Բքի և ձյան պատճառով փակ են ճանապարհները շրջանի մի քանի գյուղերի ուղղությամբ։ Դեռևս Նինոծմինդայի մունիցիպալիտետի երկու գյուղ մեկուսացված են մնում։
Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների հատվածներում։ Փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեկնաբանել է ճանապարհներին տիրող իրավիճակը՝ նշելով, որ ներկայումս գյուղեր տանող ճանապարհների մեծ մասը բաց է։ Սակայն որոշ տարածքներ շարունակում են մնալ դժվարանցանելի, իսկ երկու գյուղ՝ փակ:
Արդեն 2 օր է, ինչ մաքրման աշխատանքներ են իրականացվում Փ.Խանչալի գյուղի ուղղությամբ, սակայն Մ.Խանչալից դեպի Փ.Խանչալի գյուղ տանող ճանապարհը ծածկված է ձյունով, և տեխնիկան չի կարող մաքրել այն: Ուստի այսօր լրացուցիչ տեխնիկա են հրավիրվել: Աշխատանքները դադարեցվել են գիշերը, և այս պահին տարածքում աշխատում են մի քանի ձյուն մաքրող մեքենաներ:
Փակ է մնում նաև Տամբովակի ուղղությամբ ճանապարհը։ Ձյան տեղումների և ցածր տեսանելիության պատճառով այնտեղ մաքրման աշխատանքներ չեն իրականացվում։
Ձնաբքի պատճառով Վլադիմիրովկա գյուղի ուղղությամբ ավտոճանապարհը դժվարանցանելի է. Նինոծմինդայի մունիցիպալիտետի մնացած գյուղերի ուղղությամբ ճանապարհները բաց են:
Արմեն Բդոյանի խոսքով՝ տեխնիկան աշխատում է լրիվ ռեժիմով՝ չնայած ուժեղ քամուն ու ցածր տեսանելիությանը։ Ձնաբքի դադարելուն պես ճանապարհները կմաքրվեն այն ուղղություններով, որտեղ այս պահին եղանակային պայմանները բարդ են։