Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 180 -ի

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 180 -ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 180-ի, հայտնում է Kyodo-ն։
Նախկինում հաղորդվում էր 168 զոհի մասին, ևս 323 մարդու հետ չի հաջողվել կապ հաստատել։

Երկրաշարժից մեկ շաբաթ անց ճանապարհների և կապի ավերածությունների պատճառով աղետի հետևանքները դեռ ամբողջությամբ հայտնի չեն։ Սա առաջին հերթին վերաբերում է Իշիկավա պրեֆեկտուրայի Վաջիմա և Սուզու քաղաքներին: Փրկարարներն ու տեղական իշխանությունները ֆիզիկապես չեն կարողանում հասնել մի քանի տարածք՝ գնահատելու աղետի մասշտաբները։ Դա վերաբերում է ավերված տների, զոհերի ու վիրավորների թվին։ 3345 մարդ դեռևս կտրված է կապից։

Տուժած շրջաններում իրավիճակը սրվում է ձյան տեղումների և ցուրտ ջերմաստիճանի պատճառով, որը տատանվում է զրոյից մինչև պլյուս չորս աստիճան այն պայմաններում, երբ հազարավոր տնային տնտեսություններ դեռ մնում են առանց էլեկտրականության և ջրի: Ձյան տեղումները՝ Սուզուում մինչև 12 սանտիմետր, Վաջիմայում՝ մինչև 9 սանտիմետր, կարող են առաջացնել ավելի շատ շենքերի փլուզումներ՝ տների տանիքներին կուտակվելու պատճառով, քանի որ ցնցումները շարունակվում են, որոնք հունվարի 1-ից ի վեր 1248 անգամ տեղի են ունեցել Նոտոյի շրջանում: Ձյան տեղումները նաև դանդաղեցնում են ճանապարհների վերականգնման աշխատանքները՝ դժվարացնելով օգնության հասնելը ամենաշատ տուժած շրջաններ:

2024 թվականի առաջին օրը Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու տարածքում տեղի են ունեցել մի շարք խոշոր երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը եղել է 7,6 մագնիտուդով: Երկրի ամբողջ արևմտյան ափի երկայնքով հյուսիսից հարավ ցունամիի սպառնալիք է հայտարարվել, իսկ հետո 2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է խոշոր ցունամի։ Ափի որոշ վայրերում ալիքի բարձրությունը կազմել է 4,2 մետր։
Ավելի քան 1400 տուն մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է։ Իշիկավա պրեֆեկտուրայում 59 հազար տնային տնտեսություն մնում է առանց ջրի, իսկ ավելի քան 15,5 հազարը՝ առանց էլեկտրականության։ Տարածաշրջանում բացվել է 357 տարհանման կետ, տարհանվածների թիվը գերազանցում է 28 հազարը։ shantnews.am