Ծխելու երկարաժամկետ ազդեցությունն իմունային համակարգի վրա

Ծխելու երկարաժամկետ ազդեցությունն իմունային համակարգի վրա

Ծխախոտն այնքան վնասակար է օրգանիզմի համար, որ փոխում է մարդու իմունային համակարգը՝ խոցելի դարձնելով նոր հիվանդությունների և վարակների նկատմամբ նույնիսկ ծխելը թողնելուց տարիներ անց, ցույց է տվել նոր հետազոտությունը, գրում է Nature-ը։

Հետազոտությունները ցույց են տալիս, թե ինչպես է ծխելը նվազեցնում մարմնի կարողությունը՝ ինչպես անմիջապես, այնպես էլ ժամանակի ընթացքում պայքարելու վարակների դեմ, ինչպես նաև կարող է մարդուն ռիսկի ենթարկել՝ բորբոքման հետ կապված քրոնիկ հիվանդությունների, ինչպես ռևմատոիդ արթրիտը և գայլախտը:

«Թողեք ծխելը որքան հնարավոր է շուտ», – նախազգուշացրել է հետազոտության համահեղինակ, Փարիզի Պաստերի ինստիտուտի հաշվողական կենսաբան, դոկտոր Վիոլեն Սեն-Անդրեն:

Գիտնականներն ուսումնասիրել են 20-ից 69 տարեկան 1000 առողջ մարդկանց խմբի արյան նմուշները: Խումբը հավասարապես բաժանված էր տղամարդկանց և կանանց միջև։ Գիտնականները ցանկանում էին տեսնել, թե ինչպես են 136 փոփոխականները, այդ թվում՝ ապրելակերպը, սոցիալ-տնտեսական խնդիրները և ուտելու սովորությունները, բացի տարիքից, սեռից և գենետիկայից, ազդում իմունային պատասխանի վրա: Նրանք արյան նմուշները ենթարկեցին սովորական մանրէների, ինչպիսիք են E. coli բակտերիաները և գրիպի վիրուսը, և չափել են իմունային պատասխանը:

Ծխելը, մարմնի զանգվածի ինդեքսը և թաքնված հերպեսի վիրուսով վարակվածությունն ունեցել են ամենամեծ ազդեցությունը, ընդ որում՝ ամենամեծ փոփոխություններն առաջացրել է ծխելը: Սա գրեթե նույն ազդեցությունն է ունեցել  իմունային պատասխանի վրա, ինչ կարևոր գործոնները, ինչպիսիք են տարիքը կամ սեռը: