Հայ վիրաբույժը ղեկավարել է երկու ձեռքի եւ ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը

Հայ վիրաբույժը ղեկավարել է երկու ձեռքի եւ ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը

Լիոնում անցկացվել է երկու ձեռքի եւ ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը: Իսլանդացի պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում դժբախտ պատահարի հետեւանքով: Վիրահատությունը ղեկավարել է հայ վիրաբույժ Արամ Ղազարյանը:

Ինչպես պատմում է The Guardian-ը, 48-ամյա Ֆելիքս Գրետարսոնը 1998 թվականին աշխատել է որպես էլեկտրիկ, եւ աշխատանքի ժամանակ նա լուրջ այրվածք է ստացել, որի պատճառով կորցրել է երկու ձեռքը, բազմաթիվ կոտրվածքներ եւ ներքին վնասվածքներ ստացել: 3 ամիս նա կոմայի մեջ է եղել, մի քանի վիրահատության ենթարկվել, այդ թվում ՝ լյարդի փոխպատվաստման:

Այդ պահից ի վեր նա երազել է ձեռքերի փոխպատվաստման մասին, սակայն մի քանի տարի է պահանջվել հարմար դոնորական ձեռքեր  գտնելու համար:

Վիրահատությանը ներգրավվել է ավելի քան 50 բուժաշխատող: Արամ Ղազարյանի ղեկավարած վիրահատությունը հաջող է անցել:Վիրահատության ժամանակ թիմը ոչ միայն փոխպատվաստել է ձեռքերը, այլ նաեւ լիարժեք վերականգնել է ձախ ուսը:

Այժմ պացիենտը վերականգնվում է վիրահատությունից հետո: Դեռ դժվար է ասել, թե որքան շարժունակություն կվերականգնվի, սակայն հայտնի է, որ անցած 9 օրերի ընթացքում պացիենտի մոտ ոչ մի բարդացում չի եղել: