Որոնք են փորափքանքի հիմնական պատճառներն ու ինչ խնդիրների մասին այն կարող է հուշել

Որոնք են փորափքանքի հիմնական պատճառներն ու ինչ խնդիրների մասին այն կարող է հուշել

Փորափքանքը մարսողական համակարգի ամենատարածված խանգարումն է։ Ընդ որում՝ շատ հաճախ այն ուղեկցվում է այլ ախտանշաններով, մասնավորապես՝ աղիների աշխատանքի խանգարմամբ ու որովայնի ցավով։ Այս մասին «Известия» թերթի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը՝ անդրադառնալով այս խանգարման հնարավոր խնդիրներին ու դրա դեմ պայքարի միջոցներին։

Մասնագետի խոսքով՝ շատ հաճախ փորափքանքը որևէ հիվանդության ախտանշան չէ, այլ կապված է որոշակի մթերքի գործածության հետ, որոնց շարքին են դասվում կաղամբը, լոբազգիները, գարեջուրն ու կաթնամթերքը (կաթնաշաքարի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության դեպքում)։ Բացի այդ, մեծ քանակությամբ գազերի կուտակում կարող է առաջացնել նաև չափազանց արագ ուտելու սովորությունը, քանի որ այդ դեպքում մարդը մեծ քանակությամբ օդ է «կուլ տալիս»։

Սակայն մյուս կողմից, ինչպես նշել է բժիշկը, փորափքանքը կարող է աղիների կամ այլ օրգանների հիվանդությունների ախտանշան լինել։ Այն կարող է հուշել սուր աղիքային վարակների, ոչ վարակիչ բորբոքային հիվանդությունների և անգամ օնկոլոգիական հիվանդությունների մասին։

Հաճախ փորափքանքի պատճառ է դառնում նաև բակտերիալ գերաճի համախտանիշը, որի դեպքում բարակ աղիքում սկսում են ակտիվորեն բազմանալ այն բակտերիաները, որոնք սովորաբար «բնակվում են» հաստ աղիքում։

Կաշուխի խոսքով՝ փորափքանքի ու ավելորդ գազերի կուտակման դեպքում հարկավոր է անպայման դիմել թերապևտին կամ գաստրոէնտերոլոգին, իսկ խնդրի կանխարգելման համար՝ սահմանափակել դրա զարգացմանը նպաստող սննդամթերքի գործածությունը։

Tert.am