Դրամաշնորհային մրցույթ գյուղական վայրերում ապրող երիտասարդներին եւ կանանց աջակցելու նպատակով

Դրամաշնորհային մրցույթ  գյուղական վայրերում ապրող երիտասարդներին եւ կանանց աջակցելու նպատակով

Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները եւ Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ

Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ եւ Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ։

Խորհուրդը նաեւ որոշում է կայացրել բանակցություններ սկսել Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ՝ վերջինիս կողմից անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ աստիճանի հասնելուց հետո, եւ Հանձնաժողովին առաջարկել է մինչեւ մարտ հաշվետվություն ներկայացնել՝ նման որոշում կայացնելու նպատակով:

«Հույսի հստակ ազդանշան իրենց ժողովուրդների եւ մեր աշխարհամասի համար», – գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում:

Նոյեմբերի 8-ին հրապարակված 2023 թվականի Ընդլայնման փաթեթում Եվրոպական հանձնաժողովն առաջարկել էր անդամակցության բանակցություններ սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ, իսկ Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ վերջինիս կողմից որոշ քայլեր կատարելու պայմանով։

ԵՄ ընդլայնման գործընթացը Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի համար. հիմնական տեղեկատվություն եւ աղբյուրներ պարունակող հատուկ կայքէջ

Եվրոպական խորհրդի շրջանակներում դեկտեմբերի 14-ին եւ 15-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների հավաքին ընդառաջ, որտեղ վերջիններս պատրաստվում են քննարկել ԵՄ ընդլայնման քաղաքականությունը, ներառյալ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի առնչությամբ հետագա քայլերը, «EU NEIGHBOURS east» ծրագիրը պատրաստել է հատուկ կայքէջ, որտեղ նկարագրված է ընդլայնման ամբողջ գործընթացն ու պատմությունը։

«ԵՄ ընդլայնման գործընթացը Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի համար» կայքէջը ծանոթացնում է վերջին՝ 2023 թվականի ընդլայնման փաթեթին, որում առաջարկ է արվում Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ սկսել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ, իսկ Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ վերջինիս կողմից որոշակի քայլեր կատարելու պայմանով: Կայքէջը ներկայացնում է նաեւ ընդլայնման գործընթացն ու մինչ օրս յուրաքանչյուր երկրի արձանագրած առաջընթացը: Բովանդակությունը հասանելի է նաեւ հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն, ուկրաիներեն եւ ռուսերեն լեզուներով։

Կայքէջը ներառում է հիմնական տեղեկություններ, փաստեր եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի բնօրինակ զեկույցների եւ ընդլայնման գործընթացի ու Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ԵՄ հարաբերությունների մասին մանրամասն տեղեկատվությամբ աղբյուրների համապարփակ հղումներ։

Թբիլիսիում տրվել է «Միասին հանուն Վրաստանի եվրոպական ուղու» ծրագրի մեկնարկը

Դեկտեմբերի 8-ին Թբիլիսիում մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Միասին հանուն Վրաստանի եվրոպական ուղու» նոր ծրագիրը։

Ծրագրի նպատակն է նպաստել Վրաստանի հետագա ինտեգրմանը Եվրոպական միությանը՝ հանրային լայն մասնակցության եւ համագործակցության, իրավական աջակցության, ինչպես նաեւ երկրում քաղաքացիական հասարակության, երիտասարդության, ԶԼՄ-ների, բիզնեսի, երիտասարդ իրավաբանների եւ ակտիվիստների հզորացման միջոցով: Ծրագիրը հանդես կգա նաեւ գիտական հետազոտությունների եւ հանրային երկխոսության նախաձեռնություններով, ինչպես նաեւ կբարձրացնի վրաց հասարակության եւ միջազգային հանրության իրազեկությունը:

Ծրագիրը կհամաֆինանսավորի ԵՄ-ն եւ կիրականացնի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (KAS) գլխավորած կոնսորցիումը՝ Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոնի (ՏՔՀԿ), Բաց հասարակության հիմնադրամներ – Վրաստանի (ԲՀՀՎ) եւ Անկախ լրագրողների տան (IJH) հետ համագործակցությամբ։ Ծրագրի տեւողությունը 33 ամիս է։

«Վրաստանի եվրոպական ապագայի ճանապարհորդությունը միասնական եւ հաստատուն ջանքեր է պահանջում հասարակության բոլոր շերտերից։ Վրաստանի եվրոպական ուղին նշանավորում է երկար եւ փոխակերպող ճանապարհ դեպի ավելի մեծ կայունություն եւ անվտանգություն։ Սա քաղաքական բարեփոխումների եւ երկրի ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ճանապարհ է։ ԵՄ չափանիշներին եւ արժեքներին հետագա մոտարկման միջոցով Վրաստանը հնարավորություն ունի ուժեղացնել իր կառավարումը, ամրապնդել օրենքի գերակայությունը եւ խորացնել մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ծրագրի մեկնարկի միջոցառման ժամանակ նշել է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչը:

Միջոցառման հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու «Միասնական Վրաստանը հանուն Եվրոպայի» ցուցահանդեսին, որը հանրության ուշադրությունը հրավիրել է վրաց պատմական դեմքերի եւ փաստերի վրա՝ ի ցույց դնելով եվրոպական ժողովրդավարական արժեքներին Վրաստանի եւ նրա քաղաքացիների նվիրվածությունը եւ Եվրոպայի հետ Վրաստանի պատմական կապերը։

Վրացի կինոարտադրողները Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել են ԵՄ-ի «Մարդու իրավունքները կինոյում» մրցանակին

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի փակման արարողության ժամանակ Վրաստանում ԵՄ պատվիրակությունը երկու ֆիլմի արժանացրել է ԵՄ-ի «Մարդու իրավունքները կինոյում» մրցանակին։ ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին «Ամիրանի» կինոթատրոնում մրցանակները հաղթողներին հանձնելիս՝ նշել է, որ փառատոնում այս մրցանակը հանձնվում է հինգերորդ տարին անընդմեջ։

Այս տարի առաջին անգամ մրցանակը նշանավորել է ձեռքբերումներ երկու տարբեր անվանակարգերում՝ վավերագրական եւ գեղարվեստական: Լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակը հանձնվել է ռեժիսոր Լուկա Բերաձեի «Ժպտացող Վրաստան» ֆիլմին։ Լավագույն գեղարվեստական ֆիլմի մրցանակն էլ ստացել է Աբաս Ամինիի «Անվերջանալի սահմաններ» ֆիլմը:

«Այնժամ, երբ Վրաստանը եւ Եվրոպան մոտ են քան երբեւէ, վրացական կինեմատոգրաֆիայի եւ Վրաստանի յուրահատուկ մշակույթի առաջմղումը մեծ նշանակություն ունի Եվրոպական միության համար»,- նշել է դեսպան Պավել Հերչինսկին:

Վրաստանում ԵՄ պատվիրակության համար օրինաչափ պրակտիկա է դարձել «Մարդու իրավունքները կինոյում» մրցանակաբաշխությանն աջակցելը, որը հիմնադրվել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնը 2000 թվականից կազմակերպում է «Պրոմեթեւս» կինեմատոգրաֆիական արվեստի կենտրոնը՝ նպատակ ունենալով ներկայացնել արտասահմանյան եւ վրացական ակնառու նոր ֆիլմերը։

TruthTechThon մեդիագրագիտության հաքաթոնին մասնակցել է շուրջ 150 վրաստանցի երիտասարդ

Վրաստանում Մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF) կազմակերպած մեդիագրագիտության վերաբերյալ TruthTechThon հաքաթոնին մասնակցել է շուրջ 150 երիտասարդ։

Միջոցառման նպատակն էր երիտասարդներին ընձեռել նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ թվային ռեսուրսներ ստեղծելու հնարավորություն՝ բարձրացնելու մեդիագրագիտությունը, պայքարելու ապատեղեկատվության դեմ եւ ամրապնդելու տեղեկատվության վստահելիությունը: 30 թիմերից 13-ը դուրս են եկել եզրափակիչ փուլ:

Առաջին տեղը զբաղեցրել է «EasyVerify» նորարարական գործիքը, որն օգնում է օգտատերերին երեք «քլիքով» ստուգել տեղեկատվության իսկությունը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Natsarkekia» նորարարական եւ զվարճալի խաղը, որն օգտագործում է վրացական «Նացարկեքիա» հեքիաթի սյուժեն՝ դպրոցահասակ երեխաներին մեդիագրագիտություն սովորեցնելու համար:

«Open Evidence» նախաձեռնությունն էլ գրավել է երրորդ տեղը։ Սա մեքենայական ուսուցման գործիք է, որն օգնում է օգտատերերին Վրաստանում մեդիա միջավայրի խորքային վերլուծության հարցում եւ բացահայտում է ընթացիկ միտումները:

Հաքաթոնի իրագորումը հնարավոր է դարձել Դոյչե Վելլե ակադեմիայի եւ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ։

COP28. ԵՄ-ն եւ ՎԶԵԲ-ը հանձն են առել ակտիվացնել «կանաչ» ներդրումները գործընկեր երկրներում

ԵՄ-ն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել են Արեւելյան գործընկերության երկրներում, ինչպես նաեւ Հարավային Միջերկրականում, Թուրքիայում եւ Արեւմտյան Բալկաններում «կանաչ» ներդրումներն ավելացնելու հանձնառության մասին՝ դեկտեմբերի 2-ին մտադրության մասին հայտարարություններ ստորագրելով Դուբայում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP28) շրջանակում։ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) կողմից կֆինանսավորվեն երաշխիքային երկու սխեմաներ։

60 միլիոն եվրոյի չափով մունիցիպալ, ենթակառուցվածքային եւ արդյունաբերական դիմակայունության երաշխիքը կաջակցի ՎԶԵԲ-ի կողմից ԵՄ Արեւելյան եւ Հարավային հարեւանության երկրներում, ինչպես նաեւ Թուրքիայում կորպորատիվ եւ կոմունալ ընկերությունների վարկավորմանը՝ կանաչ տեխնոլոգիաների, տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում ներդրումների, ինչպես նաեւ էներգաարդյունավետության բարելավման նպատակով։

168 միլիոն եվրոյի չափով HI-BAR երաշխիքն էլ ՎԶԵԲ-ին թույլ կտա արագացնել կլիմայի մեղմացման միջոցառումների եւ նորարարական կանաչ տեխնոլոգիաների, այդ թվում՝ կանաչ ջրածնի եւ կրիտիկական հումքի ուղղությամբ ներդրումները։

Երաշխիքային այս սխեմաների իրականացումը կնպաստի մաքուր տեխնոլոգիաների զարգացմանը, որն առանցքային է կլիմայական չեզոքության եւ Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու ճանապարհին։

Հարեւանության եւ ընդլայնման երկրների հետ համագործակցության ուղղությամբ ԵՄ-ի գերակա առաջնահերթություններն են աջակցությունը «Կանաչ գործարք» եւ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնություններին՝ արժանապատիվ աշխատատեղերի ու կայուն եւ ներառական աճի խթանման հետ մեկտեղ: Այս առաջնահերթություններն իրականացվում են Արեւելյան գործընկերության, Հարավային հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների երկրների հետ համաձայնեցված տնտեսական եւ ներդրումային ծրագրերի միջոցով:

Դրամաշնորհային մրցույթ ՔՀԿ-ների համար՝ գյուղական վայրերում ապրող երիտասարդներին եւ կանանց աջակցելու նպատակով:

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հայտարարել է դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական վայրերում ապրող երիտասարդներին եւ կանանց աջակցելու նպատակով:

Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական միության, ինչպես նաեւ ԳԴՀ կառավարության կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Վրաստանի մասնաճյուղի միջոցով: Ընտրված ՔՀԿ-ները ստանձնելու են ստացված միջոցները թիրախային խմբերին ուղղելու պատասխանատվություն։

Սույն հայտամրցույթը մեկնարկել է ԵՄ-ի եւ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «EU4ITD – Տնտեսական եւ սոցիալական կյանքի կատալիզատոր» նախաձեռնության շրջանակներում, որը նպատակ ունի հավասարակշռել տնտեսական եւ սոցիալական կյանքը Վրաստանում, նվազեցնել մարզերից դեպի մայրաքաղաք միգրացիայի մակարդակը եւ խթանել Վրաստանի մարզեր տեղափոխվել նախընտրող մարդկանց թվի զգալի աճը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ.-ի դեկտեմբերի 22-ը։

ԵՄ ֆինանսավորմամբ քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ Արեւելյան գործընկերության երկրների համար. վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը հայտարարել է ԵՄ կողմից ֆինանսավորվող իր կրթաթոշակային ծրագրի համար հայտերի ընդունման նոր մրցույթ:

Կրթաթոշակները կաջակցեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող քաղաքացիական հասարակության ակտիվիստներին կամ քաղաքացիական մտածողությամբ կանանց եւ տղամարդկանց, ովքեր խորը նվիրվածություն են դրսեւորում իրենց համայնքներում դրական սոցիալական փոփոխություններ առաջ մղելու գործին։

2024 թվականի կրթաթոշակների համար տարեկան թեմաներն են՝ աջակցություն Ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) եւ ՔՀԿ-ների հաշվետվողականություն ու նրանց համախոհների հետ կապի բարելավում։

Ընտրված թեկնածուներին կտրամադրվի անհատական ուսուցում եւ հրահանգում, 5,000 եվրո գումար՝ համապատասխան գործունեություն ծավալելու համար, ինչպես նաեւ կապերի ընդլայնման հնարավորություններ: Դուք նաեւ հնարավորություն կունենաք անդամակցելու ԱլԳ Քաղաքացիական հասարակության հիմնադրամի կրթաթոշակառու – շրջանավարտների ցանցին:

Սույն կոչի շրջանակներում տրամադրվում են երկու տեսակի կրթաթոշակներ՝ «Համայնքային ակտիվության կրթաթոշակներ» եւ «Քաղաքացիական թվային կրթաթոշակներ» (նախատեսված են հատուկ ՏՏ մասնագետների համար, ինչպիսիք են ծրագրային ապահովման ինժեներները, տվյալագետները, դիզայներները, ովքեր տեխնոլոգիաներն օգտագործում են հօգուտ համայնքի):

Սույն հրավերը բաց է Արեւելյան գործընկերության երկրների 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար, ովքեր վարժ տիրապետում են անգլերեն լեզվին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 27-ն է։

ԵՄ-ը կնպաստի մտավոր սեփականության իրավունքների ամրապնդմանն Ուկրաինայում, Մոլդովայում եւ Վրաստանում

Դեկտեմբերի 12-ին Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակը (EUIPO) ստորագրել են նոր ծրագիր՝ ի աջակցություն Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի: EUIPO-ի կողմից իրականացվելիք այս նոր ծրագիրն ուղղված է երեք գործընկեր երկրներում մտավոր սեփականության իրավունքների ամրապնդմանը եւ նորարարության, ստեղծարարության ու մրցակցության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

Դեկտեմբերի 12-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է իրականացնել 4 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով եւ 4 տարի տեւողությամբ ծրագիր Ուկրաինայում, Մոլդովայում եւ Վրաստանում, որը կհամաֆինանսավորեն Եվրոպական հանձնաժողովը՝ 2,8 միլիոն եվրոյի չափով, եւ EUIPO-ն՝ 1,2 միլիոն եվրոյի չափով։

«Ծրագիրը, որը մենք այսօր ստորագրում ենք EUIPO-ի հետ, կարեւոր ներդրում կլինի Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելուն ուղղված ջանքերում։ Աջակցելով մտավոր սեփականության իրավունքների ամուր համակարգի կայացմանը` այս ծրագիրը կնպաստի նաեւ գործարար միջավայրի բարելավմանը եւ տնտեսական աճի խթանմանը: EUIPO-ի փորձագետներն առանցքային դեր կունենան այս կարեւոր ոլորտում իրենց ԵՄ ձգտումների գործնական հետեւանքների ըմբռնման ուղղությամբ մեր գործընկեր երկրներին օգնելու հարցում»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը:

Radio NOR · Դրամաշնորհային մրցույթ գյուղական վայրերում ապրող երիտասարդներին եւ կանանց աջակցելու նպատակով

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։