Շաքարային դիաբետը էնդոկրին համակարգի ամենատարածված հիվանդություններից է և հայտնաբերման հաճախականությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում բոլոր էնդոկրին պաթոլոգիաների շարքում: Հիվանդությունը հանդիպում է յուրաքանչյուր տասներորդ մարդու մոտ, կան նաև թաքնված ձևեր, երբ հիվանդը նույնիսկ տեղյակ չէ խնդրի մասին։ Հիվանդության զարգացման հիմնական պատճառը ինսուլինի պակասն է, ինչը հանգեցնում է նյութափոխանակության բոլոր գործընթացների խաթարմանը։
Շաքարախտի տեսակների, պատճառների և բուժման մասին տեղեկացանք բժիշկ-էնդոկրինոլոգ Նանո Ջաղացպանյանից։
Բժշկի խոսքով, Նինոծմինդայի մունիցիպալիտետում շաքարային դիաբետի դեպքերն ավելի շատ են, քան Թբիլիսիում։ Առողջ մարդու արյան մեջ շաքարի մակարդակը պետք է լինի 3,5-ից 5,5-ի սահմաններում:
Բժիշկը նշում է, որ օրեցօր ավելանում է 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների թիվը։ Այս հիվանդությունը հիմնականում հանդիպում է 30 տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Հիմնական պատճառներն են սխալ սննդակարգը, գենետիկան և այլ գործոններ։ «Կարող եմ ասել, որ իմ պրակտիկայում 2-րդ տիպի հիվանդությունը հանդիպում է գրեթե յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ այցելուի մոտ։ Ուստի կարեւոր է առողջ ապրելակերպ վարելն ու ճիշտ սննդակարգ ընտրելը»։
Շաքարային դիաբետով տառապող մարդիկ պետք է դիմեն բժշկի, այլ ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել՝ հետևելով հարևանների խորհուրդներին:
Առավել մանրամասն՝ էնդոկրինոլոգ Նանո Ջաղացպանյանի հետ մեր հարցազրույցում։
Շաքարային դիաբետը մետաբոլիկ հիվանդությունների խումբ է, որոնք առաջացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անվերահսկելի բարձրացում (հիպերգլիկեմիա): Սովորաբար, ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող ինսուլին հորմոնը վերահսկում է բջիջների կողմից գլյուկոզայի կլանումը և մարմնում ածխաջրերի նյութափոխանակությունը: Տարբեր պաթոլոգիական պայմանները կարող են առաջացնել ինսուլինի անբավարար սեկրեցիա (I տիպի շաքարախտ) կամ բջիջների դիմադրություն այս հորմոնին (II տիպի շաքարախտ): Բժիշկները որպես հիվանդության ախտանիշներ ներառում են հաճախակի միզելը, մշտական ծարավը և ինտենսիվ քաղցը: Առանց բուժման արյան շաքարի մակարդակի բարձրացումը կարող է բարդանալ սրտի, արյան անոթների, նյարդային համակարգի, ստորին վերջույթների և տեսողության օրգանների հիվանդություններով: