Անկասկած, բոլորին էլ ծանոթ է դափնու տերևի հոտը: Դափնու տերևն առկա է մի շարք բաղադրատոմսերի մեջ: Հետաքրքիրն այն է, որ այս տերևը ոչ միայն բուրավետ է, այլև՝ շատ առողջարար: Պարզվում է՝ օգտակար հատկանիշների շնորհիվ այն օգտագործվում է բուժիչ նպատակներով: Օրինակ, այս տերևով կարելի է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, և ոչ միայն:
Դափնու տերևի թուրմը դեռ հնուց օգտագործվել է արևելյան և արևմտյան Եվրոպայի, ինչպես նաև՝ Ասիայի ժողովրդական բժշկության մեջ:
Դափնու տերևը համարվում է բնական հակաբիոտիկ, բացի այդ, այն խթանում է նյութափոխանակությունը: Դափնու տերևի բաղադրության մեջ եղած տանինների շնորհիվ այն համարվում է բորբոքումներն ու այտուցները բուժող միջոց: Իսկ եթե դափնու թուրմը ճիշտ պատրաստեք, այն կլավացնի իմունիտետը. հարկավոր է միայն կանոնավոր կերպով այն օգտագործել:
Ինչո՞վ է օգտակար դափնու թուրմը
Դափնու թուրմը սովորաբար օգտագործվում է օրգանիզմից անցանկալի աղերը դուրս բերելու նպատակով: Այս թուրմի մեջ առկա ակտիվ տարրերն ազդում են լեղապարկի քարերի, հոդերում աղերի կուտակման, ինչպես նաև խոլեցիստիտին հատուկ բորբոքումների վրա:
Բացի այդ, դափնու թուրմը նաև օգնում է շաքարախտով տառապող մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր թութք ունեն: Սակայն դա չի նշանակում, որ այս թուրմը պետք է ամեն օր օգտագործել, քանի որ դրա բուժական կուրսը տևում է տարեկան 3 շաբաթից ոչ ավելի:
Դափնու տերևից թուրմ պատրաստելու համար պետք է 10-15 հատ տերևների վրա լցնել 300 մլ ջուր, դնել կրակին, հասցնել եռման և եփել ցածր կրակի վրա 3-5 րոպե: Ստացված թուրմը լցնել թերմոսի մեջ, թողնել 4 ժամ, ապա քամել: Օրական մի քանի անգամ 1ճ/գ խմեք այս թուրմից: Այս կուրսը պետք է տևի 3 օր: Ապա 2 շաբաթ դադար տալ և կրկնել: Այս թուրմը խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր փորկապության հակում ունեն:
Դափնու տերևի թուրմը՝ հայմորիտի բուժման համար
3 տուփ դափնու տերևների վրա լցնել ջուր այնքան, մինչև տերևները ծածկվեն, ամբողջը դնել կրակին: Հասցնել եռման: Կրակն անջատել, վերցնել մաքուր սրբիչ, այն թաթախել թուրմի մեջ, ապա սրբիչը դնել քթի սկզբնամասում (հոնքերի մեջտեղի հատվածում) և ճակատին: Խորհուրդ է տրվում գլուխը փաթաթել որևէ տաք կտորով: Երբ զգաք, որ սրբիչը սառչել է, կրկին թրջեք տաք թուրմի մեջ: Այսպես արեք առնվազն 3-4 անգամ: Ավելի լավ է գործողությունը կատարել քնելուց առաջ: Բուժման կուրսը՝ 1շաբաթ:
Դափնու տերևը՝ շաքարախտի դեպքում
Դափնու 10 տերևի վրա 3 բաժակ եռացրած ջուր լցրեք: Լավ կլինի այս թուրմի համար օգտագործել ապակե կամ էմալապատ կաթսա: Խառնուրդը թողեք թրմվի 3 ժամ: Օրական 3անգամ կես բաժակի չափով խմել՝ ուտելուց կես ժամ առաջ:
Կարող եք նաև հետևյալ բաղադրությանը հետևել
Դափնու 10-15 տերևի վրա լցնել 0.3 լ սառը ջուր, հասցնել եռման, թողնել եռա 5 րոպե: Ամբողջը լցնել թերմոսի մեջ, թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան քամել և օրվա ընթացքում քիչ-քիչ խմել: Այսպես պետք է բուժվել 3 օր, ապա 2 շաբաթ դադար տալ և կրկնել կուրսը: