Վրաստանի վարչապետը նամակ է գրել ԵՄ առաջնորդներին

Վրաստանի վարչապետը նամակ է գրել ԵՄ առաջնորդներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ԵՄ ղեկավարությանը ուղղված նամակում ասվում է, որ Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու որոշումը շրջադարձային կլինի ոչ միայն Վրաստանի եվրոպական ապագայի, այլ նաև ԵՄ ընդլայնման քաղաքականության համար։

2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց զեկույց Վրաստանի կողմից 12 պայմանների կատարման վերաբերյալ և առաջարկեց, որ Եվրոպական խորհուրդը երկրին տրամադրի ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ: Արդեն դեկտեմբերի 14-15-ը Եվրահանձնաժողովի եզրակացության հիման վրա Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի ընդլայնման քաղաքականության և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ։

«Սա շրջադարձային է Վրաստանի եվրոպական ապագայի, ինչպես նաև ԵՄ ընդլայնման քաղաքականության վստահելիության համար՝ աշխարհառազմավարական ներդրում ողջ Եվրոպայի խաղաղության, կայունության և բարգավաճման համար», – ասվում է Վրաստանի վարչապետի նամակում։

Վրաստանի կառավարության ղեկավարը նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ինչպես նաև Իսպանիայի Թագավորության կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսին, ով այս տարի նախագահում է ԵՄ խորհուրդը։

Ինչպես նշել է վարչապետը, այս խիստ հակամարտող տարածաշրջանում երկրի իշխանությունները շարունակում են ամրապնդել Վրաստանի դերը՝ որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության, ժողովրդավարական զարգացման և համագործակցության հենասյուն։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը նաև վճռորոշ օղակ է գլոբալ կապերի քարտեզի վրա, որն աշխարհին առաջարկում է էներգետիկ համագործակցության և Սև ծովում բեռնափոխադրումների և առևտրի զարգացման այլընտրանքային ուղիներ։

«Մենք վստահ ենք, որ Վրաստանը, որպես Եվրամիության ապագա անդամ երկիր, կարևոր դեր կխաղա Եվրոպայի ընդհանուր բարգավաճման գործում: Թեկնածուի կարգավիճակի շնորհումը լրացուցիչ խթան կհանդիսանա Վրաստանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ասված է նամակում։

Վրաստանի ապագան Եվրամիությունում է, և դրան այլընտրանք չկա, ընդգծել է Ղարիբաշվիլին։