Շատ ընտանիքներ երկար տարիներ պայքարում են երեխաներ ունենալու համար։ Բազմաթիվ, տարաբնույթ բուժումներ անցնելով և բոլոր հնարավոր ու անհնար մեթոդները փորձարկելով՝ նրանք դիմում են ԱԲ-ին (Արտամարմնային բեղմնավորում), որի պրոցեդուրան շատ թանկ արժե։ Ախալքալաքի ՏԻՄ-ը վերջերս մտածում էր ԱԲ-ի ֆինանսավորումը մունիցիպալիտետի սոցիալական փաթեթում ներառելու մասին, սակայն մինչ օրս իրականացնել այդ գաղափարը չի հաջողվում։ Հաղորդում է Ջավախքի լրատվական կենտրոնը.
Չնայած ԱԲ-ի (Արտամարմնային բեղմնավորումը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիա է, որը կիրառվում է անպտղության բուժման և գեստացիոն փոխնակ մայրության (սուրոգատ մայրություն) համար, որի դեպքում բեղմնավորված ձվաբջիջը փոխադրվում է փոխնակ մոր արգանդ, իսկ ծնված երեխան գենետիկ որևէ կապ չի ունենում փոխնակ մոր հետ) ընթացակարգի նկատմամբ հակասական վերաբերմունքին, շատ զույգերի համար այս մեթոդը երեխա ունենալու վերջին հույսն է: Շատ ընտանիքների համար այս թանկարժեք պրոցեդուրան արժենում է մի քանի անգամ ավելի, քանի որ այն հարկավոր է լինում կրկնել մի քանի անգամ։ Բեղմնավորման պրոցեդուրան անցնելու համար Ախալքալաքի բնակիչները մեկնում են Հայաստան և Թբիլիսի։ Հայաստանում միայն ԱԲ-ն արժե սկսած 2 մլն դրամից (13 000 լարի), իսկ անալիզները՝ 300 000 դրամից (մոտ 2000 լարի)։ Թբիլիսիում ԱԲ-ն կարող է արժենալ 8 000 լարիից մինչև 16 000 լարի, իսկ անալիզները սկսվում են 1 000 լարիից։
2023 թվականի վերջին Ախալքալաքի քաղաքապետարանը ցանկացել է համաֆինանսավորել ԱԲ-ն Ախալքալաքի շրջանի այն ընտանիքների համար, ովքեր գրանցված են եղել Ռեգիստրում առնվազն մեկ տարի առաջ և երեխաներ չունեն։ Պատգամավորները նույնիսկ հաստատել են մի բանաձև, ըստ որի՝ Ախալքալաքի քաղաքապետարանը կարող է համաֆինանսավորել ԱԲ-ը։ Թեև 2024 թվականին այս կետը չի ներառվել սոցիալական փաթեթում։
Քաղաքապետարանի աշխատակազմին առընթեր Առողջապահության և սոցիալական աջակցության վարչության պետ Անահիտ Յորդանյանի խոսքով՝ այս ծախսերը պետք է ներառվեին բյուջեի կետում՝ «Հետազոտություն» բաժնում, սակայն խնդիր էր առաջացել:
«ԱԲ-ի պրոցեդուրան կապված է հետազոտության ծախսերի հետ, մենք ուզում էինք այդ ծախսերը ֆինանսավորել բյուջեի կետից ելնելով: Բանն այն է, որ պետությունը չի ֆինանսավորում ԱԲ-ի պրոցեդուրան, քանի որ դա վճարովի ծառայություն է: ԱԲ պրոցեդուրան ներառում է՝ հետազոտություն, բուժում, նույնիսկ առանձին վիրահատություններ կան: Բյուջեում այդքան գումար չկար, ուստի դեռ չենք կարողացել 2024 թվականի բյուջե մտցնել: Հաջորդ տարի տեսնենք»,- ասաց նա։