Արդեն մի քանի օր է Բաթումիում ընթանում է բռնցքամարտի Վրաստանի ազգային առաջնությունը։ Ախալքալաքի մարզահամալիրի 8 մարզիկներն էլ ապահովել են բրոնզե մեդալներ։ Մեր բոլոր մարզիկներն առաջնության կիսաեզրափակչում են։
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին մենամարտել են մեր վեց մարզիկները։ Հաղթանակ են տարել երիտասարդների խմբից՝ Գրիշա Էլիզբարյանը, Սերոբ Մանասյանը, Ժիրայր Սահարյանը։ Մեծահասակներից մենամարտել են՝ Գոռ Այվազյանը, Արշակ Էլիզբարյանը, իսկ Արտյուշ Գոմցյանի մրցակիցը հրաժարվել է մենամարտել։
Արտյուշ Գոմցյանը և Արշակ Էլիզբարյանը տոնել են երկու անընդմեջ հաղթանակ։ Արտյուշի մրցակիցը եղել է Թբիլիսին ներկայացնող մարզիկը, իսկ Արշակինը՝ Բաթումին։
Բոլոր բռնցքամարտիկներն էլ ապահովել են նվազագույնը բրոնզե մեդալ, պայքարը շարունակելու են արծաթե և ոսկե մեդալների համար։
Հիշեցնենք, որ Բաթումիում՝ դեկտեմբերի 12-ից 17-ը, Մուրման Վախթանգաձեի անվան մարզահամալիրում անցկացվում է բռնցքամարտի Վրաստանի ազգային առաջնությունը։ Ախալքալաքի մարզահամալիրից առաջնությանը մասնակցում է թվով 8 մարզիկ։
Մեծահասակների խմբում են․ Գոռ Այվազյանը՝ 54 կգ քաշային կարգում, Արտյուշ Գոմցյանը՝ 60 կգ քաշային կարգում, Արշակ Էլիզբարյանը՝ 75 կգ քաշային կարգում և Արտյոմ Յորդանյանը՝ 86 կգ քաշային կարգում։
Երիտասարդների խմբում են․ Գրիշա Էլիզբարյանը՝ 48 կգ քաշային կարգում, Սերոբ Մանասյանը՝ 57 կգ քաշային կարգում, Ժիրայր Սահարյանը՝ 60 կգ քաշային կարգում և Սամվել Ղազարյանը՝ 80 կգ քաշային կարգում:
Հարկ է նշել, որ երիտասարդները Եվրոպայի և աշխարհի առաջնության համար կպայքարեն, իսկ մեծահասակները չեմպիոն դառնալու դեպքում՝ օլիմպիական ուղեգրերի հետևից կգնան։ Ինչպես նաև կընդգրկվեն Վրաստանի ազգային հավաքականի կազմ։
Ազգային առաջնությանը մասնակցում են 2006-2007 թվականներին ծնված պատանի բռնցքամարտիկներն ու 1983-2005 թվականներին ծնված բռնցքամարտիկները։
Մրցումներին մասնակցում են տարբեր քաղաքների թիմեր, բռնցքամարտիկները մրցում են սիրողական բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից հաստատված քաշային կարգերում։ jnews.ge