Վրաստանում փոքր ձեռներեցներից ոմանք պատրաստվում են դադարեցնել համագործակցությունը «Վրաստանի փոստ»-ի հետ, գրել է bpn.ge լրատվականը: Ըստ տեղեկության՝ պատճառը փոստի բարձրացրած սակագներն են։
Մասնավորապես, տեղական բիզնեսի ներկայացուցիչները պնդում են, որ փոստը չեղարկել է 6 լարիանոց պարզ առաքման ծառայությունը, բացի այդ՝ մասնաճյուղեր ծանրոցների առաքման վճարը կազմում է 14 լարի, իսկ հասցեով առաքման վճարը՝ 19 լարի։ Ըստ ընկերությունների՝ «Վրաստանի փոստ»-ն առանց նախազգուշացման է բարձրացրել սակագները:
«Վրաստանի փոստ»-ի անփութության պատճառով չկարողացա ուղարկել այն պատվերները, որոնք պետք է ուղարկեի։ Սակագինը, որը կազմում էր 8,20 լարի, փոստը չեղարկել է։ Ես չեմ կարող հաճախորդից պահանջել 17 և 19 լարի վճարել 200 գրամ կշռող ապրանքի համար»։
«Սակագները եռապատկվել են: Եթե ծանրոցը հասնում է մասնաճյուղ՝ 14 լարի, իսկ եթե առաքվում է հասցեով, ապա դառնում է 19 լարի։ Կհամագործակցեմ այլ ընկերության հետ»։
«Դուք ինձ նման հաճախորդ եք կորցրել։ Նախ` մտածեք, թե ինչը բարելավել ծառայությունում, դրանից հետո` դրույքաչափերը բարձրացնելու մասին»,- այսպես են արձագանքել որոշ ձեռնարկատերեր «Վրաստանի փոստ»-ի կողմից դրույքաչափերի բարձրացմանը:
«Վրաստանի փոստ»-ն արձագանքել է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ընկերության դեմ սակագների փոփոխության պատճառով սկսված արշավին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ սակագների բարձրացումը տեղի է ունեցել միջինը 15 տոկոսով, և «Վրաստանի փոստ»-ը շարունակում է շուկայում գործել ամենացածր սակագներով։ aliq.ge