Ճապոնիայում առաջին անգամ հաջողել են ստանալ գենետիկ մոդիֆիկացված խոզ, որի օրգանները կարելի է պատվաստել մարդուն։ Եվ այդ օրգանները չեն վանվի պատվաստման դեպքում։ Այս մասին հայտարարել է PorMedTec ընկերությունը, որն աշխատում է Մեյդզի համալսարանի հովանու ներքո։
Սկզբում գենետիկ մոդիֆիկացված խոզերի աճեցման տեխնոլոգիան քսենոփոխպատվաստման նպատակով (կենդանիների օրգանների պատվաստում մարդուն- ծան.՝ ՏԱՍՍ-ի) մշակվել է ԱՄՆ-ում։ Ճապոնացի մասնագետները կարողացել են հաջողությամբ կլոնավորել գոճի՝ օգտագործելով ԱՄՆ-ից ներմուծված բջիջները։ Ընդգծվել է, որ սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայի տարածքում ծնվել է գենամոդիֆիկացված խոզ, որի օրգանները նախատեսվում է հետագայում պատվաստել մարդուն։
«Մենք ուրախ ենք, որ գոճին բարեհաջող ծնվել է, բայց սա դեռ սկիզբն է։ Մենք ակնկալում ենք բանավեճ բացել Ճապոնիայում [քսենոփոխպատվաստման] կլինիկական կիրառման մասին։ Մենք կշարունակենք մեր հետազոտությունները՝ կենտրոնանալով առաջին հերթին անվտանգության վրա, բայց եւ միաժամանակ շարունակելով քննարկել էթիկայի հետ կապված հարցերը»,- NHK հեռուստաալիքը մեջբերել է Մեյդզի համալսարանի պրոֆեսոր եւ PorMedTec ընկերության տնօրեն Հիրոսի Նագասամայի խոսքերը։ Արդեն 2024թ. ճապոնացի մասնագետները ենթադրում են սկսել գենամոդիֆիկացված խոզի օրգանների պատվաստումը կապկի մարմնում՝ մարդու մարմնում պատվաստելուց առաջ։
ԱՄՆ-ում 2023թ. աշնանը կատարել են մարդուն նման խոզի սրտի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը։ Վիրահատությունը նրան թույլ է տվել ապրել եւս վեց շաբաթ, բայց 58-ամյա տղամարդը մահացել է։ Վիրահատող մասնագետները Մերիլենդի համալսարանից խոստովանել են, որ սկսվել է պատվաստված սրտի վանում։
Այսպես կոչված քսենոփոխպատվաստմանը երկար ժամանակ խանգարում էր այն, որ իմունային համակարգը վանում էր օտարածին հյուսվածքները։ Կենսաբանները մոտեցել են այս խնդրի լուծմանը միայն անցած տասնամյակի սկզբին գենային ինժեներիայի շնորհիվ։ Միեւնույն ժամանակ, համապատասխան հետազոտություններն ուղեկցվում են բազմաթիվ վեճերով, առաջին հերթին՝ էթիկական։