Գազաֆիկացման խնդիրը Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերում դեռ արդիական է։
Հիմնականում այս խնդրի առջև կանգնած են շրջկենտրոնից՝ Ախալքալաքից հեռու գտնվող գյուղերի բնակիչները, և սա թերևս ամենակարևոր հիմնախնդիրներից է մնում։ Ձմռանը գյուղացու ուսերին հոգսն ավելի է ծանրանում, երբ նա ստիպված է լինում վառելանյութ հայթայթել, ձեռք բերել գազի բալոն, լիցքավորել այն որոշ ժամանակով, իսկ քանի որ դրանով հնարավոր չէ լուծել տան ջեռուցման հարցը, ապա միակ ելքը փայտե վառարանն է։
«Ալիք Մեդիան» անդրադարձել է Դադեշ, Սուլդա, Կարծախ, Մյասնիկյան, Դաբնիա, Էրինջա և Խավեթ գյուղերին, որոնք գտնվում են նույն ճանապարհային գծի վրա, և գազաֆիկացման խնդիրը երկար տարիներ է լուծում չի ստանում։
Այս ուղղությամբ գազ ունեցող վերջին գյուղը Վաչիանն է։
Գյուղացիների խոսքով հարցին անդրադառնում են միայն նախընտրական շրջանում, գյուղացին լցվում է հույսով, թե պիտի լուծվեն նաև իր խնդիրները, սակայն նշված գյուղերում, շատերի համար գազաֆիկացումն արդեն վաղուց անիրական թվացող երազ է դարձել։
«Ալիք Մեդիան» խնդրի շուրջ զրուցել է հիշյալ գյուղերի բնակիչների հետ։
Խավեթ գյուղի բնակիչ Սեռյոժա Խաչատուրյանը նշում է․
«Ամեն տարի նախընտրական շրջանում գալիս խոստումներ են տալիս, որ մեկ կամ երկու տարուց խնդիրը կլուծվի։ Գյուղացին նորից մնում է հույսերով ու երազանքներով։ Մեր նման հեռավոր գյուղերին հիշում են միայն այն շրջանում, երբ քաղաքապետ կամ գյուղապետ ընտրվելու համար ձայներ են պետք լինում, սակայն ինչպես տեսնում եք տարիներն անցնում են սակայն սայլը տեղից չի շարժվում»։
Խավեթը նշված գյուղերից ամենահեռուն է շրջկենտրոնից, այն Ախալքալաքից 32 կմ հեռավորության վրա է գտնվում։ Անբարեկարգ ճանապարհ, մանկապարտեզի բացակայություն, դպրոցում կարևոր ուսուցիչների պակաս, այս և այլ բազմաթիվ խնդիրներից ամենակարևորը գյուղացիները, սակայն, համարում են գազաֆիկացումը։
Կարծախցիների համար ևս ամենաարդիական խնդիրը գազաֆիկացումն է, չնայած խմելու ջրի բացակայությանը և գյուղմիջյան ճանապարհների բարեկարգման անհրաժեշտությանը։
Կարծախը, ըստ բնակիչների, այնքան էլ հեռու չէ շրջկենտրոն Ախալքալաքից, ճանապարհը 30-40 րոպե է տևում, բայց գյուղն, այնուամենայնիվ, զուրկ է բազմաթիվ հարմարություններից։
«Գազի խնդիրն ավելի դժվար լուծելի է, գազատարը Կարծախ հասնելու համար պիտի անցնի 20 կմ։ Սակայն գազաֆիկացման և ջրի բացակայությունը հատկապես ծանր բեռ են տնային տնտեսուհիների համար։ Մյուս գյուղերի համեմատ, որտեղ հիշյալ խնդիրն առկա է, Կարծախը համեմատաբար ավելի մոտ է գտնվում շրջկենտրոնին, սակայն հարցը երկար տարիներ է մնում անլուծելի», — ասում է Կարծախի բնակիչ Աղաս Մհերյանը։
«Ալիք Մեդիան» զրուցել է նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ։ Նա նշում է, որ խնդրի լուծման համար քաղաքապետարանն իրենից հասնող բոլոր քայլերը արել և անում է։
«Գազաֆիկացման խնդրի լուծման համար քաղաքապետարանը տեղական բյուջեից իրավունք չունի գումար հատկացնելու, բայց մենք բանակցություններ ենք վարում կառավարության հետ՝ այս և նման խնդիր ունեցող բոլոր գյուղերի հարցով։ Անկասկած, կառավարությունը տեղյակ է, որ տվյալ գյուղերի առավել զարգացման համար հարկավոր է գազաֆիկացում։ Պետք է ասեմ, որ այժմ աշխատանքներ արվում են, սակայն հարցի լուծման հստակ ժամկետ նշել չենք կարող», — ասում է նա։
Քաղաքապետի խոսքով, 2024 թվականին գազաֆիկացման խնդիրը լուծելու համար քաղաքային բյուջեով գումար չի հատկացվել, հետևաբար արդյոք կլուծվի այս խնդիրը, թե՝ ոչ, հայտնի չէ։ Փաստ է, սակայն, որ ընտրություններից առաջ տրված խոստումը անկատար մնաց նշված գյուղերի բնակիչների համար, ամենայն հավանականությամբ այս 8 գյուղերի բնակիչներն այս տարի ևս կմնան առանց գազի։