Մեկնարկել է Եվրոպական ժառանգության օրերի վերաբերյալ հոդվածների մրցույթ

Մեկնարկել է Եվրոպական ժառանգության օրերի վերաբերյալ հոդվածների մրցույթ

Թբիլիսիում հայտարարել են ԵՄ լրագրության 2023 թվականի մրցանակակիրների անունները

Փետրվարի 2-ին Թբիլիսիում կայացել է ԵՄ լրագրության մրցանակի 12-րդ մրցանակաբաշխությունը։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին պարգեւատրել է վեց անվանակարգերում հաղթողներին: Խաղաղության լրագրության համար ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) հատուկ մրցանակակրին պարգեւատրեց Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Տիբոր Կոզմանը։

2012 թվականին Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հիմնադրված մրցանակը խրախուսում է վրաստանցի լրագրողների արհեստավարժությունն ու էթիկական վարքագիծը: Կոնֆլիկտազգայուն լրագրության համար հատուկ մրցանակը շնորհվում է վստահության ամրապնդմանը եւ խաղաղությանը նպաստող լրատվամիջոցներին եւ հանձնվում է Եվրոպական միության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) կողմից:

2023 թվականի ԵՄ լրագրության մրցանակակիրներն են.

  • Տպագիր կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված լավագույն նյութ՝

Հաղթող՝ Լանա Կոկայա («Ազատություն» ռադիոկայան)

  • Հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված լավագույն ռեպորտաժ՝

Հաղթող՝ Սեսիլի Բոտչոիձե («Ֆորմուլա» ՀԸ)

  • Տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն հետաքննական նյութ՝

Հաղթող՝ Գիորգի Մգելաձե («Ազատություն» ռադիոկայան)

  • Տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն բլոգային նյութ, կարծիք կամ սյունակ՝

Հաղթող՝ Մարիամ Նաթրոշվիլի (Ինդիգո)

  • ԵՄ արժեքներն արտացոլող լավագույն փաստագրական լուսանկար՝

Հաղթող՝ Զուրաբ Ծերծվաձե («Ֆրանս Պրես» գործակալություն)

  • Տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն ուսանողական աշխատանք՝

Հաղթող՝ Անաստասիա Բախտուրիձե (Ինդիգո)

  • Խաղաղության լրագրության համար ԵՄԴԱ հատուկ մրցանակ՝

Հաղթող՝ Մամուկա Կուպարաձե (համահեղինակ՝ Մադինա Գագլոեւա, «RE» ստուդիա)։

Առաջին վեց անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգեւ՝ յուրաքանչյուրը մոտավորապես 5,200 լարիի չափով: Խաղաղության լրագրության համար ԵՄԴԱ-ի հատուկ մրցանակակիրը կստանա Լոնդոնի Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի մեկամսյա կրթաթոշակ։

ԵՄ լրագրության մրցանակի համար հաջորդ մրցույթը կհայտարարվի 2024 թվականի մայիսի 3-ին:

ԵՄ թվինինգ ծրագիրն աջակցում է Վրաստանի շուկայի վերահսկողության գործակալությանը

Վրաստանում մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Վրաստանի շուկայի վերահսկողության գործակալության կարողությունների զարգացում» թվինինգ ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել շուկայի վերահսկողության ոլորտում ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրով (ԱԱ) / Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտով (ԽՀԱԱԳ) եւ Էներգետիկ համայնքի պայմանագրով նախատեսված պարտավորությունների հետագա եւ արդյունավետ կատարմանը:

ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակներում ծրագրի փորձագետները կաջակցեն վրացի գործընկերներին օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման հարցում՝ հաշվի առնելով ԵՄ լավագույն կարգավորող փորձը, ինչպես նաեւ Վրաստանի ազգային առանձնահատկությունները:

Փորձագետները կանցկացնեն ԵՄ շուկայի վերահսկողության դիրեկտիվների հիմնական թեմաների շուրջ դասընթացներ՝ սահուն մերձեցման գործընթաց ապահովելու եւ Վրաստանի շուկայի վերահսկողության գործակալությանն ու համապատասխան շահագրգիռ կողմերին (գործարարներ եւ սպառողներ) անցումային գործընթացով պայմանավորված խնդիրներին նախապատրաստելու համար։

Ծրագիրն իրականացվում է Լիտվայի Հանրապետության Սպառողների իրավունքների պաշտպանության պետական մարմնի (SCRPA) կողմից՝ Լեհաստանի մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության գրասենյակի (UOKiK) եւ Գերմանիայի տնտեսական հարցերի եւ կլիմայական գործողությունների դաշնային նախարարության (BMWK) հետ համագործակցությամբ։

Նոր ծրագիրը կաջակցի Վրաստանում ընտրական բարեվարքության բարելավմանը

Փետրվարի 1-ին Արդար ընտրությունների եւ ժողովրդավարության միջազգային ընկերակցությունը (ISFED) ներկայացրեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Վրաստանում ազատ եւ արդար ընտրական շրջափուլին» ծրագիրը։

Այս նախաձեռնությունը տեղի է ունենում այնպիսի ժամանակներում, երբ Վրաստանը պատրաստվում է 2024 թվականի խորհրդարանական եւ 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Ծրագրի հիմնական նպատակներն են ակտիվ դիտորդական առաքելությունը, ընտրողների տեղեկատվական արշավները եւ քաղաքական կուսակցությունների ու ընտրողների միջեւ կառուցողական երկխոսությանն աջակցությունը: Այս ջանքերն ուղղված են ընտրական գործընթացի նկատմամբ հաշվետվողականության, թափանցիկության եւ վստահության մշակույթի ձեւավորմանը:

«Վրաստանի ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներին երկրի հավատարմությունն ու Եվրոպական միությանն անդամակցելու նրա ձգտումները վերահաստատելու ներուժ ունեն։ Համոզված եմ, որ այս ծրագիրը, ընտրական դիտորդություն իրականացնելով, ընտրողներին գիտելիքներ եւ կրթություն տրամադրելով, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների եւ ընտրողների միջեւ երկխոսությունը խթանելով, մեծապես կնպաստի Վրաստանի ժողովրդավարացման գործընթացին», – ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին:

Ծրագիրն իրականացվում է ISFED-ի կողմից՝ Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի (GFSIS) ու Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի հետ համագործակցությամբ:

«ԵՆԲ Գլոբալ»ը եւ վրացական TBC Bank-ը ստորագրել են երաշխիքային համաձայնագիր, որը 31 միլիոն եվրոյի աջակցության հնարավորություն է բացում բիզնեսի համար

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) TBC Bank-ի հետ ստորագրել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ երաշխիքային համաձայնագիր, որը նրան հնարավորություն կտա բարելավված պայմաններով ֆինանսավորում տրամադրել տեղական մասնավոր հատվածին։

ԵՆԲ-ի երաշխիքն ավելի քան 31 միլիոն եվրոյի ֆինանսավորում կբացի Վրաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար՝ ապահովելով TBC Bank-ի կողմից տրամադրված յուրաքանչյուր վարկի հնարավոր կորուստների 80%-ը: Աջակցությամբ հատուկ ուշադրության կարժանանան մարզային տնտեսվարողները, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները, երիտասարդ ձեռներեցները եւ սկսնակ ձեռնարկությունները:

Երաշխիքը տրամադրվում է «ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության» նախաձեռնության ներքո, որն իրականացվում է Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Վերջինը ԵՆԲ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի համատեղ ծրագիրն է, որի նպատակն է բարձրացնել ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը:

Երաշխիքային գործողությունը նաեւ նպաստում է Արեւելյան գործընկերության համար Եվրոպական միության տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակներում կայուն տնտեսական վերականգնմանը, որի նպատակն է օգնել Վրաստանի 80,000 ՓՄՁ-ներին:

«Վրաստանի առաջատար բանկերից մեկի՝ TBC Bank-ի կողմից իրականացվող այս երաշխիքային գործիքը կնպաստի թերսպասարկվող ՓՄՁների համար ֆինանսավորման հասանելիությանը եւ կմեծացնի նրանց ներդրումը տնտեսության մեջ։ Ձեռնարկությունների աճին եւ վրացական տնտեսության դիվերսիֆիկացմանն աջակցելը հատկապես կարեւոր է, քանի որ երկիրը վերջերս է ստացել ԵՄ թեկնածուի կարգավիճակ»,- ասել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Վրաստանում Բանկի գործունեության համար։

Վրաստանում մեկնարկել է «Մելիորա 2024» պատասխանատու բիզնեսի մրցանակի համար հայտերի ընդունումը

Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը (CSRDG) մեկնարկել է ԵՄ աջակցությամբ ամենամյա «Մելիորա» պատասխանատու բիզնեսի մրցանակի համար հայտերի ընդունումը։

CSRDG-ն փնտրում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) ցուցաբերող ընկերությունների, որոնք իրենց նախաձեռնությունների միջոցով ակտիվորեն լուծում են տարբեր խնդիրներ։

Այս տարի մրցույթն անցկացվում է «Civil Society STAR Initiative»-ի շրջանակում, որին աջակցում են Եվրոպական միությունը եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը՝ բազմաթիվ միջազգային եւ տեղական փորձագիտական կազմակերպությունների, բիզնես հարթակների եւ պետական կառույցների հետ համագործակցությամբ։

Եթե ձեր բիզնեսն իրականացնում է հանրության եւ շրջակա միջավայրի համար օգտակար նախաձեռնություններ, դիմեք մինչեւ 2024 թվականի փետրվարի 20-ը:

Եռամսյա աշխատանքային պրակտիկայի հնարավորություն ԵՄ թմրամիջոցների գործակալության լիսաբոնյան գրասենյակում Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդների համար

Թմրամիջոցների եւ թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնն (ԹԹՄԵԿ/EMCDDA) Արեւելյան գործընկերության երկրների՝ թմրամիջոցների մոնիտորինգով հետաքրքրված երիտասարդներին հրավիրում է դիմել եւ եռամսյա աշխատանքային պրակտիկա անցնել Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում գտնվող իր գրասենյակում։

ԹԹՄԵԿ-ը Եվրոպական միության ապակենտրոնացված գործակալություններից մեկն է: Այն հիմնադրվել է 1993 թվականին եւ հանդիսանում է Եվրոպայում թմրամիջոցների եւ թմրամոլության վերաբերյալ համապարփակ տեղեկատվության կենտրոնական աղբյուրը:

Պրակտիկանտը կկցագրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Reitox-ի ու արտաքին գործընկերների ստորաբաժանման շրջանակներում միջազգային համագործակցության հատվածի կողմից համակարգվող «EU4Monitoring Drugs II» ծրագրին (EU4MD II)։ Ծրագիրն օգնում է Եվրոպական միության հարեւան երկրներին մշտադիտարկել թմրամիջոցների խնդիրը:

Պրակտիկանտը կմշտադիտարկի, կվերլուծի եւ կկազմի Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) տարածաշրջանում թմրամիջոցների առցանց շուկաների (ներառյալ ստվերային ցանցերը) վերաբերյալ թարմ հրապարակումներ, կնպաստի ԵՀՔ տարածաշրջանում առողջապահական միջոցառումների մոնիտորինգին, կօգնի «EU4MD II» ծրագրի միջոցառումների կազմակերպմանը եւ կկատարի այլ առաջադրանքներ:

Դիմել կարող են Արեւելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Պրակտիկանտները կստանան ամսական 1,330 եվրո դրամաշնորհ: Աշխատանքի վայրը կլինի Լիսաբոնը (Պորտուգալիա), որտեղ տեղակայված է ԹԹՄԵԿ-ի կենտրոնակայանը։ ԹԹՄԵԿ-ը կհոգա աշխատանքային պրակտիկայի սկզբում եւ վերջում կատարված ճանապարհածախսը:

Դիմորդը պետք է ունենա համալսարանական դիպլոմ կամ համարժեք ավարտական վկայական քրեագիտության, ինչպես նաեւ սոցիալական եւ հումանիտար գիտությունների կամ հարակից բնագավառներում, անգլերեն լեզվով գիտական հոդվածներ գրելու հմտություններ եւ գիտելիքներ, ինչպես նաեւ թմրամիջոցների քաղաքականության կամ մոնիտորինգի հետ կապված ոլորտներում ցուցաբերած հետաքրքրություն։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 12-ն է։

Մեկնարկել է Եվրոպական ժառանգության օրերի վերաբերյալ հոդվածների մրցույթ

Մեկնարկել է Եվրոպական ժառանգության օրերի վերաբերյալ հոդվածների մրցույթը, որը տեղական համայնքների համար իրենց ժառանգության գանձերով եվրոպական այլ համայնքների հետ կիսվելու հնարավորություն է։ Մրցույթը բաց է մինչեւ 2023թ. մարտի 15-ը:

Այս մրցույթը դրամաշնորհների տրամադրման մրցութային նախաձեռնություն է, որը կազմակերպվում է Եվրոպայի ժողովուրդների կողմից առավել լայնորեն նշվող մշակութային միջոցառման՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում։ Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության համատեղ գործողություն է: Միջոցառման նպատակն է խրախուսել մարդկանց հաղորդակից լինել Եվրոպայի մշակութային ժառանգությանը, ամրապնդել եվրոպական ընդհանուր տարածքին պատկանելության զգացումը եւ կիսվել պատկերացումներով, թե ինչպես է տեղական ժառանգության եվրոպական հարթությունն ըմբռնվում ողջ Եվրոպայում:

Մրցույթը բաց է մասնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի Եվրոպական ժառանգության օրերի համայնքների, Եվրոպական ժառանգության նշան ունեցող վայրերի եւ Մշակութային ժառանգության ԵՄ մրցանակի/Եվրոպա Նոստրա մրցանակի դափնեկիրների (որոնք վերջին անգամ չորս տարվա՝ 2020-2023թթ. ընթացքում ԵԺՕ են անցկացրել) համար: Ակնկալվում է նաեւ, որ դիմորդները 2024 թվականին կկազմակերպեն ԵԺՕ:

Մինչեւ 10,000 եվրո դրամաշնորհ ստանալու մրցութային ընթացակարգին դիմելու իրավասություն ստանալու համար ձեր հոդվածի հետ մեկտեղ կարող եք ներկայացնել նաեւ ծրագրային առաջարկ։ Յուրաքանչյուր համայնքի համար կարող է ներկայացվել առավելագույնը մեկ ծրագրային առաջարկ:

Ձեր հոդվածը՝ անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով, կարող եք ներկայացնել առցանց դիմումի ձեւի միջոցով, որը հասանելի կլինի մինչեւ 2024 թվականի մարտի 15-ը:

Եվրոպական կրթական հիմնադրամը մեկնարկել է Կանաչ հմտությունների մրցանակ 2024-ի համար դիմումների ընդունումը

Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) հայտարարում է հայտամրցույթ կանաչ անցման գործում հմտությունների դերի առաջավոր փորձի օրինակների «Կանաչ հմտությունների մրցանակ 2024»-ի համար։ Մրցույթը բաց է Արեւելյան գործընկերության երկրների համար:

ԵԿՀ-ի նպատակն է հավաքել ոգեշնչող եւ նորարարական գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող են ամբողջ աշխարհից կրթության եւ զբաղվածության ոլորտի քաղաքականություն մշակողները եւ պրակտիկ մասնագետները նպաստել ավելի կանաչ եւ արդար տնտեսությունների եւ հասարակությունների զարգացմանը:

Հիմնադրամը փնտրում է պատմություններ՝

  • ձեռնարկություններից, որոնք ներդնում են նորագույն կանաչ տեխնոլոգիաներ եւ արտադրական գործընթացներ եւ զարգացնում են իրենց անձնակազմի հմտությունները դրանք կիրառելու համար,
  • ուսուցում եւ վերապատրաստում տրամադրողներից, որոնք դասավանդողներին եւ դասընթացավարներին զինում են բնապահպանական խնդիրների եւ կանաչ տեխնոլոգիաների վերաբերյալ արդի գիտելիքներով,
  • ոլորտներից եւ ճյուղերից, որոնք սահմանում են ուսուցման չափորոշիչներ եւ/կամ նախաձեռնում են ոլորտի համար կանաչ հմտություններ զարգացնելուն ուղղված վերապատրաստման դասընթացներ,
  • պետական եւ մասնավոր հաստատություններից, որոնք մշակում են բնապահպանական իրազեկման ծրագրեր՝ համաձայնեցված տարբեր նախարարությունների եւ պետական մարմինների հետ, 
  • զբաղվածության պետական ծառայություններից, որոնք համապատասխանեցնում են աշխատատեղերը վերապատրաստման տրամադրմանը եւ կանաչ բիզնեսի հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացմանը,
  • պետական եւ մասնավոր հատվածի միջեւ հօգուտ կանաչ զարգացման համագործակցության դեպքերից.
  • եւ այլն։

Եզրափակիչ փուլ հասած տասը մասնակիցները կներկայացվեն ԵԿՀ-ի եւ նրա միջազգային գործընկերների հրապարակումներում եւ առցանց հաղորդագրություններում՝ առավելագույնի հասցնելով յուրաքանչյուր նախաձեռնության տեսանելիությունն ու դրական ազդեցությունը: ԵԿՀ-ը նաեւ կարտադրի կարճամետրաժ ֆիլմեր՝ օգնելով եզրափակիչ փուլի մասնակիցների պատմությունները հասու դարձնել ամբողջ աշխարհում նոր լսարանի համար։

Եզրափակիչ փուլի մասնակիցներից ընտրված երեք հաղթողները կստանան «Կանաչ հմտությունների մրցանակ 2024» մրցանակը:

Հաղթողները եւ եզրափակիչ փուլի մասնակիցները կարող են հրավիրվել՝ մասնակցելու մրցանակաբաշխությանը (վայրը եւ ամսաթիվը կհաղորդվեն ավելի ուշ):

Դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց դիմումի ձեւը անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն կամ ուկրաիներեն լեզուներով եւ ներկայացնել մինչեւ փետրվարի 29-ը:

Radio NOR · Մեկնարկել է Եվրոպական ժառանգության օրերի վերաբերյալ հոդվածների մրցույթ

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։