլադ քչերն են սիրում, և քչերը գիտեն դրա օգտակար հատկության մասին:

Բարձր ճնշում: Կակաոյի և սև շոկոլադի օգտագործումը կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը, պաշտպանել սիրտն ու արյունատար անոթները:

Հակադեպրեսանտ: Շոկոլադը սերոտոնին է պարունակում, որը հայտնի է՝ որպես հակադեպրեսանտ: Մարդիկ, ովքեր պարբերաբար դառը շոկոլադ են օգտագործում, ավելի քիչ են ենթարկվում քրոնիկ դեպրեսիայի զարգացման հավանականությանը:

Նպաստում է ուղեղի աշխատանքին: Դառը շոկոլադը կօգնի պաշտպանել ուղեղի բջիջները:

Լավացնում է տրամադրությունը: Շոկոլադն իսկապես կարող է լավացնել տրամադրությունը, այն օգնում է թուլանալ, հանգստանալ:

Պաշտպանում է սիրտը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր պարբերաբար դառը շոկոլադ են օգտագործում, ավելի քիչ են ենթարկվում զարկերակային ճնշման բարձրացման հավանականությանը: Դառը շոկոլադն օգնում է լավացնել արյան շրջանառությունը, թեթևացնել վարիկոզի ախտանշանները:

Դանդաղեցնում է ծերացումը: Դառը շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով, կանխարգելում է հյուսվածքների վնասումը, որը տեղի է ունենում ազատ ռադիկալների և տոքսինների ազդեցությամբ:

Tert.am