«Կանանց առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացման ապահովում և աջակցում» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումն անցկացվեց Ախալքալաքի «Մեծահասակների զարգացման կենտրոնում»։
«Ջեներեյշն այս» կազմակերպության նախագահ Մարի Միկոյանը և «Քաղաքացիական իրավահավասարության հարթակ» կազմակերպության նախագահ Սամիրա Իսմայիլովան հանդիպեցին Ախալքալաքում բնակվող կանանց, ներկայացրին նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, պատասխանեցին կանանց հարցերին։
Նրանք հայտարարեցին, որ հավանաբար ապրիլի երկրորդ կեսին Ախալքալաք կժամանի մամոմոբիլը` 7-8 բժիշկ-մասնագետից բաղկացած, այդ թվում գինեկոլոգներ, մամոլոգներ, էնդոկրինոլոգներ, որոնք պետական սքրինինգ ծրագրով կանցկացնեն Վրաստանի քաղաքացիներին հատկացված կրծքագեղծի, արգանդի վզիկի, հաստ աղիքի և շագանակագեղձի անվճար հետազոտություններ։
«Այսօր Ախալքալաքում առաջին տեղեկատվական հանդիպումն ունեցանք այս նախագծի շրջանակներում, կանանց բացատրեցինք, թե ինչ ծառայություն կարող ենք իրենց առաջարկել տեղում` պետական սքրինինգ ծրագրով։ Սա, սակայն, մունիցիպալիտետում միակ հանդիպումը չի լինի, հանդիպելու ենք նաև Վաչիանի և Կարտիկամի բնակիչներին, նրանց ևս նախագծի վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու համար», — ասաց Մարի Միկոյանը։
Միկոյանի խոսքով, Ախալքալաքում նման նախագծով առաջին անգամ են հանդես գալու, մինչ այդ իրականացրել են որոշ ծրագրեր, բայց կանանց ռեպրոդուկցիոն առողջության վերաբերյալ նման նախագիծն առաջինն է։
«Իմ գործընկեր կազմակերպությունն ունի այս թեմայով աշխատելու փորձ Քվեմո Քարթլիում, և տեսնելով, թե ինչքան է կարևոր, որ այս ծառայությունն իրականացվի էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված մարզերում, որոշեցինք նախագիծը հասցնել Սամցխե-Ջավախեթի», — ասաց նա։
Տարիքային շեմը և հետազոտությունների ցանկը հետևյալն է․
Հանդիպումն անցկացվել է «Միասնությունը բազմերանգության մեջ է» USAID ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ։ Aliq.ge