Քովիդը մարդու ուղեղից մինչև 20 տարվա կյանք է խլում

Քովիդը մարդու ուղեղից մինչև 20 տարվա կյանք է խլում

Գիտնականները պարզել են, որ Քովիդը մարդու ուղեղից մինչև 20 տարվա կյանք է խլում։ Որոշ հիվանդների համար վարակի հետևանքները   գանգուղեղի լուրջ վնասվածք են հիշեցնում: Սրա վերաբերյալ  հետազոտություն է հրապարակվել  News-Medical ամսագրում։

Դեռևս համավարակի առաջին տարիներին բժիշկները ուշադրություն էին դարձրել  «ուղեղի մշուշի»՝  հոգնածության, հիշողության և կենտրոնացման հետ կապված մի շարք խնդիրների, վրա: 2022 թվականին կատարված ուսումնասիրության համաձայն, Քովիդով վարակված հիվանդների 46%-ը բողոքում է այս խնդրից։ Լիվերպուլի համալսարանի Ինֆեկցիոն նյարդակենսաբանության լաբորատորիայի տնօրեն Բենեդիկտ Մայքլի գլխավորած գիտնականների թիմը հետազոտություն է անցկացրել այն հիվանդների շրջանում, որոնք մեկ տարի առաջ ապաքինվել են կորոնավիրուսից։

Մասնակիցները ճանաչողական ունակությունների թեստ են հանձնել, կատարվել է արյան նմուշառում և ուղեղի սկանավորում: Ինչպես պարզել են գիտնականները, ուղեղի որոշ հատվածներ, որոնք կապված են ուշադրության հետ, ծավալով  նվազել են, իսկ մի շարք բիոմարկերների հիման վրա կարելի էր անգամ գլխուղեղի վնասվածք ախտորոշել: Քովիդով հիվանդանալուց հետո ուղեղը, կարծես,  միանգամից 20 տարով ծերացել էր։

Հետազոտողները դեռևս չեն պարզել՝ արդյո՞ք,  «ուղեղի մշուշը» ընդմիշտ ուղեկցելու է ապաքինվածին, թե՞ վարակի հետևանքները շրջելի են։ Ըստ նյարդահոգեբան Կարլա Լ. Ջոնսոնի, իրենց աշխատանքի կարևորագույն արդյունքներից մեկն այն ապացույցներն են, որ «մշուշն» իրական է, և դրա վերաբերյալ բողոքները հորինվածք չեն: Մեկ այլ հետազոտության համաձայն, շատ հիվանդներ դժվարանում էին բժիշկներին համոզել ֆիզիկական ինչ-որ հիվանդության գոյությունը, որը նրանք չէին կարողանում ճշգրիտ նկարագրել: